Բա չիմանա՞նք ինչու 

Բա չիմանա՞նք ինչու 

«Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ» ,- քոռանամ ես, իր ֆեյսբուքյան էջում գրել է Վլադիմիր Կարապետյանը: Իսկ պատճա՞ռը: Բայց ի՞նչ անաղուհաց մարդ է այդ վարչապետ Փաշինյանը: Ուրեմն, էն սարի անունն ի՞նչ էր, հա Արտանիշ, ուրեմն մի անգամ Արտանիշից իջավ, տեսավ՝ Կարապետյան Վալոդն իր համար «հավեսով ու նվիրումով» աշխատում է, վերցրեց ու ազատեց աշխատանքից: Այսպե՞ս:

Էն որ թերթերը ահագին ժամանակ գրում էին, որ վարչապետը դժգոհ է խոսնակից, էն հեչ: Մեր թերթերը բոլորի մասին էլ այդպիսի հերթապահ բաներ գրում են, որ հետո գլուխ գովեն՝ բա որ ասում էի՞նք… Իսկ ի՞նչ էիք ասում: Ցույց տվեք մի թերթ, որ սևով սպիտակի վրա գրել է, թե ինչու էր վարչապետ Փաշինյանը դժգոհ իր խոսնակից: Ընդհակառակը, սիրով բերեց իր մոտ, անունն էլ, որ Պեսկովին հավասար լինի, դրեց «մամուլի քարտուղար»… Պեսկով ասի՝ հիշեցի: Մի երկու թերթ գրել էր, թե վարչապետի դժգոհությունն, իբր, գալիս է մի վրացի լրագրողի գաղտնի «ակրեդիտացիայից», որից օգտվելով, այդ լրագրողը Երևանում անհամ հարց էր տվել Պուտինին: Ախպոր պես, լավ էլի, Երևանում գտնվող Պուտինի հետ Փաշինյանն իրեն այնքան անհամ էր պահում, որ Կարապետյանի այդ անհամությունը չերևաց էլ…

Եվ ուրեմն՝ ուշադիր լսեք: Թեկուզ ինձ բռնեն էլ, պիտի ասեմ, որ Վլադիմիր Կարապետյանին աշխատանքից վռնդել են Սերժ Սարգսյանի և նրա ընտանիքի որոշ անդամների հասցեին ամբախ-զամբախ բաներ դուրս տալու պատճառով: Էս Կարապետյան Վալոդը, ուրեմն, մի առիթով հայտարարել էր. «Այո… կներեք, էլի, Սերժի ռեժիմին երեւի Դուք եք կարոտում։ Էդ հանցագործը, որի մի ախպերը 30 միլիոն ա վերադարձրել, մի ախպերը թռած ա, մի ախպոր տղեն փախած ա, էն մեկը 6 միլիոն հետ ա վերադարձրել… ձեր Սերժն էդ ա։ Հերիք ա, էլի, էդ Սերժի անունը տաք»: Այսօր բարոյականության մասին մեր ունեցած պատկերացումներն այնքան են խախտված, որ կարող եք հարցնել՝ իսկ դրա մեջ ի՞նչ կա, որ: Առանձնապես ոչինչ: Ոչինչ էլ չկա, պարզապես վարչապետի խոսնակը, շլացած միլիոնավոր դրամներով աշխատավարձից ու պարգևատրություններից, իրեն թույլ է տալիս դատավոր լինել մի ամբողջ ընտանիքի գլխին ու բոլորին հանցագործ հռչակել: Սա է, որ չի ներվել Կարապետյանին:

Այս պահին մնում է պարզել երեք բան՝ Կարապետյանն իր դիմումի համաձա՞յն է հեռացել, Փաշինյա՞նն է նրան հեռացրել, թե՞ Սերժն է ասել՝ դրան այլևս չտեսնեմ կառավարությունում: Վոլոդյան, ինչպես տեսանք, չի ուզում ոչինչ ասել: Եթե սպասենք Փաշինյանի մեկնաբանությանը, ապա կարծում եմ՝ աչքներս ջուր կկտրի: Մնում է Սերժի արձագանքը, բայց նա էլ սովորել է քիչ խոսել և շատ գործ անել: Իսկ գուցե Միքայել Մինասյանի հերթական հոդվա՞ծը հավելյալ լույս կսփռի այս պատմության վրա: