Նախարարը բոյկոտեց, բայց ռեկտորները ներկա էին

Նախարարը բոյկոտեց, բայց ռեկտորները ներկա էին

2008 թվականին՝ դպրոց-եկեղեցի համագործակցության հուշագրի ստորագրումից հետո  ավանդույթ ձևավորվեց՝ ուսումնական տարվան ընդառաջ օրհնության կարգ կատարել  հայ եկեղեցում։ Տարիներ շարունակ այդ արարողությանը մասնակցել են ՀՀ կրթական համայնքի ներկայացուցիչները՝ոլորտը համակարգող նախարարի գլխավորությամբ։

Ըստ կարգի՝ կաթողիկոսի օրհնությունից հետո ուսուցչակազմին շնորհավորել և  մանկավարժական համայնքին իրենց խոսքն են հղել Կրթության և գիտության՝ իրար հաջորդած բոլոր նախարարները։ Այդպես էր մինչև 2018 թվականը։

«Թավշյա» հեղափոխությունից հետո, սակայն, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտները համակարգող նախարարը երբևէ չի մասնակցել այս հոգևոր արարողությանը։ Արդեն երեք տարի է՝ օրհնության կարգը կատարվում է առանց նրա։ Ավելին, եթե նախկինում այդ արարողությանը մասնակցում էին բոլոր մարզերի կրթական հաստատությունները ներկայացնող՝տարբեր առարկաներ դասավանդող ուսուցիչներ, դպրոցների տնօրեններ ու բուհերի ղեկավարներ, ապա հիմա մասնակցում են միայն «Եկեղեցու պատմությու»> առարկայի մասնագետները։ Սրանով թերեւս երիտասարդ իշխանություններն իրենց վերաբերմունքն են հայտնում եկեղեցուն։ Եւ նաեւ դա է պատճառը, որ գործող իշխանություններին մեղադրում են տարբեր աղանդներին հարելու, ազգի հոգեւոր հիմքերը քանդելու մեջ։

Այս տարվա օրհնության կարգն ինքնին կորոնավիրուսի պատճառով արտասովոր էր։ Բայց սովորական էր հեղափոխությունից հետո ձեւավորված ավանդույթների առումով՝ կրկին նախարարությունն ու նախարարը ներկա չէին ուսումնական տարվան ընդառաջ օրհնության կարգին։ Բայց արժե նշել Բժշկանան ու Մանկավարժական համալսարանների, ինչպես նաև Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորներին, որոնք «հանդգնել» էին ներկա գտնվել վերադասի կողմից անընդունելի հոգևոր կարգին։

Հասկանալու համար նախարար Արայիկ Հարությունյանի՝ արարողությանը համառորեն չմասնակցելու դիրքորոշման պատճառը, զրուցեցինք մի քանի մանկավարժների հետ։ Նրանք զրուցել համաձայնեցին պայմանով, որ անուններն անհայտ մնան։ «Հիշաչար են, կֆիքսվեն վրաս ու ստիպված կլինեմ հրաժեշտ տալ աշխատանքիս»,- այսպես հիմնավորեց նրանցից մեկը։ Անդրադառնալով հոգևոր արարողությանը նախարարի ժխտողական վերաբերմունքին, ասաց․ «Ինքն այլ արժեքներ է դավանում, այլ ուժերի ծառայում։ Նրա համար կարևորը լանզարոտիներն ու նմանապիպ այլ կոնվենցիաներն են, որ մտածողություն փոխի, սերունդներ խեղի, այլասերվածությունը դարձնի դոմինանտ»։

Եկեղեցու պատմության ուսուցիչների համար զարմանալի չէ, որ օրհնության կարգին ներկա չէին այլ առարկաներ դասավանդող ուսուցիչները։ «Կարծեմ՝ հրավերը եկեղեցին է արել։ Եկեղեցին էլ, հավանաբար ընտրել է միայն «Եկեղեցու պատմություն» դասավանդողներին՝ մյուսներին հարվածի տակ չդնելու համար։ Ցավալի է, որ այս ոլորտն էլ են բաժանել սևերի ու սպիտակների։ Ինչ-ինչ, բայց դպրոցը պետք է հեռու մնա քաղաքական գզվռտոցներից։ Ինձ խորոպես մտահոգում է այսօրվա երեխայի ապագան, մեր երկրի ապագան։ Ազգայինն արմատախիլ անելու փորձը աններելի հանցանք է պետության ու պետականության նկատմամբ։ Ոտնձգությունը՝ եկեղեցու, հայ դպրոցի, ավանդական արժեքների հանդեպ ոչ այլ ինչ է, քան պետական դավաճանություն, ինչը երբեք չի ներվելու»,-ասաց մեր զրուցակից մյուս ուսուցիչը։

Զրուցակիցներս նշեին, որ ամաչում են ԿԳՄՍ նախարարին հրապարակայնորեն ծաղրելու համար։ «Աղբամանի մեջ նրա խրտվիլակը քաղաքով մեկ պտտեցնելը տեսնում են նաև դպրոցականները։ Ես անհարմար եմ զգում, որ երեխաս այդ տեսարանի վրա «բոցեր» է անում։ Ինչո՞ւ պիտի չկարողանամ պաշտպանել նրան՝ հենց իմ երեխայից․․․ Ախր, ճիշտը որ ասեմ՝ պաշտպանելու տեղ չի թողել․․․»։