Բեկում մտցնելու շանս ունենք․ մեզ ընդամենը մի բան է խանգարում

 Բեկում մտցնելու շանս ունենք․ մեզ ընդամենը մի բան է խանգարում

Հանրության մոտ կամ հանրության մեծամասնության մոտ մի այսպիսի կարծիք է ձևավորվել, թե մենք այլևս որևէ խնդիր լուծելու, ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորություններ չունենք։ Իրականության մեջ ես հիմա շատ ծանր որակումներով կարող եմ նկարագրել այն իրավիճակը, ինչ ունենք անվտանգային համակարգում, սակայն ինձ համար այս իրավիճակում շատ հեռվում երևացող մի լույս կա՝ այն բանի հետ կապված, որ եթե հնարավորություն ունենանք երկրում արմատական փոփոխություններ իրականացնելու, իրականության մեջ կարող ենք որոշակի ժամանակահատվածում իրավիճակը կտրուկ փոխել։ Միակ խանգարող հանգամանքը Նիկոլ Փաշինյանն է։

Այս մասին քիչ առաջ «Հայկական օրակարգ․ սրընթաց զարգացումների շեմին» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ իր ելույթում ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամվոր Տիգրան Աբրահամյանը։ Քննարկումը նախաձեռնել է «Այլընտրանքային նախագծեր» խումբը։

«Կարճ ժամանակում իրականության մեջ կարող ենք վերականգվել ու կռիվ տալ, կռիվ տալ բոլոր ճակատներում։ Այո, Ադրբեջանը վերահսկողություն է սահմանել ՀՀ տարածքների, ռեսուրսների, ենթակառուցվածքների նկատմաբ, բայց նույնիսկ այս պայմաններում ռազմական իրավիճակն այնպիսին է, որ բեկում մտցնելու հնարավորություն միանշանակ ունենք։ Պատճառը, որը մեզ թույլ չի տալիս բեկում մտցնել այս պահին, միայն ու միայն այս իշխանությունն է, որի գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանը։ Ակնհայտ է, որ Փաշինյանի հեռացումը բերելու է նաև իր ստեղծած համակարգերի փլուզմանը»,- հավելեց նա։