Ռուսաստանում բոլոր հայերն ուզում են ներկայանալ որպես համայնքը ներկայացնող թիվ մեկ պերսոնա

Ռուսաստանում բոլոր հայերն ուզում են ներկայանալ որպես համայնքը ներկայացնող թիվ մեկ պերսոնա

Մենք տեղեկացրել էինք, որ Մոսկվայի սրտում՝ Տվերսկայա 17 հասցեում գործող հայկական «Արմենիա» ռեստորանի հայազգի սեփականատերերը դատի են տվել Ռուսաստանի ընդդիմությանը՝ տեղական ընտրություններին նախորդած բողոքի ակցիաների արդյունքում իրենց պատճառված վնասի հայցով։ Հայ համայնքը քննադատում էր «Արմենիա»-ին» եւ մի ռուսական պատվիրակություն էլ գնացել էր ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն՝ բողոքելով դրա դեմ։ Մենք զրուցել ենք ռուսաստանաբնակ հայազգի քաղաքագետ Մարիամ Հովսեփյանի հետ, ով այլ կարծիքի է ու ասաց, որ ցույցերի պատճառով ոչ միայն տապալվել է հարսանիքի բանկետը, այլեւ տուժել է ռեստորանի վերանդան, որը դրանից հետո վերանորոգվել է, սակայն դատական հայցում չի ներառվել։ Այդ օրը ոչ թե սովորական բանկետ պետք է լիներ, այլ՝ հարսանիք, եւ ցուցարարները հարսին ուղղակի չեն թողել ռեստորան մտնել՝  սեփական հարսանիքին։

Մարիամ Հովսեփյանն ասում է՝ իր համար վիրավորական է, որ ՌԴ-ում հայերն իրար սկսել են ուտել մի հարցի շուրջ, որն իրենց չի վերաբերում։ «Շա՞տ ես ուզում, տեղափոխվիր Հայաստան։ Մի՛ ապրիր Ռուսաստանում եւ մի ուզիր այն, ինչ եղավ Երեւանում։ Հա, ես էլ եմ ապրիլի 13-ից մայիսի 1-ը մասնակցել։ Շատ լավ էր, ուրախացանք, ոգեւորվեցինք, բայց հիմա ի՞նչ ունենք՝ ոչ մի բան։ Իրավիճակը ոչ մի առումով դեպի լավը չի փոխվել, շատ բաներում էլ վատացել է։ Եվ ես ինձ շատ մեղավոր եմ զգում, որ ես էդ օրերին ցույցերի եմ մասնակցել ու ամսի 23-ին ոգեւորված՝ ուրախացել եմ»։

- Մարիամ, կարծեմ, հայերը պահանջել էին, որ Նիկոլ Փաշինյանը միջամտի, եւ հայկական ռեստորանը հետ վերցնի իր հայցը։

- Ինչո՞ւ, էլի, Փաշինյանը պետք է միջամտի, խառնվի ու ինչ-որ ազդեցություն ունենա  ՌԴ-ում ռուսական բիզնեսի վրա, որն ընդհանրապես որեւէ կապ չունի Հայաստանի կառավարության հետ։ Հետո՞ ինչ, որ անունը «Արմենիա» է։ Փաշինյանը խառնվի, որ ի՞նչ։ Ասի՝ լավ են արել, որ ձեր հարսանիքը խափանե՞լ են։  Թեպետ ինքն իրականում խառնվում է շատ։

- Ինչպիսի՞ն էր Ռուսաստանի հայ համայնքը թավշյա հեղափոխությունից առաջ եւ հետո։

- Քանի որ Հայաստանում գրեթե բոլոր առաքիչները դարձան պատգամավոր, տաքսու վարորդները՝ փոխքաղաքապետ, չգիտեմ էլ ինչ, համայնքում էլ նույն մարդիկ, ովքեր գոնե մի 3 հոգանոց ՀԿ ունեն, իրենց չգիտեմ ինչ են երեւակայում․․․ Հա, համաձայն եմ՝ արդարացի չէ, որ այստեղ վարորդը կարող է դառնալ նախարար կամ փոխքաղաքապետ։ Բայց մերոնք էլ՝ նույն տրամադրվածությամբ ու նույն ոգեւորությամբ, որ ես ինչո՞վ եմ մյուսից պակաս, սպասիր ես էլ առաջ ընկնեմ... Ու սենց՝ ամեն մեկը պատկերացրեց, որ ինքը դառնալու է դեսպան, համայնքում առաջին դեմք, ու վերմակն իր վրա է քաշում։ Բայց այստեղ խնդիրը խորքային է։ Ես իմ ատենախոսության մեջ նշել եմ, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին պայմանավորված է եղել 2 հանգամանքով․ մեծ հայկական համայնք Ռուսաստանում եւ Հայաստան-ՌԴ բիզնես հարաբերությունները՝ տրանսֆերտներից սկսած։ Հիմա վերադառնանք համայնքին․ մենք միշտ իմացել ենք, որ համայնքը չի կառավարվում պետության կողմից, համայնքն ինքնաֆինանսավորվող է, ինչ-որ տեղ տրամադրություններ է թելադրել։ Հիմա ոնց հասկանում եմ՝ ներկա կառավարության խնդիրն է, որ համայնքը դառնա կառավարելի պետության կողմից ու լինի․․․ այսպես ասած՝ առանց սյուրպրիզների։

- Իսկ ի՞նչ խողովակներով է արվում․ հայկական ինչ-որ էմիսարների՞, արտգործնախարարությա՞ն։

- Դա օֆիցիալ խողովակներով չի արվում, այլ ինչ-որ կուլիսային միջոցներով ու դեմքերով։ Օրինակ՝ Յուրի Նավոյանի տիպի մարդկանց ու իր անձնական «Դիալոգ» ՀԿ-ի միջոցով։ Նույն Նարինե Դավթյանը, որը Յուրա Նավոյանի հետ ծրագիր էր մշակել, որ իրար դեմ հանեն դեսպան Տողանյանին եւ Աբրահամյանին, միանան Ռուբեն Ցոլակովիչին (Ռուսաստանի հայերի միավորում)։ Ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու հարձակումներ են տեղի ունենում։ Տարբեր մարդկանց կողմից, իհարկե, Երեւանում էլ եք տեսնում՝ ինչ է տեղի ունենում։ Մոսկվայում պաշտոնատար անձանց կողմից եկեղեցին որեւէ խնդիր չի ունեցել, բայց կան մարդիկ, որոնք, սնուցվելով տարբեր միջոցներից, իրականացնում են հակաեկեղեցական գործունեություն։

- Իսկ ո՞վ է Հայաստանից նույն՝ Ձեր նշած Նավոյանի եւ մյուսների գործողությունները կոորդինացնում։

- Համաձայն իրենց գրագրության՝ տարբեր անուններ են նշված։ Բայց արդեն համոզված էլ չեմ, որ իրենց հետ աշխատում են, եւ ավելի շատ հակվում եմ նրան, որ համայնքում մարդիկ փորձում են ինքնադրսեւորվել որպես համայնքի գլխավոր պերսոնա։ Էն, որ ասում է՝ ջուր պղտորել՝ ձկներ որսալու նպատակով։ Բայց չեմ կարող ասել՝ այստեղից իրենց տոն տվե՞լ են, թե՞ ոչ։ Ամեն դեպքում, Նավոյանն իմ դեմ ոստիկանություն բողոք է ներկայացրել, որ ես հրապարակել եմ Նարինե Դավթյանի հետ իրենց գրագրությունը, որտեղ Նարինեն Յուրային խորհուրդ էր տալիս գտնել 200 հազար դոլար ռուսական համայնքից, որ հետո իրենք երկուսով գային Աննա Հակոբյանի մոտ, որ Յուրան իրեն այստեղ «պոզիցիանիրըված» աներ՝ որպես հայ համայնքի դեմք։ Ու էդ ժամանակ Զարեհն էր եկել՝ Սինանյան, ու Նարինեն հարցնում է՝ Զարեհը որ եկել է, դու ինչոր պետք էր, արեցի՞ր․․․

- Իսկ փորձո՞ւմ են ՌԴ-ում արտագնա աշխատող հայերի խնդիրները բարձրացնել, ինչ-որ հարցեր լուծել։ Օրինակ՝ մեզ նամակ էր եկել, որ Մոսկվայի «Յանդեքս» տաքսին, որի ղեկավարն էլի հայ է, աշխատանքի չի ընդունում հայերին։ Կամ, եթե հիշում եք՝ Սոչիի օդանավակայանի դեպքը․ մարդկանց աշխատանքից ազատում էին ազգային պատկանելության հողի վրա։

- Այս պահի դրությամբ ստացվում է, որ ՌԴ-ում ապրում է 3 միլիոն հայ, որոնք ընդհանրապես չեն ենթարկվում ներկա իշխանությունների օրենքներին։ Բոլորը մնացին հայկական հեղափոխության էյֆորիայի տակ ու ենթադրեցին, որ հեսա Ռուսաստանում էլ է նման բան լինելու։ Չեմ ասում՝ բոլորը, բայց շատ-շատերը, որոնք էս պահին հեղափոխական ոգեւորություն կամ վիճակ են ապրում, բավականին վտանգավոր են։ Ու նման մարդկանց շնորհիվ արդեն իրավիճակ է փոխվում։ Հայերը երբեք Ռուսաստանում այսքան խնդիր չեն ունեցել, ինչքան հիմա։ Օդանավակայանը կամ վարորդական իրավունքի հետ կապված էդ փոփոխությունը, որ հայկական վարորդական իրավունքով հայերն իրավունք չունեն ՌԴ-ում աշխատել, դա պայմանավորված է ԵԱՏՄ պահանջներով, բայց ո՞նց կարող է այն կարգավորվել, երբ Հայաստանում, ի պատասխան, նոր օրենք ընդունեցին, որ Հայաստանում նույնպես վարորդ աշխատելու իրավունք չունեն նրանք, ովքեր ունեն ռուսական վարորդական իրավունք։ Ակն ընդ ական, ատամ ընդ ատաման, բայց մենք մեզ վնասեցինք, որովհետեւ այն հայերը, որոնք վերադարձել են Հայաստան՝ ապրելու, ունեն ռուսական վարորդական իրավունք եւ տաքսի են վարում։ Այսինքն՝ մենք մեզ ենք վնասում, որովհետեւ ոչ մի ռուս չի գալու Հայաստանում տաքսի քշելու։ Հիմա, ենթադրում եմ, որ եթե ՌԴ-ում օրենք ընդունեն, որ հայերն իրավունք չունեն պատ շարելու, մերոնք էլ շատ ուժեղ, դուխով նմանատիպ օրենք են ընդունելու։