«Հրապարակ»․ Այդ փաստաթղթերը Փաշինյանի դատավարության ծրարների մեջ են լինելու

«Այն, ինչ որ դրված է եղել սեղանին, ինձնից առաջ եղած բանակցությունների արդյունքն է, ամփոփումն է։ Այդ թղթի վերեւն էլ գրված է՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները։ Նախագահները... Հայաստանի Հանրապետության նախագահ ես երբեք չեմ եղել»,- նախօրեին Նիկոլ Փաշինյանը ջղաձիգ վիճակում փորձում էր այսպես արդարանալ այն հարցին ի պատասխան, թե ինչու է հանրությունից թաքցրել 2019 թվականի հունիսին իր սեղանին դրված բանակցային փաթեթը:
Որ Փաշինյանի սեղանին եղել է փաստաթուղթ` առաջարկ, արդեն ինքն էլ չի հերքում, այն դեպքում, երբ 2019թ․ դեկտեմբերի 4-ին ԱԺ ամբիոնից հակառակն էր պնդում: Այն ժամանակ պատգամավորական մանդատ ունեցող Արման Բաբաջանյանի հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը բառացի ասել է. «ԼՂ կարգավորման հարցով սեղանին քննարկվող փաստաթուղթ չկա, չկա, որովհետեւ մենք նախ պետք է հասկանանք ամպլիտուդը։ Երբ ասել ենք, որ Մադրիդյան սկզբունքների հետ կապված պարզաբանումներ պետք է ստանանք, դեռեւս չենք ստացել»։ Ի դեպ, այդ պարզաբանումները նա ակնկալում էր ոչ թե իր նախորդներից՝ ՀՀ 3 նախագահներից, այլ՝ Ալիեւից: 2019-ի հունիսի առաջարկը Մադրիդյան սկզբունքների թարմացված՝ վերջնական տարբերակն էր կամ, ինչպես ասում են՝ Լավրովի պլանը, որը եռանախագահների միասնական առաջարկն էր, ու դրա գոյությունը ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Ֆրանսիան չեն հերքել: Ավելին, ՌԴ ԱԳՆ կայքն անգամ հրապարակեց ռուսաստանցի համանախագահ Պոպովի պատասխանը Փաշինյանին, որտեղ խոսք էր գնում հենց այդ առաջարկների մասին:
«Պարզ է, թե ինչ է կատարվում: Կարելի է երկար դասախոսություն կարդալ այն մասին, որ որեւէ պետության, հիմնարկի, թագավորի, բանկի ղեկավարի փոփոխությունը չի հանում նախորդ ղեկավարի պարտավորությունները: Այսինքն, իրավաբանական անձը նույնն է, փոխվել է դերակատարը, եւ նախորդ պարտավորություններն ընկնում են հաջորդ ղեկավարի վրա: Հիմա, ըստ էության, իր առջեւ իր սիրած «միջազգային հանրությունն» առաջարկ է արել, եթե ավելի կոնկրետ՝ դա վերջնագիր է եղել, որից հետո իր հետ այլեւս սկսել են չխոսել: Առաջարկը 5 շրջան հանձնելու մասին է եղել, ինչի մասին ինքը, իր ասած` «ժողովրդին» տեղյակ չի պահել, սկսել է իր կետից ու ստացել է այն, ինչը հիմա կա: Իր բոլոր ջանքերն ուղղված են պատասխանատվությունից խուսափելուն»,- «Հրապարակ»-ին ասում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, որը համոզված է՝ Փաշինյանին իշխանության են բերել այդ փաստաթուղթն իրականացնելու համար, սակայն Մինսկի խմբի երկրները տարբեր առաջնահերթություններ են ունեցել:
«Այս վարչապետը, գուցե դրսի հրահրմամբ, բանը տարել է պատերազմի, որ վերջնականապես հանձնի Արցախը՝ աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության համար: Իրեն օգտագործել են, հիմա նույնպես շարունակում են օգտագործել՝ Հարավային Կովկասը Թուրքիայի ազդեցության տակ մտցնելու համար: Եթե ինքը 2019-ին գնար այդ փաստաթղթի իրականացմանը, ապա աշխարհաքաղաքական իրավիճակն այլ կլիներ»,- բացատրում է Ստեփան Դանիելյանը:
Նրա խոսքով, Փաշինյանն ինքն էլ շատ լավ գիտակցում է, որ իրեն օգտագործել են, ինչ-որ խոստումներ են տվել, ինչպես Ուկրաինային են ժամանակին տվել խոստումներ, հետո՝ «գցել»: «Ինքը դատարանի առջեւ պետք է այդ հարցերին պատասխանի: Հայաստանում եթե Նյուրնբերգի դատավարության նման դատավարություն տեղի չունենա, մենք՝ որպես քաղաքական ազգ, ապագա չենք ունենա: Այդ փաստաթղթերն իր դատավարության ծրարների մեջ են լինելու, ինքը դրանցից խուսափում է»,- Փաշինյանի համար ոչ լավատեսական սցենար է նկարագրում Ստեփան Դանիելյանը:
Ուշագրավ է, որ առաջարկները Փաշինյանի սեղանին հայտնվելուց մեկ տարի անց՝ 2020 թվականի հունվարին, կապանյան հայտնի ասուլիսի ժամանակ, երբ նա ուղիղ եթերում ընթերցում էր Մադրիդյան սկզբունքներն ու շանտաժի ենթարկում Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուներին՝ պահանջելով ասել՝ ընդունո՞ւմ են այդ սկզբունքները, թե՝ ոչ, Փաշինյանը հայտարարեց. «Որ պահին հենց էս նույն կետից ՀՀ-ն ցանկանա շարունակել բանակցությունները, միջազգային հանրությունը բացարձակապես ոչ մի պրոբլեմ չի ստեղծի, թող Արցախի նախագահի թեկնածուներն ասեն՝ էս տեքստն իրենց համար ընդունելի՞ է, թե՞ ընդունելի չէ, թող Արցախի ժողովուրդն ասի, թող հայ ժողովուրդն ասի, եթե ձեզ կհավատացնեն, որ սա կորսված է, ձեզ խաբում են»:
Բայց կյանքը ցույց տվեց, որ Փաշինյանն է խաբել ժողովրդին, որին խոստացել էր հրապարակն ագորա դարձնել ու միասին որոշում կայացնել: Նա վիժեցրել է 5 եւ անգամ 7 շրջան զիջելու գնով ԼՂԻՄ տարածքով հայկական Արցախ ունենալու հեռանկարը, ինչը, ըստ էության, խոստովանեց 2020թ․ նոյեմբերի 10-ին, երբ բունկերից ուղիղ եթերով հայտարարեց. «Եթե գայի ասեի, հայ հանրությունն ի՞նչ էր ասելու՝ եկեք այդ 5 շրջանները հանձնենք եւ խաղաղությո՞ւն կունենանք»:
Կարծիքներ