Այս հայերը դարերով մնացին նույն միամիտն ու ռոմանտիկը

Այս հայերը դարերով մնացին նույն միամիտն ու ռոմանտիկը

Կարդում եմ մարդկանց վերլուծությունները: Մեկը մեկից խելացի, մեկը մեկից խորաթափանց ու գրագետ: Ահա այս մեկը հարցի իրավական կողմն է բացահայտել` հանգամանալից հիմնավորել, թե ինչու չի կարող Լաչինի միջանցքը վերանալ, փոխարինվել ինչ որ ճանապարհով: Մյուսը 2020-ի նոյեմբերի 9-10-ի փաստաթուղթն է մեջբերել` նրա չարաբաստիկ կետերի մեջ «փրկություն» որոնելով եւ մատնացույց անելով, որ այլընտրանքային ճանապարհը պետք է գործարկվեր միայն 2023 թվականին եւ դեռ մեկ տարի ժամանակ մենք ունեինք: Երրորդը միջազգային իրավունքի նորմերին ու մարդու իրավունքների միջազգային ակտերին է հղումներ անում, հիմնավորելով, թե ինչու չպետք է Բերձորն ու Աղավնոն հանձնվեն, մարդիկ տեղահանվեն իրենց բնակավայրերից: Չորրորդը Ռուսաստանին է ամոթանք տալիս` հիշեցնելով եռակողմ համաձայնագրով նրա ստանձնած պարտավորությունները եւ ռուս խաղաղապահների առաքելությունը: Հինգերորդը վրդովված է, որ ճանապարհի կառուցումը հայկական կողմն այնքան ձգեց, որ բանը հասավ գրունտային ճանապարհով երթեւեկելուն:

Վեցերորդը հիշեցնում է մեկ տարի առաջ ՀՀ եւ Արցախի իշխանությունների հավաստիացումները, թե` Աղավնոն ու Սուսը չեն հանձնվելու: Եւ բոլորը ճիշտ են, բոլորի վերլուծություններն ու փաստարկներն իրական են, զայրույթն ու վրդովմունքը` հասկանալի: Նիկոլ Փաշինյանն էլ է, ըստ էության, խոսում այն մասին, որ այն, ինչ կատարվում է Բերձորում անարդար է եւ անհանդուրժելի, քանի որ ճանապարհի պլանը հաստատված չէ եւ Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ այս պահին, ձեռքի հետ էլ սպառնում է, որ կդիմեն միջազգային կառույցներին ու գերտերություններին:
Բայց այս բոլոր վերլուծություններն ու փաստարկները, սպառնալիքներն ու իրավական նորմերն առ ոչինչ են, որովհետեւ մեր թշնամին, մեր հակառակորդները դրանք լսելու եւ դրանցով շարժվելու ոչ ցանկություն ունեն, ոչ մոտիվացիա: Նրանք հաղթողի, ագրեսորի, ուժի դիրքերից առաջ են մղում իրենց շահը` արհամարհելով մեր բոլոր փաստարկներն ու զգուշացումները, բոլոր իրավական փաստաթղթերն ու պայմանավորվածությունները:

Ի՜նչ նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, ի՜նչ պարտավորություններ, ի՜նչ Պուտին ու Ռուսաստան: Ուժն է ծնում իրավունք եւ դա մեր բարբարոս ու ագրեսոր հարեւանը շատ լավ է հասկացել: Ոչ միայն ուժը, այլ նաեւ աշխարահաքաղաքական իրավիճակն է նրանց օգտին: Եւ դրանից նույնպես կոռումպացված Ադրբեջանն ու ժողովրդավարությունից շատ հեռու Թուրքիան հրաշալի օգտվում են: Թերեւս նաեւ ծիծաղում են հայերի ազնիվ վրդովմունքի ու փաստարկների վրա: Մտածում են` այս հայերը դարերով մնացին նույն միամիտն ու ռոմանտիկը, նրանց թվում է, թե Արեւմուտքը կօգնի, Ռուսաստանը կհասնի, իսկ միջազգային իրավունքի նորմերն ինչ որ արժեք ունեն 21-րդ դարում: