Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն 10 մլն դրամով  

Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն 10 մլն դրամով  

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաեւ ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Նախագծով սահմանվում Է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին բարձր կատարողականի արդյունքով խրախուսելու, ինչպես նաեւ ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու ընթացակարգը։

Յուրաքանչյուր տարի մինչեւ տվյալ տարվա դեկտեմբերի 30-ը ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվում են բարձր կատարողականի արդյունքով ֆինանսական խրախուսման արժանացած, ինչպես նաեւ ցածր կատարողականի արդյունքով աջակցություն ստացող եւ վերջիններիս աջակցող մենթոր հաստատությունների ցանկերը:
Հաստատության բարձր կատարողականի արդյունքը որոշվում է գնահատման սահմանված չափանիշներով՝ ԿԳՄՍ նախարարության կազմակերպած մրցույթի արդյունքում, ցածր կատարողականի արդյունքը՝ հաստատության գործունեության ցածր կատարողականի արդյունավետության գնահատման չափանիշներով։

Բարձր կատարողականի արդյունք ցուցաբերած հաստատություններին որոշելու նպատակով յուրաքանչյուր տարի նախարարության կայքում տեղադրվելու է մրցույթի հայտարարություն: Ներկայացված ծրագրերն ուսումնասիրելու եւ գնահատելու է մրցութային հանձնաժողովը, որի նախագահը լինելու է հանրակրթության ոլորտը համակարգող նախարարի տեղակալը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվելու են նաեւ ներկայացուցիչներ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնից (ԿՏԱԿ), Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոնից (ԿԶՆԱԿ), Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնից (ՀՄԿ), Գնահատման եւ թեստավորման կենտրոնից (ԳԹԿ), նախարարության հանրակրթության եւ ֆինանսաբյուջետային վարչություններից, ինչպես նաեւ՝ կրթության ոլորտի 2 փորձագետ: Որոշումներն ընդունվելու են ձայների պարզ մեծամասնությամբ:

Հաստատությունների բարձր կատարողականի արդյունքը որոշվում է մրցույթին ներկայացված բոլոր հաստատությունների նորարարական ծրագրերի արդյունքների վերլուծության հիման վրա: Հաստատության կատարողականի արդյունքները գնահատելիս հաշվի են առնվում մի քանի կարեւոր բաղադրիչներ՝ դպրոցի կառավարման, ուսումնական եւ մասնագիտական միջավայրը, մանկավարժական համակազմի մասնագիտական կարողությունները, ատեստավորված եւ տարակարգ ունեցող ուսուցիչների քանակը, սովորողների ակադեմիական առաջընթացն ու կրթության որակը, օլիմպիադաներում ունեցած հաջողությունները, խորհրդակցական մարմինների ներգրավվածությունը:

Բարձր կատարողականի արդյունք ունեցող յուրաքանչյուր հաստատության համար ներկայացված զարգացման եւ նորարարական ծրագրի կատարման նպատակով նախատեսվող ֆինանսական խրախուսումը կազմում է ոչ ավելի, քան 10 մլն ՀՀ դրամ, որը տրվում է հաջորդող տարվա հունվարին: Նախագիծը թեեւ մեկ շաբաթ է, ինչ դրվել է քննարկման «Ի-դրաֆտ» հարթակում, բայց արդեն իսկ ստացել է տարբեր առաջարկներ ու դիտողություններ։

Այսպես, օրինակ, մասնագետներից մեկը նկատել էր, որ նախագծով չի սահմանվում, թե ինչպես են բարձր կատարողական ունեցող հաստատություններն աջակցում ցածր կատարողական ունեցողներին․ «Առաջարկում եմ մշակել մենթորական աշխատանքի կոնկրետ ձեւաչափ, օրինակ՝ համատեղ աշխատաժողովներ, փորձի փոխանակման այցեր, համատեղ նախագիծ եւ այլն։ Կարելի է իրականացնել տարեկան կամ կիսամյակային ամփոփիչ համաժողովներ, որտեղ կներկայացվեն նորարարական հաջողված փորձերը, կխրախուսվեն լավագույն մենթոր դպրոցները, կտրվեն պատվոգրեր կամ հուշանվերներ՝ ոչ ֆինանսական խրախուսման շրջանակում։ Նախագիծն առաջարկում է ֆինանսավորում տրամադրել ամեն տարի, սակայն չկա մեխանիզմ գնահատելու՝ արդյո՞ք խրախուսանքն իսկապես բերում է շարունակական զարգացում։ Առաջարկում եմ ներդնել երկարաժամկետ ազդեցության մոնիթորինգի համակարգ, որը կհետեւի հաստատությունների զարգացման տեմպին՝ նույնիսկ ֆինանսավորումից տարիներ անց»։
Նախագիծը ողջունել էր մեկ այլ փորձագետ եւ արել մի քանի նկատառում․ «Խրախուսումը կմոտիվացնի դպրոցներին՝ ցուցաբերելու բարձր կատարողական։ Սակայն առաջարկում եմ ցածր կատարողական ունեցող դպրոցներում վերհանել ցածր կատարողականի պատճառները, ֆինանսական օժանդակությունից զատ ցուցաբերել մասնագիտական ու մեթոդական աջակցություն եւ իրականացնել մշտադիտարկում տվյալ դպրոցներում։ Նաեւ առաջարկում եմ՝ հաճախակի կազմակերպել խորհրդատվական, փորձի փոխանակման միջոցառումներ, որտեղ բարձր կատարողական ունեցող դպրոցները կկիսվեն իրենց փորձով եւ կհամագործակցեն միմյանց հետ»։

Առաջարկներից մեկն էլ վերաբերում էր մրցութային կարգին ու պայմաններին․ «Մրցույթի գնահատման ժամանակ սահմանել արտաքին դիտորդների ներգրավման կարգ: Մրցութային գործընթացի թափանցիկությունն ապահովելու նպատակով նախատեսել անկախ դիտորդների ներգրավման հնարավորություն, մասնավորապես՝ քաղաքացիական հասարակության եւ մանկավարժական կազմակերպությունների ներկայացուցիչների թվում»։