Դուք ասացիք՝ գերագույն գլխավոր հրամանատար, կարծում եմ՝ դրանով ամեն ինչ ասված է

Դուք ասացիք՝ գերագույն գլխավոր հրամանատար, կարծում եմ՝ դրանով ամեն ինչ ասված է

Հուլիսի 12-ի ադրբեջանական ոտնձգությունը խառնեց մեր երկիրը, իսկ երկրի գերագույն գլխավոր հրամանատարը՝ վարչապետը, լուռ է։ Նրա միակ արձագանքն իր կրտսեր դստեր՝ Արփիի պարի տեսանյութն էր, որով իր ֆեյսբուքյան էջում կիսվել էր։ Փոխարենը Տավուշ մեկնեցին «Իմ քայլի» պատգամավորներ Սիփան Փաշինյանը, սյունեցի պատգամավոր Տիգրան Կարապետյանը, որոնք ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամներ են։ Կարապետյանն ասաց, որ նպատակը մեր համաքաղաքացիների կողքին լինելն էր։ «Վերջին մի քանի ժամը Մովսես գյուղում էինք, որտեղ քննարկվում էին տարբեր ենթակառուցվածքային ծրագրեր, շատ զարմանալի էր, որ սահմանին կրակոցներ էին լսվում, բայց մենք գյուղապետարանում նստած՝ ծրագրերից էինք խոսում»։

- Ինչո՞վ է պայմանավորված այս սադրանքը ՀՀ պետական սահմանին։

- Այդ հարցի պատասխանը՝ անկեղծ, ես չունեմ, բայց ինձ համար որեւէ անակնկալ չկա։ Ընդհանրապես, ես կարծում եմ՝ Ադրբեջանի ցանկացած գործողություններում որեւէ տրամաբանություն փնտրել անիմաստ է։ Պետություն է, որի գործողություններին պետք է պատրաստ լինել միշտ վատագույն սցենարով։

- Վարչապետը երեկ կառավարության նիստում փորձում էր տրամաբանություն գտնել՝ Տոնոյանին հարցնելով, թե հնարավո՞ր է մեքենան են ցանկացել վերադարձնել՝ ՈՒԱԶ-ը։ Հարցի տրամաբանությունը Ձեզ հասկանալի՞ է։

- Գիտե՞ք, ես հիմա, քանի որ նաեւ որոշակի տեղեկատվություն կա էդ ամենի հետ կապված, վարչապետի հարցերը խիստ տրամաբանված էին, ուղղակի հասկանալի է, որ բոլոր փակագծերը չեն բացվում։ Բայց ես նույնպես չեմ փորձի հիմա մտնել դետալների մեջ եւ, ընդհանրապես, կոչ եմ անում՝ տեղեկատվության մասով բացառապես վստահենք ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրություններին։

- ՊՆ-ի տարածած այդ տեղեկատվությունն ինչո՞վ չէր բավարարել վարչապետին, որ նա փորձում էր ճշտել՝ արդյոք սադրա՞նք էր դա թշնամու կողմից, թե՞ միամիտ մոլորվել էին ու մեքենան քշել մեր կողմը։

- Ամեն դեպքում, ես հիմա պիտի փորձեմ վարչապետի փոխարեն պատասխանել, կարծում եմ, որ կառավարության նիստը նայելով՝ այդ հարցերի պատասխաններն ամեն մեկը պիտի իր համար ստանա։ ՊՆ-ն տվել է բոլոր հարցերի պատասխանը։

- Տպավորություն էր, թե վարչապետը փորձում էր արդարացնել հակառակորդի գործողությունները։

- ՀՀ վարչապետը գերագույն գլխավոր հրամանատարն է, հետեւաբար՝ մնացած բոլոր շահարկումներն ուղղակի շահարկումներ են։

- Երեկ վարչապետից ակնկալում էին արագ արձագանք, մինչդեռ նա իր դստեր պարի տեսանյութն էր տարածում․ դա՞ էր մեր արձագանքը հակառակորդի սադրանքին։

- Ռազմաքաղաքական կոնտեքստում ՀՀ զինված ուժերը տվել են պատասխան, փառք Աստծու՝ առանց զոհերի։

- Իսկ գերագույն գլխավոր հրամանատարի մակարդակո՞վ։

- Դուք հիմա ասացիք՝ գերագույն գլխավոր հրամանատար, կարծում եմ՝ դրանով ամեն ինչ ասված է։

- Հենց դա եմ ասում՝ գերագույն գլխավոր հրամանատարի մակարդակով իր փոքր դստեր պարը հրապարակե՞լն է մեր արձագանքը։

- Մեր արձագանքը եղել է սահմանին։

- Նկատի ունեմ՝ վարչապետի մակարդակով։

- Վարչապետը ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է։

- Ով որպես սահմանային լարվածության պատասխան՝ այդ տեսանյութն է տարածել։

- Ով որպես գերագույն գլխավոր հրամանատար եւ զորքերի հրամանատար՝ պատասխանը տվել է սահմանին։

- Պարո՛ն Կարապետյան, Ձեզ համար Իլհամ Ալիեւը կի՞րթ մարդ է։

- Գիտե՞ք, եթե ես չունենայի պատգամավորական մանդատ, կտայի այլ պատասխան։ Իլհամ Ալիեւն ինձ համար մարդ է, որը թշնամական հարաբերություն ունի իմ երկրի հետ։ Իլհամ Ալիեւն ինձ համար մարդ է, որի գործողություններն անկանխատեսելի են, որի գործողությունները հաճախ սպառնալիք են իմ երկրի անվտանգությանը։

- Դա՝ Ձեզ համար։ Բայց մեր երկրի գերագույն գլխավոր հրամանատարի համար Իլհամ Ալիեւը կիրթ մարդ է, ում հետ հնարավոր է կառուցողական հարաբերություն ունենալ։ Որո՞նք են այստեղ կիրթն ու կառուցողականը։

- Մենք ունենք բարդագույն խնդիր արցախյան հիմնահարցում, որի լուծման ֆորմատը Մինսկի խումբն է։ Ընթանում են բանակցություններ, եւ դիվանագիտությունն ու դիվանագիտական լեզուն ունեն իրենց նրբությունները։ Ամեն դեպքում, մենք հայտարարել ենք, որ մեզ հետ ուժի լեզվով խոսել չի կարելի, եւ մեր զինված ուժերը երեկ ապացուցեցին դա։ Դիվանագիտական հարթության մեջ որակումները, ձեւակերպումները քիչ այլ են։

- Այսինքն՝ դիվանագիտության մեջ Ալիեւը կիրթ է, իսկ մարտի դաշտում՝ ագրեսո՞ր։

- Ես ներկայացրի իմ տեսակետը եւ փորձեցի արտաքին հարաբերությունների բանակցային ֆորմատների մասով ձեւակերպումներ տալ դիվանագիտական լեզվի վերաբերյալ։

- Երեկ կրկին հիշել էին վարչապետի հայտարարությունը, թե Ալիեւը կիրթ  մարդ է, բայց հարձակվում է արդեն ՄԱԿ-ի կողմից ճանաչված ՀՀ պետական սահմանի վրա։

- Ես նորից պիտի կրկնեմ իմ պատասխանը՝ որեւէ մեկը ՀՀ իշխանության մեջ պատրանքներ չունի մեր հարեւանների նկատմամբ։ Բայց կա Մինսկի ֆորմատ, եւ այդ ֆորմատում, համենայնդեպս, փորձ է արվում բանակցային սեղանի շուրջ, որովհետեւ այլ տարբերակ Ալիեւը չունի՝ արցախյան խնդիրը բացառապես պիտի լուծվի բանակցային սեղանի շուրջ, մեզ հետ շանտաժի, ուժի, զենքի լեզվով խոսել հնարավոր չէ։ Մնացածը, չլինելով դիվանագետ, չեմ փորձի մտնել դիվանագիտական ձեւակերպումների մեջ։

- Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ ամբողջությամբ աջակցում են Ադրբեջանին։ Սա ի՞նչ է նշանակում, միտում տեսնո՞ւմ եք, որ Ադրբեջանը կարող է դիմել լայնածավալ գործողությունների։

- Գիտե՞ք, մենք ապրիլյան պատերազմ ենք անցել, որտեղ համենայնդեպս անզեն աչքով էլ տեսանելի էր Թուրքիայի դերակատարությունը։ Թուրքիան այն երկիրն է, որ միջազգային իրավունքի բոլոր կարմիր գծերը հատել է։ Թուրքիան այն երկիրը չէ, որ Հայաստանին պիտի հորդորի կամ խորհուրդ տա, եւ էստեղ միջազգային հանրությունը, կարծում եմ, լրջագույն անելիք ունի, որովհետեւ չեղավ ադեկվատ ռեակցիա սիրիական ներխուժման ժամանակ, չեղավ Լիբիա ներխուժման ժամանակ, միջազգային հանրությունն ու ամբողջ քրիստոնյա աշխարհը լռեց, երբ Սուրբ Սոֆիայի տաճարն էր Թուրքիան մզկիթ դարձնում։ Հիմա էլ Հայաստանի նկատմամբ է նման հայտարարություններ անում։ Այստեղ մեր արտաքին գերատեսչությունը, կարծում եմ, անելիք ունի, եւ միջազգային հանրությունը, կարծում եմ, մտածելու բավականին մեծ դաշտ ունի։