Ով կփոխարինի Գրիգոր Մինասյանին

«Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին: Վարչապետին ներկայացրեցի իմ հրաժարականի դիմումը: Խորհրդարանական կառավարման համակարգում դժվար կլինի նախարարի պաշտոն զբաղեցնելը, եթե նույնիսկ մեկ պատգամավորի հետ դրական համագործակցություն չունենաս: Ես տեղեկացա, որ խնդիր ունեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շուրջ երկու տասնյակ պատգամավորների հետ: Մեծապես շնորհակալ եմ և միշտ ջերմությամբ կհիշեմ ինձ բարությամբ ընդունած և աջակցած բոլոր մյուս պատգամավորներին, ընկեր դարձած կառավարության բոլոր գործընկերներին և, իհարկե, ինձ մեծագույն հնարավորություն տված վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Արդարադատության ոլորտի բարեփոխման համար նրանց հետ և նրանց օգնությամբ շատ բան ենք արել նաև այս վերջին երկու տարիներին: Կառավարության ծրագիրը մեր մասով հաստատ գերակատարված է միջոցառումների քանակի և որակի առումով: Կառուցված ճանապարհն ու դպրոցը մարդիկ միանգամից են տեսնում և վայելում, բայց նոր արբիտրաժային համակարգի, հարկադիր կատարման վերափոխված ծառայության, թվայնացված քաղաքացիական դատավարության, կայացած պրոբացիայի ծառայության և բազմաթիվ այլ բարեփոխումների կամ հարյուրավոր օրենսդրական ու ռազմավարական փոփոխությունների արդյունքները բոլորս կվայելենք որոշ ժամանակ անց: Մարդիկ արդարադատության նախարարներից միշտ սպասել են արդարության արագ և անմիջական վերականգնում: Դա նախարարի գործառույթ չէ: Դա վերապահված է իրավապահներին ու դատարաններին: Մենք քաղաքականություն մշակողն ենք և ինստիտուցիոնալ համակարգը բարելավողը: Երկու ուղղությամբ էլ շատ բան է արվել արդեն: Պտուղները կլինեն շուտով, բայց արդեն հաջորդ նախարարների օրոք: Իհարկե, կարելի էր ավելի համբերատար լինել, մնալ և պայքարել այս ամենի համար և շարունակել հանգիստ ներկայացնել կատարված հսկայածավալ աշխատանքը, բայց ես որոշեցի վերադառնալ ինձ ավելի հարազատ միջավայր: Արդարադատության ոլորտին կարելի է նպաստել նաև մասնավոր հատվածում», - նշել է Մինասյանը:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ գրել էինք, որ ՔՊ-ականները նախ իրենց նախաձեռնող խմբի նիստի ժամանակ էին Գրիգոր Մինասյանին քննադատել, մասնավորապես՝ Լուսինե Բադալյանն էր խոսել, ապա Արփի Դավոյանը զեկույց էր ներկայացրել, որտեղ դատապարտել էր Մինասյանի կադրային քաղաքականությունը, հիշել էր, որ նա Միքայել Մինասյանի եղբայրն է եւ հիմա «նախկիններին» է տարբեր պաշտոնների նշանակում, իսկ կոնկրետ օրինակը բերել էր փոխնախարար Սիրվարդ Գեւորգյանի վրա, ով Ռոբերտ Քոչարյանի դստեր համակուրսեցին է եղել։ Դրան հաջորդեց ԱԺ ՔՊ խմբակցությում ստորագրահավաքը, որ Մինասյանի պաշտոնանկության թեման դրվի ՔՊ վարչության քննարկման։ Մի քանի օր առաջ էլ 27 ստորագրություն էր ներկայացվել Նիկոլ Փաշինյանին՝ այդ քննարկումը նախաձեռնելու խնդրով։
Այս ընթացքում փոխնախարար Սիրվարդ Գեւորգյանը «մեղայականով» հանդես եկավ, ուրացավ իր ընկերուհուն եւ Նիկոլ Փաշինյանին «սեր բացատրեց», ապա ...հրաժարականի դիմում գրեց, բայց դա, փաստորեն, դա էլ բավարար չեղավ եւ, ինչպես տեսնում ենք՝ հերթը հասավ նախարարի հրաժարականին։
Հիշեցնենք նաեւ, որ Արփի Դավոյանի եւ ստորագրահավաքի մասնակիցների գործողությունները ղեկավարում է Անդրանիկ Քոչարյանը, ով իր անձնական շահերն ու ծրագիրն ունի։
Այժմ արդեն ՔՊ-ում քննարկվում է, թե ով է զբաղեցնելու նախարարի պաշտոնը եւ քիչ առաջ ԱԺ-ում Արփի Դավոյանը հայտարարել է, որ նախարարը լինելու է ՔՊ թիմի անդամ։ Փաստորեն, թայֆայականությունը հիմնավորապես իշխում է այս իշխանությունների շրջանում։ Այժմ արդեն անուններ են շրջանառվում, թե ով է զբաղեցնելու արդարադատության նախարարի կարեւոր պաշտոնը։ Մի քանի անուն է շրջանառվում։
Մեկը ՔՊ-ի սիրելի փաստաբան Տիգրան Եգորյանն է, մարդ ով 2018-ից հետո բացառապես իշխանական դիրքորոշում է դրսեւորում եւ տարբեր հարցերում ծառայություններ է մատուցում գործող իշխանություններին: Մենք կապ հաստատեցինք Եգորյանի հետ` հետաքրքրվելու համար, ստացե՞լ է նման առաջարկ իշխանություններից: Եգորյանը մեզ հետ զրույցում չհերքեց տեղեկությունը և բացառապես ասաց. «Ես Հրապարակ օրաթերթի հետ վեճի մեջ եմ և ոչ մի հարցի չեմ պատասխանի»:
Այլ անուններ էլ են շրջանառվում, որոնք, ըստ երեւույթին, ավելի հավանական են․ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի եւ ՄԻՊ Անահիտ Մանասյանի անունները։
Եթե ՄԻՊ-ը նշանակվի նախարար, կարող ենք հանգիստ պնդել, որ այս պաշտոնը ուղղակի տրամպլինի է վերածվել՝ այլ պաշտոնների նշանակվելու համար եւ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, ոչնչացրել է ՄԻՊ ինստիտուտը՝ այն դարձնելով ՔՊ-ին կից կառույց, որի ղեկավարներով փորձում է պարբերաբար առաջացող կադրային ճեղքերը լրացնել։
Կարծիքներ