Կարգավորվել է աղբահանությունը, բայց ոչ աղբի վերամշակման հարցը

Կարգավորվել է աղբահանությունը, բայց ոչ աղբի վերամշակման հարցը

14 տարի աշխատելով Մոսկվայի աղբի վերամշակման գործարանում, Սարգիս Մինասյանը որոշել է իր կառավարչական փորձն ու հմտությունները ներդնել նաեւ Հայաստանում՝ մեկընդմիշտ լուծելով Երեւանի աղբահանության հարցը։  

Այդ նպատակով նա բիզնես-ծրագիր է գրել եւ ներկայացրել քաղաքապետարան, որտեղից, ըստ նրա, 3 անգամ ստացել է անհիմն պատասխաններ։ «Այս անգամ 7 կետով են մերժել, որոնց ես ունեմ հիմնավոր հակափաստարկներ»,- ասում է նա ու ի պատասխան քաղաքապետարանի այն մտահոգությանը, թե գործարանում թափոնների այրումն ինչ ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա, ասում է, որ աղբն ամբողջովին ոչնչանալու է գործարանում։ Դա ապացուցելու համար ունի սերտիֆիկատներ, համապատասխան թույլտվություններ․ «Գործարանն ինքնակառույց գործարան չի լինելու, այն համապատասխանելու է եվրոպական չափանիշներին։ Գործարանը նախատեսվում է կառուցել Սովետաշենի կամ Ջրվեժի աղբավայրերից մեկում։ Ես ամեն ինչին մոտիկից ծանոթացել եմ, ամեն ինչ կա, հնարավոր է դա կառուցել։ Գործարանը կտա առավելագույն հնարավորություն՝ ընթացքում ազատվելու նաեւ նախկին աղբից։ Այսինքն՝ եթե քաղաքի աղբը չի բավարարում իմ գործարանի ընթացքին, որ աշխատի 24 ժամ, զուգահեռ ես կարող եմ մյուս աղբն էլ այրման միջոցով վերացնել»։

Մինասյանն ընդգծում է, որ աղբի գործարանում միաժամանակ աղբը ե՛ւ վերամշակվելու է, ե՛ւ այրվելու։ «Սկզբում տեսակավորվելու է, պիտանի հումքը կգնա կա՛մ արտադրություն, կամ՛ վաճառքի»,- ասում է նա ու հավելում, որ գործարանի արտադրած ծուխը, նրա գործունեությունը շատ ավելի քիչ վնաս կհասցնեն էկոլոգիային, քան այն եղանակը, որով հիմա ազատվում են աղբից․«Իմ առաջարկած տարբերակը ոչ մի ձեւով վնաս չի տալիս ո՛չ պետությանը, ո՛չ բնությանը, ամբողջովին ֆիլտրացվում է։ Սա ասում եմ՝ օրինակ բերելով մասնավորապես Ռուսաստանում եւ այլ երկրներում աշխատող աղբի գործարանները»։

Ըստ նրա, քաղաքապետարանը չի հասկացել նաեւ իր մատնանշած աղբի ծավալների չափը, ինքը խոսում է 200 տոննա, ոչ թե 200 խմ աղբի մասին․ «Ես նշել եմ 200-400 տոննա, որը կազմում է ոչ թե 980, այլ 1000-1500 խմ, այսինքն՝ գերազանցում է իրենց աղբի ծավալներն ու արտադրությունը»։
Քաղաքապետարանի համար անհասկանալի է, թե ինչպես է նախագծողը խրախուսելու աղբ հավաքող մեծ քանակությամբ մեքենաների, ինչի առնչությամբ Սարգիս Մինասյանը նկատում է, որ այդ մեքենաները հենց կառավարությունը կամ քաղաքապետարանը պետք է ուղարկեն իր մոտ․ «Քաղաքապետարանը պետք է համագործակցի իմ հետ»։  

Մինասյանն այս պահին չի կարող ներկայացնել արտադրամասի կառուցման գնահաշվարկը, որովհետեւ իր համար դեռ պարզ չէ, թե քաղաքապետարանը քանի մետր հողատարածք է իրեն հատկացնելու, որպեսզի, հիմնվելով դրա վրա, կառույցի գնահաշվարկ կատարի։ Մինասյանն ունի թե՛ ներդրողներ, թե՛ գործընկերներ․ «Ինձ մնում է ստանալ իրենց թույլտվությունը, տարածքը եւ հասկանալ, թե ինչ հարկային դաշտում է աշխատելու»։  

Այն, որ քաղաքապետարանի համար պարզ չէ, թե արդյոք ինչ փորձ եւ արդյունք կա ավտոճանապարհների համար հումքի եւ պարարտանյութի ստացման հարցում, ապա այս հարցի պատասխանը ինքը կարող է տալ միայն այն դեպքում, երբ լիովին ուսումնասիրի ու հասկանա, թե ինչ աղբ է վերամշակելու․ «Օրինակ՝ գոմաղբի վերամշակումից ստացվում է այլ հումք…։ Ես ներկայացրել եմ, որ գործարանը պատրաստվում է ամբողջովին ազատվել աղբից։ Կարծում եմ՝ այդ մանրամասներն այս պահին իրենց համար պատճառ չպետք է լինեն ինձ մերժելու համար»,-ասում է նա ու հավելում, որ հանդիպել է նաեւ քաղաքապետի 2-րդ տեղակալի հետ, բայց․ «Ես հասկացա, որ իրենք հետաքրքրված չեն ինձ հետ համագործակցել»։

Վերջին ամիսներին Երեւանում կարծես ինչ-որ չափով կարգավորվել է աղբահանության հարցը, ինչի հետ Սարգիս Մինասյանը մասնակի է համաձայն․ «Կարգավորվել է աղբահանությունը, բայց ոչ աղբի վերամշակման հարցը, աղբից ազատվելու բոլոր միջոցները, որովհետեւ նույնկերպ աղբը տանում դատարկում են Սովետաշենում»։
Քաղաքապետարանը Մինասյանի պատասխան նամակում նշել է․ պարզ չէ, թե ինչ օգուտ կարող է առաջանալ Երեւան քաղաքի աղբահանության համար նախատեսված գումարի 15 տոկոսը նախագծողին վճարելու պարագայում։ Ս․ Մինասյանն ընդգծում է, որ ինքը, ի տարբերություն աշխարհում ընդունված պրակտիկայի, երբ տրամադրվում է ընդհանուր գումարի 10-30 տոկոսը՝ այդ աղբը վերացնելու համար, առաջարկել է ընդամենը 15 տոկոս․ «Ինչ վերաբերում է օգուտին, միթե քաղաքապետարանին օգուտ չի, երբ լիովին ազատվում է աղբից։ 2-րդ օգուտը նշեմ․ գործարանն աշխատեցնելու դեպքում ես հարկեր պետք է վճարեմ»։

Մինասյանն իր ծրագիրն առաջիկայում կուղարկի նաեւ կառավարություն, ուզում է, որ ծրագիրը լսեն կառավարության նիստերից մեկում, որովհետեւ աղբահանության հարցը լուրջ է դրված մեր երկրում։