Մե՞կ դատավորի հետ են կապված կարգապահական խնդիրները, թե՞ երեքի

Մե՞կ դատավորի հետ են կապված կարգապահական խնդիրները, թե՞ երեքի

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նախօրեին ՍԴ-ի վերաբերյալ իր արտահերթ ելույթով ազդարարեց «սեւերի» դեմ պայքարի նոր փուլ։ Արարատ Միրզոյանը հայտնեց, թե մտահոգված է ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակով, եւ ԱԺ-ն պետք է անհապաղ դիրքորոշում հայտնի ու քայլեր ձեռնարկի։ Մտահոգության «պատճառներից» մեկն էլ այն է, որ ՍԴ-ն, ըստ ԱԺ խոսնակի, քննության չի առել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի դիմումը․ «Այս տարվա սեպտեմբերի 4-ին ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործը քննելիս եւ իր որոշումը կայացնելիս պատշաճ քննարկման առարկա չի դարձրել եւ կամ առանց հիմնավոր պատճառաբանության մերժել է դեպի դիմորդն ունեցած առերեւույթ կողմնակալության հիմքով ՍԴ երեք անդամի՝ գործի քննությանը մասնակցության անհնարինության վերաբերյալ ՍԴ դատավորի դիմումը՝ դրանով իսկ հանրության շրջանում կասկածի տակ դնելով անաչառ դատարանի ապահովումը»: Արարատ Միրզոյանն այլ պատճառներ էլ թվարկեց, մասնավորապես․ «Մարտիմեկյան դատավարությունից բխող դիմումների քննության այդ գործերով պատասխանող ճանաչված ՀՀ Ազգային ժողովին առայսօր չի տրամադրել ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով ուղղված իր դիմումների հայերեն տեքստը»։ 

Պայքարի առաջամարտիկ իմքայլականներն անմիջապես գործի անցան՝ երեկոյան հրավիրելով խմբակցության նիստ, իսկ նիստից հետո հայտարարվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելուն ուղղված գործընթաց սկսելու մասին։ Իշխող խմբակցության պատգամավոր, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Վլադիմիր Վարդանյանը պարզաբանեց, որ այդ գործընթացի իրավական հիմքերից մեկն «էական» կարգապահական խախտումն է․ խոսքը Վահե Գրիգորյանի միջնորդությունը չքննելու մասին է։ Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանի համոզմամբ՝ Սահմանադրական դատարանի երեք անդամ չպետք է մասնակցեին Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության վերաբերյալ դիմումի քննությանը։ Վահե Գրիգորյանը միջնորդություն էր ներկայացրել Հրայր Թովմասյանի, Արեւիկ Պետրոսյանի եւ Հրանտ Նազարյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ:

Նրա հիմնավորմամբ՝ նրանք այս կամ այն կերպ առնչվել են Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ որոշումների ընդունմանը եւ չեն կարող անաչառ լինել Քոչարյանի անձեռնմխելիության հարցի քննության ժամանակ։ «Մասնավորապես, չի քննարկվել Վահե Գրիգորյանի դիմումը` մասնակցության անհնարինության վերաբերյալ․ սա հիմքերից մեկն է: Մյուս հիմքը կողմի ներկայացուցչի հետ սերտ կապն է, որը, ըստ էության, կարող է կասկածի տակ դնի գործընթացի օբյեկտիվությունը․ խոսքը պարոն Օրբելյանի մասին է, բոլորը գիտեն, որ նրանք քավոր-սանիկ հարաբերությունների մեջ են»,- մանրամասնեց Վլադիմիր Վարդանյանը: Հիշեցնենք, որ խոսքը Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանի մասին է, ով Հրայր Թովմասյանի սանիկն է։ 

Թե էլ ինչ հիմնավորումներ են ներկայացվելու ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու նախագծի հիմքում, երեկ իշխանական պատգամավորները չէին շտապում բացահայտել՝ դեռ աշխատում են նախագծի վրա։

ՍԴ ԴԱՏԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

«ԱԺ կանոնակարգ» օրենքի 109-րդ հոդվածը սահմանում է կարգը եւ բոլոր այն դեպքերը, որոնց առկայության դեպքում ԱԺ-ն կարող է ՍԴ դիմել Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով։ Ըստ այդմ՝ «Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը: Եթե Սահմանադրական դատարանի դատավորը կատարել է էական կարգապահական խախտում կամ ձեռք է բերել կառավարության որոշմամբ սահմանված այնպիսի ֆիզիկական արատ կամ հիվանդություն, որի հետեւանքով այլեւս ի վիճակի չէ կատարելու Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները, ապա Ազգային ժողովի որոշման նախագիծը կարող է ներկայացվել համապատասխան հիմքերի մասին հայտնի դառնալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում»։ Սա նշանակում է, որ առաջիկա օրերին ԱԺ-ն պետք է ներկայացնի որոշման նախագիծ, քանի որ

Քոչարյանի գործով խնդրո առարկա նիստը կայացել է սեպտեմբերի 4-ին։ 
Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց կամ եզրակացությունը ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո նախագիծը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում: Որոշումն ընդունված է համարվում, երբ գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով այն ընդունվում է։ Սակայն դրանից հետո նախագիծն ուղարկվում է ՍԴ, որը պետք է որոշում կայացնի՝ զրկե՞լ իր անդամին, թե՞ ոչ։ Քվեարկության արդյունքում եթե դատավորների 2/3-ը կողմ է քվեարկում, այսինքն՝ 6 անդամ,  որոշումը մտնում է ուժի մեջ։

«Այստեղ կարեւոր հարցն այն է, թե իշխող խմբակցությունը կոնկրետ ինչ իրավական հիմք է վերցնում, որը տեսնելուց հետո միայն կարող ենք ասել՝ սա իրավական գործընթա՞ց է, թե՞ քաղաքական»,- մեզ հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Տարոն Սիմոնյանը։ Պատգամավորը տարակուսանք է հայտնում․ «Մե՞կ դատավորի հետ կապված են կարգապահական խնդիրները, թե՞ երեքի։ Եթե մեկն է, ապա բա էն երկո՞ւսը, որոնց մասին Վահե Գրիգորյանը նույնպես իր գրությամբ հիշատակում էր»։

Կա տեսակետ, թե Հրայր Թովմասյանը ճնշում է գործադրել երկուսի վրա։ «Պետք է ապացույց ունենալ, եթե ճնշում է գործադրել, այդ ինչպե՞ս եղավ, որ երկու դատավոր էլ կարողանում են հատուկ կարծիք հայտնել, նրանց  նկատմամբ ճնշում չի՞ գործադրվել։ Հազար հարց կա, ու միայն ենթադրություններով չի կարելի հիմք դարձնել։ Ինչպես ասում են՝ սատանան մանրուքներում է, ու պետք է հիմքերը շատ հստակ լինեն։ Եվ երկրորդ․ եթե անգամ կան այդ հիմքերը, ընթացակարգը պետք է ճիշտ օգտագործվի, որ չստացվի՝ քաղաքական որոշում է։ Եթե պարզվի, որ քաղաքական որոշում է, իսկապես, իշխանությունների տարանջատման սկզբունքի հարց է բարձրանում։ Իսկապես, շատ նուրբ թելի վրայով ենք խաղում»։

Հետաքրքրվեցինք՝ որո՞նք են համարվում «էական կարգապահական խախտումներ», եւ ո՞վ է որոշում, թե իքս խախտումն էական է կամ ոչ։ «Իրականում, այո, մի քիչ էլ մեկնաբանության հարց է, եթե իրականում առկա է ճնշում, դա էական խախտում կարող է համարվել, բայց պետք է ապացուցել, որ կա ճնշում, միայն մտահոգություն հայտնելը բավարար չէ»։ Ընդդիմադիր ԼՀԿ-ն, ուստի, կսպասի որոշման նախագծին, որից հետո կհայտնի իր դիրքորոշումը։  

ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանն էլ երեկ ճեպազրույցների ժամին հայտարարեց, որ իրենք այն քաղաքական ուժը չեն, որ որոշեն միանալ ինչ-որ նախաձեռնության՝ առանց դրա հիմքերը վերլուծելու:

ՀԳ․ Երեկ ՍԴ անդամ Արեւիկ Պետրոսյանը հարցազրույց էր տվել՝ հայտնելով, որ իրենք աշխատակարգային քննարկման են ենթարկել Վահե Գրիգորյանի գրությունը եւ արձանագրել, որ այդ դիմումը ներկայացվել է ոչ պատշաճ կարգով, ոչ պատշաճ ժամկետներում, ոչ պատշաճ սուբյեկտի կողմից։