Տարեմուտյան հակահեքիաթ
Մաս առաջին
Ժուկով-ժամանակով Հայաստան աշխարհում մի թագավոր էր ապրում: Թույլ և ոչ այնքան չար: Բայց քանի որ այդպիսի խառնվածքով թագավոր հազվադեպ է պատահում, ապա կարելի էր նրան նույնիսկ բարի համարել: Բայց թագավորը շրջապատված էր նազիր-վեզիրներով և ավելի ցածր կարգի իշխանիկներով, որոնք լավագույն դեպքում անտարբեր էին այդ երկրի բնակիչների նկատմամբ: Իսկ ավելի հաճախ նրանք ագահ էին ու չար: Իսկ ժողովուրդն էլ կա՛մ լքում էր իր հայրենիքը, կա՛մ անմռունչ կրում իրեն բաժին հասած ճակատագիրը: Սակայն ժամանակ առ ժամանակ ժողովրդի միջից հայտնվում էին անհանգիստ մարդիկ, ովքեր պայքարի դրոշ էին բարձրացնում ընդդեմ թագավորի: Երբեմն էլ՝ ընդդեմ նրա նազիր-վեզիրների և կամ տեղական իշխանիկների: Այդպես անցան տարիներ՝ թե որքան, չի հիշում ոչ ոք: Ու հանկարծ հայտնվեց հերթական ըմբոստ ոգին, ով խոստացավ Գառնիի սառնորակ ջուրը կաթի վերածել, տեղական դրամը՝ հզորագույն երկրի արժույթի: Խեղճացված ու 4-5 տարին մեկ 5-10 հազար դրամ կաշառք ստացող մարդիկ էլ ոգևորվեցին նրա ճառերից ու շտապեցին հավաքվել նրա շուրջը: Ինքն էլ սքանչացած ու հիացած հայացքով դիտելով մարդկային մեծ կուտակումը՝ համարեց իրեն նորօրյա «փրկիչ»: Ու ժողովրդին առաջնորդեց դեպի թագավորի պալատը: Բայց թագավորն, ինչպես ասվեց, թույլ էր ու բարի: Նա չսպասեց մինչև ժողովուրդը հավաքվեր իր պալատի առջև ու հրաժարական ներկայացրեց: Ժողովուրդն էլ, բնականաբար, արդեն նախկին թագավորի նազիր-վեզիրներին պարտադրեց, որպեսզի թագավոր կարգեն իր առաջնորդին: Ու երկրում տիրեց ուրախություն ու ցնծություն. գինին հոսում էր ջրի նման, խորովածի բույրն էլ տարածվել էր ողջ քաղաքում:
Մաս երկրորդ
«Ժողովրդի փրկիչ» տիտղոսը ստացած նոր թագավորն էությամբ դաժան էր ու չար: Նա նաև ագահ էր, քանի որ ժամանակին լավ չէր ապրել ու նախանձել էր ունևորներին: Բայց նա հիանալի ճառասաց էր ու դերասան, ու կարողանում էր թաքցնել իր իսկական բնույթը՝ ժողովրդական զանգվածներին ներկայանալով կեղծ ու սարքովի կերպարով: Դե, մարդիկ սովորաբար միամիտ են, արդարության ծարավ և այդ պատճառով էլ չէին կասկածում նման երևույթի առկայության մասին: Ու հավատում էին նոր թագավորի խոսքին: Եվ նրա կենդանության օրոք «քայլող փրկչի» արձան էին կերտում ու կանգնեցնում նրա անցած ճանապարհին: Ժողովրդին թվում էր, թե վերջապես իրենք ազատ շնչեցին ու այլևս չեն ենթարկվի տեղական իշխանիկների կամայականություններին: Եվ ոչ միայն կազատվեն դրանցից, այլև իրենց «փրկիչը» նախկիններին «կուլակաթափ» կանի ու նրանց ունեցվածքը հավասարապես կբաժանի չունևորներին: Իսկ նոր թագավորին շրջապատած նոր նազիր-վեզիրներն էլ կլինեն նվիրյալներ և իրենց ողջ կյանքը կնվիրեն ժողովրդի բարեկեցության ու երջանիկ ապագայի կերտմանը: Հավատում էին նաև, որ հին ու նոր դատավորներն այլևս սխալ դատ չեն անի, որ ոստիկաններն արդեն դարձել էին իրենցը և ոստիկանական բռնությունները մնացել են անցյալում: Հավատում էին, որ Հայաստանը կվերածվի երկրային դրախտի, ու մարդիկ այստեղից փախչելու փոխարեն կվերադառնան իրենց հայրենիք: Ու նույնիսկ այլազգիները կսկսեն բնավորվել այստեղ՝ ճիշտ այնպես, ինչպես դա տեղի է ունենում փոքր ու նախկինում աղքատ, իսկ այսօր հարուստ երկրներում:
Մաս երրորդ
Սկզբնական շրջանում մարդկանց ակնկալիքները կարծես թե իրականություն դառնալու ճանապարհն էին բռնել: Նախկին պաշտոնյա և մեծահարուստ մեկը սեփական բանկային հաշվից հայաստանյան մասշտաբներով հսկայական գումար «նվիրեց» պետությանը, մեկ ուրիշը՝ հինգ աստղանի հյուրանոց, երրորդը ստիպված եղավ ավելի պակաս չափով առձեռն փող զիջել, չորրորդը... Բայց այդ գումարներից ո՛չ պետությունը շահեց և ո՛չ էլ շարքային քաղաքացիներին բաժին հասավ: Ընթացքում վարչապետ կարգված «ժողովրդի փրկիչը» որոշեց անձնական վրեժ լուծել և դա ներկայացրեց որպես մարտի 1-ի «կորսված գարնան» արդարացի հանգուցալուծում: Բայց քանի որ արդարության հիմքը ոչ թե վրեժի զգացման բավարարումն է, այլ օրենքի և բարոյականության գերակա լինելը, մարտի 1-ը մնաց չլուծված, իսկ հետագայում այն ստվերվեց շատ ավելի դաժան իրականությամբ, բայց դրա մասին ավելի ուշ: Նոր իշխանությունը ժողովրդին սկսեց «կերակրել» ոչ թե նյութական ու հոգևոր սնունդով, այլ 100-ական փաստերի շարքով, ինչն, իր կարծիքով, ներկայացնում էր նոր իրականությունը: Շարքի 3-4 թողարկումից հետո այն դադարեցվեց, քանի որ նախկինների և ոչ միայն նրանց կողմից բացահայտվում էին շարքի կեղծ փաստերն ու ներկայացվում ժողովրդի դատին: Հատկապես որ նոր իրականությունը քանի գնում, այնքան այլանդակվում էր, ու այն հանրությանն ի տես դնելը շահեկան լույսի ներքո չէր ներկայացնի նոր իշխանություններին:
Մաս չորրորդ Այդ այլանդակությունների սկիզբը դրվեց դատական համակարգը «սեփականաշնորհելու» ջանքերով: Վերջինս նախկին իշխանությունների օրոք կառավարվում էր ոչ թե օրենսդրությամբ և խղճի մտոք, այլ զանգերի միջոցով: Իսկ դրանց արանքներում առաջնորդվում էր խշխշան կանաչ թղթի կապոցներով: Նոր իշխանությունը խոստացավ բարեփոխումներ իրականացնել ու վերացնել այդ ամենը, բայց քանի որ չգիտեր, թե ինչպես անել դա, գնաց տրորված ճանապարհով: Այդպես սկսվեց, ինչպես ասվեց, համակարգի «սեփականաշնորհումը»: Արդյունքում նախկինների աչքի լույս դատավորները ոչ թե վեթինգի ենթարկվեցին, այլ դարձան նոր իշխանության սիրելիները: Իսկ նրանք, ովքեր նախկինների ժամանակ էլ էին անկախ ու ազնիվ, վերածվեցին նոր իշխանության աչքի փշի պես մի բանի: Այնուհետև «բարեփոխումներ» իրականացվեցին բազմաթիվ այլ ոլորտներում, ինչի արդյունքում նախկինների ստեղծած համակարգերը քանդվեցին, և ամենուրեք տիրեց նախնական քաոսը: Դրանցից մեկը բանակն էր՝ տարածաշրջանի հզորագույն բանակը: Բանակի «բարեփոխումների» արդյունքում երկիրը զրկվեց այն սպառազինությունից, որ պետք է գնվեր, եթե չգար նոր իշխանությունը: Միաժամանակ, հաղթական առաջին պատերազմի՝ դեռևս գործող բարձրագույն սպայական կազմի վետերաններին փոխարինեցին միջին կարգի սպայական կազմով՝ նրանց գեներալական ուսադիրներ նվիրելով: Բայց քանի որ վերջիններս անփորձ էին, իսկ գլխավոր հրամանատարն էլ՝ չգիտես ապաշնորհ, թե դավաճան (և կամ երկուսը մեկում), ադրբեջանական հերթական ագրեսիան ավարտվեց ոչ թե 4 օրում, ինչպես 2016 թվականին, այլ 44 օրում: Եվ ոչ թե մեր հաղթանակով, այլ թշնամու: Եվ Արցախի տարածքի 75 տոկոսի ու բազմահազար մարդկային կորստով:
Մաս հինգերորդ և վերջին
2020 թվականի օգոստոսի սարդարապատյան «հերոս» Նիկոլը վերածվեց կապիտուլյանտի: Թշնամու կողմից խեղճացված, ստորացված ու արհամարհված անձի: Ու իր հետ խեղճացրեց մի ողջ ազգի՝ փոխանակ հեռանար, որպեսզի իր խեղճությունը չփոխանցվեր ազգին: Իսկ երբ գրագետ ու հայրենասեր մարդիկ փորձեցին նրան հեռացնել իշխանությունից այնպես, ինչպես ինքն էր հեռացրել մերժված նախկինին, ինքը մարդկանց դեմ հանեց վայրագության առումով չափ ու սահման չիմացող ոստիկանների: Եվ գերկարևորելով սեփական անձը՝ իրեն շրջապատեց մի քանի շարք ոստիկաններով: Ավելացրեց նրանց գլխաքանակն ու աշխատավարձը, որպեսզի ավելի արդյունավետ պաշտպանեն իրեն սեփական երկրի ժողովրդի ցասումից: Իսկ երկրի սահմանները մնացին անպաշտպան, ինչից բազմիցս օգտվեց ուխտադրուժ թշնամին: Դրան չկարոացավ խոչընդոտել բանակը, որը զրկվել էր սպառազինությունից ու որի ոգին ջարդել էր գերագույն հրամանատար կոչվածը: Ու այդպես խեղճացված հակահերոսը փորձեց խաղաղություն մուրալ թշնամուց: Սակայն վերջինս կեղծ խաղաղության հաստատման անվան ներքո իր հաղթանակից փորձեց քամել հնարավոր առավելագույնը: Իսկ պատերազմի ավարտից երկու տարի անց էլ փակեց 120 հազար արցախցիների կյանքի ճանապարհն ու մարդկանց կանգնեցրեց հումանիտար աղետի առջև: Դա որևէ ձևով չազդեց հայաստանցի հակահերոսի վրա, որը շարունակեց հանդիսություններն ու համերգները՝ կարծես այդքան աղետը բաժին էր ընկել ոչ թե իր երկրի քաղաքացիներին ու պետական մտածողությունից զուրկ բնակիչներին, այլ նրանց թշնամուն: Ու այդպես շարունակվեց այն հեքիաթը, որի վերջը դեռևս չի երևում…
Կարծիքներ