Կոմունալները գալիս են` կաթվածահար ենք լինում

Կոմունալները գալիս են` կաթվածահար ենք լինում

Գազի ամսեամիս բարձրացող վարձավճարներից շատերն են բողոքում։ Բողոքում են նաեւ գազի որակից։ Կրակի կապույտ լեզվակների փոխարեն գազօջախները կարմիր բոցերով են վառվում։ «Մեջը կալորիականություն չկա․ մեկ բաժակ սուրճը 10 րոպեից ավելի է եփվում, իսկ մարտկոցները 60-65 աստիճանի տակ հազիվ են տաքանում»,- ասում է Էջմիածնի Իսակով փողոցի բնակիչ Գոհար Մինասյանը։ 

Իսկ Տիգրան Մեծի բնակիչ Գայանե Խաչատրյանի ասելով՝ ամեն ամիս վարձավճարի զգալի տարբերություն են նկատում։ «Նոյեմբերին վճարել եմ 53 հազար, դեկտեմբերին՝ 77, իսկ հունվարին՝ 83 հազար դրամ։ Գազի կաթսան միացրած օրվանից անփոփոխ՝ 60 աստիճանով եմ պահել։ Ինչպե՞ս է եղել, որ ջերմաստիճանը կայուն պահպանել եմ, բայց ամիս ամսվա վրա 15-20 հազար դրամի տարբերություն է տվել։ Հենց կոմունալները գալիս են, առաջինը գազի թվերին եմ նայում ու կաթվածահար եմ լինում»,- դժգոհեց տիկին Գայանեն։

Հաշվի տարբերությունը պարզելու համար նա զանգել է գազի սպասարկման «Էջմիածին» տեղամասի գրասենյակ։ Խնդիրը ներկայացրել է աշխատակցուհուն։ «Ինձ հարցնում է՝ դուք ամռանը գազ օգտագործո՞ւմ եք, ասում եմ՝ միայն տաք ջրի համար։ Պատասխանում է` բա հիմա ձմեռ է, Նոր տարի է, գազ եք վառում։ Ասում եմ՝ լավ չե՞ք, ամառն ու ձմեռն իրարից չե՞ք տարբերում։ Ուզում եք ասել՝ ամռա՞նն էլ ենք տունը ջեռուցել։ Տեսավ՝ գլուխ չի հանում, ես էլ զայրանում եմ, ինչ-որ հեռախոսահամար փոխանցեց, որ գանգատս այդ հասցեում հայտնեմ։ Զանգելուց հետո պարզեցի, որ գազի վթարային ծառայության համարն է տվել»,- ասաց կինը։

Վերջինս թեեւ գիտակցել է, որ հարցի իրական հասցեատերը վթարային ծառայությունը չէ, այդուհանդերձ, ներկայացրել է խնդիրը։ Ծառայությունից կարծել են՝ գազի արտահոսք կա։ Հրահանգել են անհապաղ բացել դռներն ու պատուհանները՝ հնարավոր հետեւանքներից խուսափելու համար։ «Մինչեւ գանք, հասնենք»,- ասել են։

«Դառավ կինո։ Ասում եմ՝ արտահոսք չկա, գազի հոտ չի գալիս։ Ես օրը հարյուր անգամ գազօջախը միացնելու համար լուցկի եմ վառում, սենյակներում ջահեր ու լուսամփոփներ եմ միացնում, եթե արտահոսք լիներ, հիմա տունը օդերով կլիներ։ Բայց եկան։ Զննեցին, համոզվեցին, որ արտահոսք չկա, ու երբ վերջապես մինչեւ վերջ լսեցին բողոքս, խորհուրդ տվեցին զանգել գազի գրասենյակ։ Ասացի՝ արդեն զանգել եմ, իրենք ձեզ մոտ են ուղարկում, դուք՝ իրենց։ Մի բան էլ՝ հավասարության նշան են դնում ամռան ու ձմեռվա ամիսների միջեւ՝ փորձելով հիմարացնել»,- ասաց բնակիչը։

Արեգ Մարգարյան