Սեր եւ նվիրում

Սեր եւ նվիրում

Պերճ Թյուրաբյանի հետ ծանոթացա Ֆեյսբուքի միջոցով, ամիսներ առաջ: Անպայման ուզում էի զրուցել այս համեստ ու նվիրյալ արվեստագետի հետ: Երկուստեք զբաղվածության պատճառով զրույցը հետաձգվեց, գուցե հենց նրա համար, որ աշխարհի տարբեր կողմերից երկուսս ուղղվենք դեպի Տուն եւ հանդիպենք հայրենի հողի վրա:

- Երկարամյա ստեղծագործական գործունեություն, ելույթներ, ձայնագրություններ, համերգներ Երեւանում, ԱՄՆ-ում եւ այլ երկրներում: Հայ ունկնդիրը Ձեզ ճանաչում է թե´ որպես երգահան, թե´ որպես թարգմանիչ. Ժակ Բրելի, Լեո Ֆերեի, Ժորժ Բրասենսի, Շառլ Ազնավուրի երգերը Ձեր շնորհիվ հնչում են հայերեն, եւ հնարավորություն ունենք ոչ միայն վայելելու ֆրանսիական շանսոնը, այլեւ երգը հասկանալու՝ ամբողջական՝ խոսքի ու երաժշտության միասնության մեջ: Հայաստանում եք կրկին եւ նոր՝ թվով արդեն 9-րդ ձայնասկավառակն եք ներկայացնում: Ի՞նչ երգեր են ընդգրկված, ի՞նչ թեմատիկա, խորագիր ունի այս աշխատանքը:

- Նախեւառաջ ասեմ, որ ես հայտնի չեմ, համենայնդեպս, ինձ այդպիսին չեմ համարում, պարզապես կա մարդկանց մի նեղ շրջանակ, որ սիրում է այս տեսակ երգերը: Ավելի շատ «հայտնի» եմ դարձել, ի դեպ, «Ազնավուր»-ով: Անցյալ տարի տիկնոջս հետ Հայաստանում էինք, երբ Ազնավուրը մահացավ: Գնում էինք «Կինոմոսկվա»՝ սգո, հիշատակի օրերն էին: Մարդիկ մոտենում էին ինձ, ցավակցում էին, շնորհակալություն հայտնում: Պարզվեց, որ շատերը գիտեն ինձ, լսում են, ու իրենց համար կարեւոր է այն, ինչ անում եմ: Այն էլ ասեմ, որ ես Ազնավուրին սիրում եմ (շատ կարեւոր մեկն է արվեստում եւ իմ կյանքում եւս՝ մանկությունից մինչ օրս), բայց, շատերի նման, Ազնավուր լսելու ամենօրյա պահանջը չունեմ: Գիտեմ իր մեծությունը, իր կարեւորությունը: Եվ հենց այդ էր պատճառը, որ որոշեցի Ազնավուրի երգերի հայերեն մի երկրորդ սկավառակ էլ անել: Նախորդ ալբոմում՝ «Ազնավուր 85», ընտրել էի իր լավագույն եւ ամենահայտնի երգերը: Այս անգամ էլ արեցի առավելագույնը, որ հետաքրքիր երգեր ընդգրկվեն: Այս ալբոմում գուցե պոեզիան ավելի շատ է, որովհետեւ իր հին շրջանի՝ վաթսունականների երգերից կան: Հանրահայտ երգեր էլ կան, անշուշտ: Մեծ աշխատանք է տարվել վերջին ութ ամիսներին (որպեսզի հասցնեմ պատրաստել այս ալբոմը Ազնավուրի 95-ամյակի եւ մահվան տարելիցի առթիվ)` երգերի ընտրություն, թարգմանություն, գործիքավորում, երգել, ձայնագրել՝ ամենօրյա աշխատանքին զուգահեռ: Ալբոմը վերնագրված է «Ազնավուր - 95»:

- Ինչպե՞ս եք ընտրում այն երգը, որ թարգմանելու եք, ի՞նչ ճանապարհ է անցնում, մինչեւ հասնում է ունկնդրին՝ հայերեն: Թարգմանվող տողի՝ Ձեզ համար համարժեք կամ ընդունելի տարբերակների դեպքում որի՞ն եք նախապատվությունը տալիս: Կա՞ն արդյոք երգեր, որոնց վրա շատ աշխատել եք, ի վերջո՝ ինչ-ինչ պատճառներով չեն երգվել ու չեն մտել ձայնասկավառակ:

- Իմ առաջնային նպատակն այն է, որ թարգմանությունը երգվի. գիտեմ տաղաչափություն եւ գիտեմ մեղեդի ստեղծել: Սա շատ կարեւոր է, որ կարողանաս ճիշտ թարգմանել եւ ճիշտ հրամցնել երգը: Երգի ընտրության հարցում միշտ ձգտում ես ընտրել լավագույնը թե´ բովանդակության, թե´ մեղեդայնության առումով: Երգեր կան, որոնց համար անում եմ թարգմանության բազմաթիվ տարբերակներ, բայց միշտ չէ, որ տվյալ երգն ի վերջո ձայնագրվում է: Ֆրանսերենից երգը թարգմանելիս որոշակի նրբություններ կան, որ պիտի հաշվի առնել, ինչպես, օրինակ, համր «ը»-ն: Ազնավուրի երգերում տողի վերջում շատ են համր «ը»-երը, ինչը հայերեն տարբերակում դժվարություններ է ստեղծում: Այս սկավառակում, օրինակ, մի երգ կա «Bon anniversaire», որ նախկինում թարգմանվել է «բարի տարեդարձ» (թարգ.՝ Աբրահամ Ալիքյան), բայց հայերեն այդ տարբերակում վանկերը պակասում են, եւ երգելիս վերջին «ա» ձայնավորը երկարացնելով է դա լրացվում. դրա համարժեքն ինձ մոտ այսպես է՝ «շնորհավոր մեր տարեդարձը», այսինքն՝ այս դեպքում տողը երկարում է, բայց երգեցիկ է: Նոր ալբոմի մեջ ուզում էի երգել «Sa jeunesse» («Ջահելություն») երգը (երգում է մի հատված երգից): Շատ տարբերակներ փորձեցի, աշխատեցի, բայց ոչ մեկն իմ սրտով չէր եւ ի վերջո չմտավ ալբոմ: «Et moi dans mon coin»-ի համար նույնպես մի քանի տարբերակ արեցի, բայց այդ երգն էլ դուրս մնաց (կրկին երգում է մի հատված: Ես հաճույքով լսում եմ, բայց քանի որ հարցերս դեռ չեն սպառվել, շարունակում եմ).

- Երջանիկներից եք, ով Ազնավուրի հետ շփվելու, զրուցելու առիթներ է ունեցել: Ի՞նչ հուշեր, դիպվածներ կան Ազնավուրի հետ կապված, որ գուցե հայտնի չեն լայն հանրությանը:

- Ազնավուրը համերգ ուներ Նյու Յորքում. տոմս գնեցի, նաեւ գրեցի մի նամակ ու համերգի ավարտին նամակը տվեցի իրեն: «Եթե ֆղանսեղեն չէ, չեմ հասկնար»,- ասաց: «Ֆրանսերեն է, ֆրանսերեն է»,- պատասխանեցի: Հետո ընկերոջս՝ դերասան Ժիրայր Փափազյանին, որ հանդիպելու էր նրա հետ, խնդրեցի հարցնել նամակի մասին՝ արդյոք կարդացե՞լ է: Ազնավուրը պատասխանել էր. «Օ՜, ես այնքան նամակներ կստանամ, ո՞ր մեկը կարդամ» (ժպտում է): Երկրորդ հանդիպումը ռեստորանում էր, որը մանրամասնորեն նկարագրել եմ «Ազնավուր-85» ալբոմի առաջաբանում: Ինձ համար շատ հիշարժան հանդիպում էր:

Այս անգամ ես եմ կարդում զրուցակցիս՝ Պերճ Թյուրաբյանի՝ Ազնավուրին ուղղված ձոն-նամակից մի հատված, որ նախապես առանձնացրել եմ. 

«Այդ օրը, իբրեւ հին երազի իրականացում, ոչ միայն տեսա Ձեզ, այլեւ մտերմիկ զրույցի առիթ ունեցա։ Երբ մոտեցա, նստած էիք՝ շրջապատված բարեկամներով: Այնքան էի հուզված ու շփոթ, որ ձեռքս մեկնելիս մի քանի գինու գավաթ շրջեցի սեղանին... եւ իմ ապրումներին ավելացավ այդ անհարմար իրավիճակը։ Իսկ Դուք անայլայլ, վստահաբար՝ նման իրադրություններում Ձեր երկրպագուներին հաճախ տեսած, թույլ տվեցիք, որ նստեմ Ձեզ հետ ու մասնակցեմ զրույցին, կարծես ոչինչ չէր պատահել»:

- Երրորդ անգամ նրան հանդիպեցի իր հյուրանոցի համարում: Ես դեռ նոր պիտի իմ առաջին երկու ալբոմները հրատարակեի. ասաց, որ հենց պատրաստ լինի, ուղարկեմ իրեն: Իսկ մի քանի տարի հետո, երբ «Ազնավուր-85» ալբոմը պատրաստ էր, եւ նա համերգներով եկել էր Նյու Յորք, արդեն չկարողացա նույնիսկ մոտենալ նրան. սեպտեմբերի 11-ի նյույորքյան դեպքերից հետո ամեն ինչ շատ խստացվել էր, միշտ շրջապատված էր անվտանգության աշխատակիցներով: Հետո երկու-երեք անգամ տարբեր մարդկանց միջոցով ալբոմն ուղարկեցի իրեն, քանի որ լուր չունեի՝ ստացե՞լ է, թե՞ ոչ: Վերջին հանդիպումը Հայաստանում էր, երկու տարի առաջ, 2017-ին՝ «Քեզ համար, Ազնավուր» համերգին, որին հրավիրված էի: Ինքը՝ Ազնավուրն էր առաջարկել, որ ինձ հրավիրեն: Համերգից հետո հանդիպեցինք, երկար զրուցեցինք, կատակով հարցրի. «Երեք անգամ, Ձեզ ձոնագրված, ուղարկել եմ այս ալբոմը, արդյոք ստացե՞լ եք»: «Այո, ես քո բոլոր ալբոմներն ունեմ»,- ասաց նա: «Ուրեմն այս անգամ էլ Դու՛ք ինձ համար մակագրեք»: Սիրով մակագրեց եւ շարունակեց. «Դու շատ լավ երգեր ունես, դրանք թարգմանիր ֆրանսերեն ու առաջարկիր ֆրանսիացի երգիչներին, որ կատարեն. թող հայ երգիչներն էլ մտնեն SACEM - (Հեղինակների,կոմպոզիտորների եւ հրատարակիչների միյություն):

- Իսկ ինչպե՞ս, որտեղի՞ց սկսվեց Պերճ Թյուրաբյան երգահանի երաժշտական ճանապարհը:

- Շա՜տ, շա՜տ փոքր տարիքից, դեռ այն ժամանակ, երբ Եգիպտոսում էի։ Փոքր նվագախումբ ունեինք. եղբայրս դաշնամուր էր նվագում, ես երգում էի եւ արդեն փորձում երգեր գրել: Հետո, երբ ներգաղթեցինք Հայաստան, սովորեցի կիթառ նվագել, սկսեցի երգիթոթովանքներս: Սկզբում երգեր էի գրում իմ խոսքերով: Այդ երգերը տեղ են գտել իմ առաջին՝ «Ինչ-որ տեղ եւ մի օր» ալբոմում: Այդ տարիներին Երեւանում հեղինակային երգը ներկայացնում էին մի քանի հոգի՝ Ռուբեն Հախվերդյանը, Վահրամ Թաթիկյանը, ես... Դե, ես հետո մեկնեցի Ամերիկա: Հիշում եմ, թե ինչպես գրվեց առաջին երգերիցս մեկը՝ Չարենցի խոսքերով: Ընկերս՝ Ազատ Գասպարյանը, արտասանեց «Լուսամփոփի պես աղջիկ»-ը, եւ ես այն միանգամից երգի վերածեցի: Հետագայում մի ամբողջ ալբոմ պատրաստեցի Չարենցի խոսքերով՝ «Չարենցը՝ երգերում»: Ալբոմ ունեմ արեւմտահայ բանաստեղծների խոսքերով՝ «Թռչնահոգի», Վահան Թեքեյանի 125 - ամյակին նվիրված «Անունդ» ալբոմը՝ իր բանաստեղծությունների հիման վրա: Ֆրանսիական շանսոնյեների երգերը՝ գրեթե երեսուն տարի ուշացումով, հրատարակվեցին 2018-ին: «Ազնավուրը՝ հայերեն»-ը՝ նվիրված Ազնավուրի 85 - ամյակին եւ այլն: Հիմա էլ, ահա, այս նոր ալբոմը, որը, հուսով եմ, կհասցնենք հրատարակել մինչեւ Ազնավուրի մահվան տարելիցը:

- Աշխարհն արագ զարգանում ու փոփոխվում է: Ի՞նչ միտումներ կան 21-րդ դարի երգարվեստում, ի՞նչն է այսօրվա երաժշտական-մշակութային կյանքում Ձեզ մտահոգում կամ ուրախացնում:

- Դառնորեն պիտի պատասխանեմ այս հարցին. ես հուսախաբ եմ այսօրվա արվեստի մակարդակից, որակից, մարդկանց պահանջից, նրանից, թե ինչ են սիրում լսել: Կան օրվա երգիչներ, գուցե համացանցն է պատճառը... հանկարծ խոսվում է նրանց մասին, խնկարկվում է, դահլիճներ են լցվում, հետո պարզվում է, որ այդ մեկ երգից անդին ասելիք չունեն… Երեւանում, անշուշտ, աշխույժ է մշակութային կյանքը, բայց այն ժամանակահատվածում, որ Հայաստանում ենք լինում, հաշված օրերում ուղղակի չեմ հասցնում ամեն տեղ լինել: Այս անգամ, օրինակ, հիմնականում նոր ալբոմի հրատարակության գործերով եմ զբաղված:

- Յուրաքանչյուր արվեստագետ ստեղծագործելիս առաջնորդվում է մեկ կարեւոր ուժով՝ Սերը Ձեր կյանքում եւ արվեստում:

- Ես միշտ կարող եմ սիրահարվել... դեռ: Իհարկե, կարող ես դառնալ շատ պրոֆեսիոնալ եւ պարզապես քո անելիքն անել, բայց ես դեռեւս պետք է ունենամ ներշնչանք՝ ասել է թե՝ սեր կամ սիրո նման մի բան, որպեսզի նոր երգեր գրեմ: Վերջին հեղինակային ալբոմս՝ «Curriculum vitae», լույս է տեսել 2017 - ին:

Ալբոմներն արդեն սեղանիս են, Մադրիդում, հեղինակի մակագրությամբ: Միացնում եմ «Ազնավուր - 85»-ում ներառված «Երբ սիրում ես ինձ» երգն ու փորձում երգել: Ո՜վ գիտի, մեկ օր գուցե զուգերգ ձայնագրենք Պերճ Թյուրաբյանի հետ:

Զրուցեց Աղավնի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ