Քովիդը շարունակում է հունձքը

Քովիդը շարունակում է հունձքը

Երեկ տեղեկացանք, որ երգիչ Հայկոն ծանր վիճակում գտնվում է Միքայելյան հիվանդանոցում` նա կորոնավիրուսով է վարակվել, տնային բուժում է ստանալիս եղել, սակայն անսպասելիորեն վիճակը վատացել է` տեղափոխել են հիվանդանոց, թոքերի ախտահարման շատ մեծ աստիճանով: Երեկ հիվանդանոցում նրան է այցելել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Իսկ կորոնավիրուսը շարունակում է հնձել մարդկանց` նորանոր մահերի պատճառ դառնալով: Հայտնի դերասանուհին` չքնաղ Անահիտ Թոփչյանը, ով 74 տարին էր բոլորել, նախօրեին իր մահկանացուն կնքեց, ընդամենը 17 օր առաջ մահացել էր ամուսինը` հայտնի գրականագետ, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը: Երկուսի մահվան պատճառն էլ քովիդն է:

Նախօրեին նույն ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխել նաեւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մորը` «Արմֆարմացիա» ընկերության նախկին տնօրեն, ՀԱԿ անդամ Մարգարիտա Վարդանյանին։ Այդ մասին մեզ հայտնեցին հիվանդանոցի մեր աղբյուրները։ Հատկանշական է, որ նախարարի մայրն արդեն պատվաստված է եղել «Սպուտնիկ» պատվաստանյութով, ինչը, փաստորեն, որեւէ ձեւով չի ապահովագրել նրան վարակվելուց։

Մենք կապ հաստատեցինք նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, ով անակնկալի եկավ ու ի պատասխան մեր հարցմանն ասաց․ «Ես նման գաղտնիք պարունակող տեղեկությունների վերաբերյալ չեմ պատրաստվում որեւէ բան ասել եւ շատ ցավում եմ, որ հիվանդանոցը չի պահպանել մեր կանոններով, օրենքով սահմանված բժշկական գաղտնիքի վերաբերյալ տվյալները։ Այսքանը»։ Ավելի ուշ խմբագրություն էր զանգահարել նախարարության խոսնակը եւ մեզ քրեական ու քաղաքացիական հայցերով էր սպառնում, քանի որ գաղտնի տեղեկություն ենք հրապարակել:

Թե երբվանից քովիդով հիվանդանալը դարձավ գաղտնի տեղեկություն, եւ երբվանից են նախարարներն օրենքով պաշտպանված, որ իրենց եւ հարազատների մասին որեւէ բան չհրապարակվի, խոսնակը չկարողացավ բացատրել: Ի դեպ, քանի որ քովիդը, պատվաստումները եւ կառավարության անդամների հետ կապված տեղեկատվությունը հանրային կարեւորություն են պարունակում, նրանք որեւէ կերպ չեն կարող սահմանափակել այդ տեղեկությունների հրապարակումը, եւ անգամ անձնական տվյալների մասին օրենքը նրանց չի պաշտպանում: