Եղեգնուտցիների բարիկադային պայքարի վերջը չի երևում

Եղեգնուտցիների բարիկադային պայքարի վերջը չի երևում

Բերքահավաքի այս թեժ օրերին փոխանակ դաշտ ու այգում լինելու, եղեգնուտցիները գյուղապետարանն են հսկում՝ թույլ չտալու նախկին գյուղապետ Ռազմիկ Մարգարյանի մուտքը վարչական տարածք։ Արդեն 20 օր է՝ համայնքապետարանի շենքը չի բացվել, համայնքի կյանքը կաթվածահար է եղել։ Եղեգնուտցիների անդորրը խախտվեց այն օրվանից, երբ իմացան, որ վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել է նախկին գյուղապետ Ռազմիկ Մարգարյանի հայցն ընդդեմ Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանի որոշման, որով դադարեցվել էին 34 տարի Եղեգնուտը ղեկավարած Մարգարյանի լիազորությունները։
Գագիկ Միրիջանյանի որոշումը թավշյա հեղափոխությունից հետո էր, քանի որ գյուղացիներն այլեւս չէին ուզում ապրել ՀՀԿ-ական, իրենց ձեւակերպմամբ՝ բռնապետ Մարգարյանի իշխանության ներքո։ Ասում էին՝ 34 տարի իրենց ահուսարսափի մեջ է պահել, պառակտել է գյուղը, ընկերներին ու բարեկամներին հանել իրար դեմ, համայնքի հողերն ու սեփականությունը բաժանել իր հինգ եղբայրների ու նրանց ընտանիքների միջեւ, կեղծել է բոլոր ընտրությունները, այդ թվում՝ ՏԻՄ, որում միշտ ինքն է հաղթել։

Հավատալով հեղափոխությանը՝ եղեգնուտցիները մի մարդու պես պահանջեցին Մարգարյանի հրաժարականը։ Դրան հաջորդեցին մարզպետի որոշումը եւ Ռազմիկ Մարգարյանի հրաժարականը։ Մարգարյանը գնաց, բայց չհանձնվեց․ դատական բողոք գրեց Արմավիրի նախկին մարզպետի որոշման դեմ, որն էլ 1․5 տարի անց բավարարվեց՝ խռովության նոր ալիք բարձրացնելով գյուղում։
Համայնքապետարանի վարչական շենքը պաշարած գյուղացիները դատարանի որոշումը թերի են համարում։ Ասում են՝ վերաքննիչը մասամբ է բավարարել Մարգարյանի հայցը։ «Մարզպետի որոշումն անվավեր ճանաչելու եւ համայնքապետարանի կլոր կնիքը, աշխատասենյակն ու դրա բանալիներն իրեն վերադարձնելու հայցով Մարգարյանն առաջին ատյանի դատարան էր դիմել։ Դատարանը մերժել էր հայցը։ Մարգարյանը դիմեց վերաքննիչ, սա էլ բավարարեց միայն պահանջի առաջին մասը, այն է՝ անվավեր ճանաչել մարզպետի որոշումը։ Իսկ դա նշանակում է, որ ուժի մեջ է մնում առաջին ատյանի դատարանի որոշումը՝ մասնավորապես կնիքը, բանալիներն ու աշխատասենյակը վերադարձնելու վերաբերյալ։ Ու հիմա, չգիտես ինչու, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը «վիզ դրած» ուզում է 34 տարի գյուղը թալանած մարդուն նորից բերել իշխանության։ Հանձնախումբ է ստեղծել, որի միջոցով ջանում է Ռազմիկ Մարգարյանին տեղավորել գյուղապետարանում»,-ասաց Եղեգնուտի բնակիչ Աշոտ Խուրշուդյանը։
Հանձնախումբը մի քանի անգամ փորձել է «ճեղքել գյուղապետարանի պաշտպանությունն» ու Ռազմիկ Մարգարյանին առաջնորդել աշխատավայր՝ հանձնում-ընդունում անելու, բայց մարդկանց դիմադրությանը հանդիպելով՝ հետ է գնացել։

Այս պատմության մեջ իրենց վիրավորված ու խաբված են զգում հատկապես Եղեգնուտի հեղափոխականները, որոնք օր ու գիշեր Նիկոլ Փաշինյանի կողքին են եղել։ Նրանք հավատացած էին, որ պայքարում են կոռումպացված ռեժիմի դեմ, վստահ էին, որ օրինակ են դառնալու այն համայնքների համար, որտեղ դրության տերերը դեռ նախկիններն են։ Բայց հիմա մի իրավիճակ է ստեղծվել, երբ նորերը «վիզ են դնում» հների վերադարձի համար։ «Թող իրենք «վիզ դնեն», մենք թույլ չենք տա։ Հազիվ միաբանվել ենք, Ռազմիկի պառակտած գյուղից միաբանություն ենք ստեղծել, մեր ապրուստն էլ կկորցնենք, բայց չենք թողնի, որ գյուղապետարանի շենքը բացեն ու Ռազմիկ Մարգարյանին բերեն իշխանության»։