Հանրային լսումներ, որից անգամ Կոտայքի մարզպետարանում տեղյակ չեն

Հանրային լսումներ, որից անգամ Կոտայքի մարզպետարանում տեղյակ չեն

Օրեր առաջ Չարենցավանի համայնքապետարանում տեղի է ունեցել «Սուլիձոր-3» ՍՊԸ-ի կողմից ձեռնարկվող՝ Բջնիի մարմարի հանքավայրի «Սուլիձոր» տեղամասի շահագործման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային առաջին քննարկումը: Չարենցավանի համայնքապետարանի ներկայացրած տեսանյութից պարզ է դառնում, որ հանրային լսումներին մասնակցել են միայն վարչական համայնքի ղեկավարները, քաղաքապետարանի աշխատակիցները: Իսկ համայնքից բողոքում են․ «Առանց հանրությանը տեղյակ պահելու, կրկին թաքուն, փակ դռների ետեւում ցանկանում են արագ որոշումներ կայացնել, հանք շահագործել, այնինչ առաջին վնաս կրողները գյուղի բնակիչներն են, որոնց ոչ ոք չի տեղեկացրել շահագործման մասին, եւ նրանք ներկա չեն հանդիպմանը»։

Չարենցավանի համայնքապետարանի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության եւ բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Բենիկ Բալբաբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախնական քննարկում է եղել, որին մասնակցել են վարչական համայնքների ղեկավարները. «1930 թվականից գործող հանք ա, 4 հա իր սպասարկող տարածքն այս պահին գործում է, ընդամենը մի փոքր մաս ընդլայնվում է՝ որպես հանքավայր հաստատված է: Նախնական լսումը մենք կազմակերպել ենք համայնքապետարանում, դրանից հետո պետք է 3 մասնագիտական լսումներ լինեն: Շրջակա միջավայրի մասնագետները պետք է գան եւ իրենց եզրակացությունները տան: Կարող ա ասում են, որ այդ մատնանշած տեղը պաշար չկա: Դեռ երկար ճանապարհով պետք է անցնի, կա՛մ հանքը կշահագործվի, կա՛մ՝ ոչ»:

Իսկ Կոտայքի մարզպետարանում անգամ տեղյակ չէին հանքի վերաբերյալ լսումներից: Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի տեղակալ Կամո Թումոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ չեն, թե ինչ լսումներ են եղել, անգամ զարմացած հարցրեց՝ ե՞րբ է տեղի ունեցել, որտե՞ղ․ «Երբվա՞ լսում ա եղել: Մենք դրա մասին ոչ մի տեղեկություն չունենք, մեզ այնքանով են տեղյակ պահում, որ շրջակա միջավայրը մեզ գրություն ա ուղարկում, կարծիք ա ուզում»:

Թե ինչու բնակիչներին տեղյակ չեն պահել քննարկման մասին, եւ ինչ կտա շահագործող հանքը համայնքին, հարց ուղղեցինք «Սուլիձոր» ՍՊ տնօրեն Եղիշե Մովսիսյանին։ «Ես զրոյից հանք եմ ուզում վերցնել: Հաստատված պաշար կա, «Ալմաքար» ՍՊ-ին կից, «Սուլիձոր-3»-ն իմ սեփական ՍՊԸ-ն է, ես դիմել եմ համայնքին, կառավարությանը, որ ունենամ հանք, հիմա դրա մեջ ի՞նչ կա: Ո՞րն է խնդիրը»:

 - Ի՞նչ կտա հանքը համայնքին:

- Կտա աշխատատեղ: Ես Արզականում եմ բնակվում: Մարմարի հանքը մեր բրենդն ա, մեր գյուղի հարստությունը: Որպես գյուղի բնակիչ՝ խնդրանքով դիմում եմ համայնքին, կառավարությանը, բնապահպանությանը: Էնտեղ 1250 մետր ա, հեկտարներ չեն, փոքր տարածք ա, հաստատված պաշար է, որ հատկացնեն ինձ: Ես դիմել եմ, հիմա չգիտեմ՝ կառավարությունն ինչ կորոշի: Առաջին հանրային լսումը եղել է համայնքի հետ: Հայտարարություն ենք տվել «Հայաստանի Հանրապետություն» թերթով: Անպայման 2 հատ լսումներ լինելու են: Երկրորդ լսումը լինելու է, երբ կառավարությունն իր համաձայնությունը տա: Դեռ 4-5 գերատեսչություններ իրենց համաձայնությունը պետք է տան:

- Տվյալ հատվածում ծառեր կա՞ն:

- Ոչ, ծառեր չկան, այդ հատվածը համարվում է հաստատված պաշար, որտեղ որ կա մարմարի հումք: Ծառեր չկան, ու մենք անպայման պետք է դիմեինք, եթե թույլ չտան, չենք աշխատի:

- Հանրային լսո՞ւմ է եղել, թե՞ նախնական քննարկում:

- Հանրային լսումը մի քանի օր առաջ է եղել:

- Ովքե՞ր են մասնակցել հանրային լսումներին, բնակիչները տեղյա՞կ են եղել:

-  Համայնքի ժողովուրդը, ով կարդացել ա, գիտի, կարայինք սաղ համայնքին բերեինք, դա էական չի:

- Եթե հանքը շահագործվի, քանի՞ աշխատատեղ կբացվի:

- Մոտ 12 աշխատատեղ կլինի, դրան գումարած՝ կարող ա այլ աշխատատեղ էլ ավելանա:

- Հանրային քննարկման հայտարարության մեջ նշվում է, որ Բջնիի մարմարի հանքավայրն է շահագործվում, Դուք ասում եք, որ հանքավայրը գտնվում է Արզականում, կհստակեցնե՞ք՝ մարզի ո՞ր վարչական շրջանում է գտնվում:

- Հանքավայր գնում ենք Արզականի միջով, իսկ այն հատվածը, որտեղ ուզում ենք շահագործել, գտնվում է Բջնիի վարչական տարածքում: