ԱԺԲ-ն նորից բրոնյա է արել Ազատության հրապարակը

ԱԺԲ-ն նորից բրոնյա է արել Ազատության հրապարակը

Մենք Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեցինք, թե հավաքներ անելու համար ինչ հայտեր են ներկայացվել վերջերս իրենց: «Մինչև մայիսի 31-ը միայն Ազգային ժողովրդավարական բեւեռն է հայտ ներկայացրել Երևանի քաղաքապետարան՝ «Ազատության» հրապարակում իրականացնելու բողոքի ակցիա։ Հաշվի առնելով, որ Ա. Սպենդարյանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը մշակութային շենք է և գտնվում է ԿԳՄՍ-ի ենթակայության տակ, վերջինս էլ պետք է եզրակացություն տա, որպեսզի այդ տարածքում իրականացվեն նման միջոցառումներ։

Ինչ վերաբերում է «Ֆրանսիայի» հրապարակին, որտեղ մայիսի 1-ից սկսած «Դիմադրության» շարժման անդամները սկսեցին իրականացնել հանրահավաք և այդ վայրից տարբեր ուղղություններով ինչ-որ նախաձեռնություններ, բնականաբար նրանք չեն իրազեկել Երևանի քաղաքապետարանին։ Բայց դրանից հետո համարյա ամեն օր ժամացույցով՝ վեց ժամը մեկ օնլայն տարբերակով «Դիմադրության» շարժումը Քաղաքապետարանին տեղեկացնում է, որ «Ֆրանսիայի» հրապարակում շտապ հավաք է։ Այսինքն այստեղ թույլտվության արտոնելու խնդիր չի առաջանում։ Եթե, օրինակ՝ նրանք ի սկզբանե իրազեկեին, որ մայիսի 25-ին ուզում են միջոցառում կազմակերպել, Քաղաքապետարանը, բնականաբար բացասական  եզրակացություն էր տալու»,- Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։
  
Հաշվի առնելով, որ մայրաքաղաքի այդ հատվածը տրանսպորտային զարկերակներից է, Լևոն Սարդարյանից հետաքրքրվեցինք, թե այստեղով երթեւեկող որ տրանսպորտային միջոցների երթևեկությունն է դադարեցվել կամ շրջանցիկ դարձել. «Այո, այս պահին տրոլեյբուսի երկու գիծ չի աշխատում, քանի որ «Դիմադրության» շարժման մասնակիցները փակել են երթեկելի ուղին՝ տեղադրելով միջոցառման համար նախատեսված բեմը, ինչպես նաև վրաններ։ Ի տարբերություն այդ ճանապարհով անցնող ավտոբուսների, որոնց երթեւեկելի ճանապարհները փոխվել են, տրոլեյբուսները չեն կարող գիծը փոխել»։

«Նման միջոցառումներ իրականացնելու համար  կամ բերում են գրավոր իրազեկում են ներկայացնում Երևանի քաղաքապետարանին, կամ էլեկտրոնային տարբերակով են դիմում»,-ասաց Լևոն Սարդարյանը։