Ֆեդերիկո Ֆալկո. Փղերը

Ֆեդերիկո Ֆալկո. Փղերը

Արգենտինացի գրող, վիդեո արտիստ Ֆեդերիկո Ֆալկոն ծնվել է 1977 թվականին: Ավարտել է Բլաս Պասկալի համալսարանը: 2002թ․-ին, Լուչիանո Լամբերտիի եւ Ինես Ռիալի հետ միասին հիմնել է «Ֆե դե Ռատա» (Fe de Rata) թվային գրական ամսագիրը: Հրատարակել է «222 բադիկ» (2004), «00» (2004) եւ «Կապիկների ժամանակը» (2010) պատմվածքների ժողովածուները եւ պոեզիայի երկու գիրք՝ «Օդանավակայաններ, ինքնաթիռներ» (2006) եւ «Պատրաստված է Չինաստանում» (2008): Ստեղծագործությունները ներառվել են գրական տարբեր անթոլոգիաներում: Կորդոբայի Բլաս Պասկալ համալսարանի՝ կինոյի, գրականության եւ ժամանակակից արվեստի ամբիոնի դասախոս է: 

Կրկեսը ժամանեց եւ վրան խփեց երկաթգծի տարածքում, կայարանին մոտ: Այն հավաքելու համար երեք օր պահանջվեց: Անմիջապես մեծ շրջան գծեցին գետնին եւ հարթեցրին․ դա կլինի բեմահարթակը: Այնուհետեւ արկղերը, սայլերը, առյուծների եւ վագրերի վանդակները տեղավորեցին այդ շրջանագծի շուրջբոլորը, բավականաչափ հեռավորության վրա: Երկրորդ օրը, ամբողջ առավոտ հենասյուներն էին մխում: Գյուղը լցվեց մուրճի աղմուկով: Օրվա երկրորդ կեսին բարձրացրին կայմը: Տղամարդիկ բռնեցին հաստ ճոպանը եւ քաշեցին՝ ռիթմով գոռալով: Նրանց հրահանգում էր բլուզով մի տարեց տղամարդ: Կենտրոնական մասը բարձրացրին, մինչեւ որ առագաստի պես ձգվեց:

Վերջին օրը կայմը ծածկեցին պարուսինե կտորով, եւ վրանն ավարտուն տեսք ստացավ:

Այդ ընթացքում փոքրամարմին կանայք, որոնք օդային պտույտներ պիտի անեին ներկայացման ժամանակ, իրենց անվավոր տնակների կողքին ամսագրեր էին կարդում եւ հագուստ էին փռում ծառերի ճյուղերին: Հեռվում կարելի էր տեսնել «ռետինե» մարդուն, որ պառկած էր իր կացարանի տանիքում, արեւայրուք էր ընդունում միայն վարտիքով, եւ աճպարարին, որ փայլեցնում էր մի հսկայական ապակյա տուփ:

Գյուղի բնակիչները տներում փակեցին շներին եւ կատուներին, ասում էին, թե կրկեսի մարդիկ ընդունակ են գողանալու նրանց՝ կրկեսի կենդանիներին կերակրելու համար: Մայրերը թույլ չէին տալիս իրենց երեխաներին մոտենալ տափարակին՝ վախենալով, որ նրանց կառեւանգեն, եւ կամ կրկեսի հեռանալուց կվերածվեն լարախաղացների կամ ձեռնածուների: Նաեւ` շատերը փախչում էին դպրոցից՝ տեսնելու, թե ինչպես են կերակրում առյուծներին, եւ մնում  էին կանգնած՝ փողոցից նայելով կրկեսային անցուդարձին: Կային կապիկներ, որոնք լվերից քորվում էին: Ցատկորդ շներ կային, որ հեւիհեւ վազում էին մի մարդու հետեւից, ով նրանց թխուկներ էր նետում: Երկու սպիտակ ձի կար. մեկը՝ երկար, հատակին հասնող պոչով: Եվ մի փիղ կար: Մոխրագույն: Գեղեցիկ: Հսկայամարմին: Քիչ տխուր:

Առաջին ներկայացումը լեփլեցուն դահլիճում անցավ: Գյուղացիները պատմում էին իրենց տեսած հրաշալիքներից. փամփուշտ տղամարդը, մարդկային բուրգը, կինը, որ սլանում էր ձիերի վրա, եւ կրակ էր ժայթքում բերանից, կենդանի վարժեցնողը եւ առյուծները, մի փոքրիկ վագր, որի գլխին գլխարկ էին դրել, եւ ծաղրածուների հետ էր ներկայանում: Նրանք, ովքեր ներկա չեղան, անհամբերությամբ սպասում էին հաջորդ հանգստյան օրերին: Նրանք, ովքեր ներկա էին եղել, քայլում էին հպարտությունից փքված:

Կրկեսի տերը մի որդի ուներ, նրան ուղարկեց դպրոց՝ դասերին մասնակցելու, քանի դեռ կրկեսը գյուղում էր: Վեցերորդ դասարանում էր սովորում: Համադասարանցիները շրջապատեցին տղային՝ սպասումով, որ կպատմի հազարավոր արկածներից, որովհետեւ կարծում էին, որ կրկեսային կյանքն արտասովոր պետք է լինի, բայց նա հրաժարվեց խոսել այդ մասին: Ինքնամփոփ տղա էր, դաժան, անողոք աչքերով։ Ատում էր, երբ իրեն նայում էին իբրեւ արտառոց մի երեւույթի։ Դասամիջոցներին դուրս չէր գալիս, մնում էր իր նստարանին նստած՝ հայացքը պատուհանից դուրս՝ փողոցին։ Ելքի մոտ նրան դիմավորում էին երկու բարձրախոսներով բեռնված rastrojero-ով¹, որով հայտարարում էին առաջիկա ներկայացումները: Մեքենայի մոտենալուն զուգընթաց, որքան ծաղրածուի ձայնագրված ձայնն ավելի բարձր էր բղավում բարձրախոսից, տղան այնքան ավելի էր կարմրում: Մնում էր միայն ձգել ու իջեցնել դրոշը: 

Մի օր դասընկերներից մեկը՝ մի աղջիկ, զանգը տալուց առաջ վազելով մտավ դասարան եւ արագ համբուրեց նրա շուրթերը։ Հետո աղջիկը փորձեց փախչել, բայց տղան բռնեց նրա մազերից ու ստիպեց մի համբույր էլ տալ։ Տղան լայն բացեց բերանը, ասես պատրաստվում էր կուլ տալ նրան, ու հուպ տվեց լեզվով այնքան, մինչեւ աղջկա շրթունքները հնազանդվեցին։ Լեզուն մտցրեց նրա բերանն ու թողեց այնտեղ` վարդագույնի մեջ, անանուխի մի ծամոն՝ արդեն անհամ ու գույնը գցած։ Երբ դասարանի մյուս աշակերտները ներս մտան, աղջիկը լացում էր՝ նստարանին նստած, ոտքերը շատ կիպ իրար սեղմած եւ գոգնոցը ծնկներին քաշած։ Կրկեսի տղան շարունակում էր պատուհանից դուրս նայել։  

Շուտով շշուկներ տարածվեցին ցածր դասարանցիների շրջանում: Ասում էին` կրկեսի տղան իր հետ սովորող աղջիկներից մեկին քարշ է տվել բակ` բաղեղների տակ ձեւավորված խորշը, եւ ստիպել է նրան մերկանալ: Հավաստիացնում էին, որ նրանք միասին կեղտոտել էին:

Տնօրենը լուրջ չընդունեց շշուկները, այնուամենայնիվ, կրկեսի տղային կանչեց իր աշխատասենյակ, ծավալուն հարցազրույց ունեցան: Նա հարցրեց տղային, թե ինչպես է իրեն զգում նոր դպրոցում, եւ արդյո՞ք կարծում է, որ լավ է ինտեգրվում խմբի մյուս մասի հետ: Կրկեսի տղան համարյա չխոսեց:

Մի օր, առանց նախազգուշացման, հանգստյան օրերին գրանցած հաջողություններից հետո, կրկեսը հեռացավ, եւ տղան չվերադարձավ դպրոց: Այն տափարակը, որի վրա վրանը հաստատվել էր, լուսաբացը դիմավորեց հարթ եւ դատարկ: Միայն մի անկյունի վրա կանգնած էր փիղը՝ հսկա եւ տխուր, ոտքի վրա եղած կապանքով եւ շղթայով, որ գամում էր նրան սյանը:  

Ոստիկանությունը հետաքննություն սկսեց: Ասացին, որ կրկեսը կենդանու թղթաբանությունը չէր օրինականացրել, եւ այդ պատճառով նրան թողել էին: Եկավ անասնաբույժը եւ զննեց փղին:

- Այս կենդանին շատ հիվանդ է,- ասաց նա:- Մի ոտքով մահվան դուռն է:

Բոլորը շատ տխրեցին:

- Ոչինչ հնարավո՞ր չէ անել: Արդյոք նրան փրկելու հնարավորություն չկա՞,- հարցրին:

Անասնաբույժը պատասխանեց՝ ոչ, եւ՝ որ մնում է միայն սպասել: 

- Ի՞նչ ենք անելու մեռած փղի հետ,- հարցրին:

- Գաղափար չունեմ,- ասաց անասնաբույժը:

Այդ ընթացքում տղաները շրջապատել էին փղին եւ վազում էին նրա ոտքերի արանքով: Մրցույթը կենդանու որովայնի տակով անցնելն էր՝ առանց նրա կողմից նկատվելու: Ավելի ուշ նրանք կախվել էին փղի պոչից, եւ մեկը՝ ամենահանդուգնը, բարձրացավ նրա մեջքին: Որոշ ժամանակ այնտեղից ողջույններ հղելուց հետո ցած իջավ՝ ո՛չ հաղթանակած եւ ո՛չ պարտված: Փիղը, երկաթուղային ճանապարհի մեջտեղում կանգնած, հազիվ ականջներն էր շարժում` ճանճերին քշելու համար: Չէր ուտում: Կնճիթն աջ էր ընկել եւ քսվում էր գետնին: Աչքերը ծույլ էին ու կիսափակ:

Երկու օր անց նա մեռավ:

Ոչ ոք չգիտեր՝ ինչ անել մեռած փղի հետ: Նրանք կտրեցին երկաթե կապանքը, որը կապում էր շղթան ոտքին, եւ փղին ազատ արձակեցին: Բուլդոզերով եւ տղամարդկանց օգնությամբ փղին դրեցին համայնքային բեռնատարի վրա եւ տարան աղբանոց: Թողեցին այնտեղ:

Տղաներից մի քանիսը որոշ ժամանակ դեռ գնում էին փղի վրա խաղալու: Մի օր դադարեցին գնալ: Հոտ էր գալիս: Երբ արդեն չորացած եւ տձեւ բլուր էր, կառավարիչը հիշեց մեռած փղի մասին եւ սկսեց միջոցներ ձեռնարկել: Նա կարողացավ կմախքը վաճառել Ֆորմոսայի Բնական գիտությունների թանգարանին. լավ ներդրում էր մարզային գանձարանի համար: Երեք մասնագետ եկան ու երկու օր անցկացրին ոսկորները սպիտակեցնելով եւ դրանք փաթեթավորելով ստվարաթղթե տուփերում: Առաջադրանքի ավարտին ամեն ինչ բեռնեցին բեռնախցիկի մեջ եւ հեռացան: Թանգարանն ուներ մեծ առաջնային դահլիճ՝ մի փոքր մթոտ, բայց վեհաշուք: Փիղը յուրահատուկ գրավչություն կտար՝ այնտեղ, սրահի կենտրոնում տեղադրված:

Տարիուկես պահանջվեց այն հավաքելու համար: Օր-օրի ոսկորներն ամրացվում էին ամուր, չերեւացող երկաթի հենարանի վրա: Օգտվում էին կենսաբանության հին հանրագիտարանից եւ մանրակրկիտ ուսումնասիրում յուրաքանչյուր հատված, յուրաքանչյուր հոդ, անգամ՝ յուրաքանչյուր չնչին մանրուք: Դանդաղ՝ փիղը «կենդանանում» էր: Գրեթե ամբողջական էր, երբ նկատեցին, որ պոչից մի փոքրիկ ող է պակասում: Գրքի համաձայն՝ պետք է լինեին տասնինը, իսկ ողերի տուփում ընդամենը տասնութն էին:

Որոշ ժամանակ այն փնտրում էին մյուս տուփերում, ի վերջո «հանձնվեցին»: Իրենք իրենց համոզեցին, որ, հաստատ, մոռացվել ու մնացել է գյուղում՝ կարտոֆիլի կեղեւի, նեյլոնե տոպրակների եւ կոտրված շշերի մեջ:

Բայց այդպես չէր: Իրականում, այն աղջկա մոտ էր, ով համբուրեց կրկեսի սեփականատիրոջ որդուն: Մի ամառային երեկո, ստվերներով քողարկված, գնաց ողն աղբակույտի միջից գողանալու, կամացուկ ու զգուշավոր, որ ոչ ոք չնկատի:

Նա այն թաքցրեց գաղտնի գզրոցում, իր զգեստապահարանի ներքեւում, անձնական օրագրի հետ՝ չորացրած եւ խունացած մաստակի կողքին, վարդագույն ժապավենով փաթաթված:

Նրա հուշանվերն էր:

¹ rastrojero - արգենտինյան արտադրության փիքափ ավտոմեքենա:

 

Թարգմանությունն իսպաներենից՝ Աղավնի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ