Ավելի սարսափելի դատավճիռներ ենք տեսնելու, եթե այս խումբը շարունակի իշխանավարել

Ավելի սարսափելի դատավճիռներ ենք տեսնելու, եթե այս խումբը շարունակի իշխանավարել

Նիկոլ Փաշինյանին «դավաճան եւ վիժվածք» անվանելու համար դատարանը նախօրեին Դավիթ Ավետիսյանին մեղավոր ճանաչեց եւ նրա նկատմամբ որպես պատիժ 525 հազար դրամի տուգանք նշանակեց: Դավիթ Ավետիսյանը «Սասնա ծռեր» խմբի անդամ  Վարուժան Ավետիսյանի որդին է, որ դատապարտվել է 7 տարի 4 ամիս ազատազրկման եւ գտնվում է կալանավայրում։ Հիշեցնենք, որ նախորդ տարի՝ հուլիսի 2-ին, ժամը 16։00-ի սահմաններում, երեւանյան այգիներից մեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված մի քանի արտահայտություններից հետո Ավետիսյանը բերման էր ենթարկվել, ձերբակալվել, որից հետո հարուցվեց քրեական վարույթ: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ:

- Դավիթ Ավետիսյանին դատարանը մեղավոր է ճանաչել Նիկոլ Փաշինյանին «դավաճան» եւ «վիժվածք» անվանելու համար: 2018-ից հետո Նիկոլ Փաշինյանն ատելության խոսքը Հայաստանում գերդոզավորման հասցրեց: Հատկապես պատերազմի պարտությունից հետո նրան ամեն 10-ից 5-ն անվանում է դավաճան, 10-ից երկուսը` վիժվածք, եթե այս սկզբունքով դատարանները սկսեն պատժել մարդկանց, ի՞նչ տեղի կունենա: Մի՞թե կարելի է խոսքի համար մարդուն դատապարտել:

- Շփման մեջ, ամեն դեպքում, մարդիկ պետք է հնարավորինս զուսպ ու հավասարակշռված լինեն, բայց ցանկացած պաշտոնատար անձ միշտ առավել ռիսկային գոտում է՝ նման գնահատականներ ստանալու համար, եւ պետք է ուղղակի պատրաստ լինի իր կարծիքին չհամընկնող կարծիքներ, գնահատականներ լսելու: Պաշտոնյա կամ հանրային մարդ լինելու բացասական կողմը դա է: Եթե դու պատրաստ չես այդ ռիսկերը կիսելու, պատրաստ չես այդ ամենին, ապա չպետք է քաղաքականությամբ կամ հանրային գործունեությամբ զբաղվես: Կարծում եմ` Դավիթի վերաբերյալ դատական ակտ ունենալը հետապնդման տարբերակներից մեկն է, դատապարտել մարդուն, որը ոչ միայն ինքն է անցնում քրեական գործի միջով, այլեւ հայրը դատապարտված է եւ գտնվում է անազատության մեջ: «Դավաճան» բառի եւ նմանատիպ բառերի համար եթե սկսեն քրեական հետապնդումների ենթարկել մարդկանց, ապա Հայաստանում շատ ու շատ մարդկանց դեմ քրեական գործեր կհարուցվեն: Հաստատապես «դավաճան» բառը Փաշինյանի հասցեին հնչել է հազարավոր անգամ: Դավիթը, Մուշեղ Շուշանյանը գաղափարապես իշխանությանը հակադրվող մարդկանցից են, այդ պատճառով էլ դատական համակարգի հանդեպ ունեցած իշխանական ազդեցությամբ դեռ նման վճիռներ շատ ենք տեսնելու: Դեռ ավելի սարսափելի դատավճիռներ ենք տեսնելու, եթե այս խումբը շարունակի իշխանավարել:

- Նիկոլ Փաշինյանը 2021-ին սպառնում էր «շինել» ընդդիմությանը, տարբեր գործիչների հասցեին վիրավորական արտահայտություններ էր անում:

- Շատ ավելի վատ բառեր էլ էր օգտագործում, որոնք տեսաձայնագրության մեջ կան, քաղաքացուն էր սպառնում, ասում էր՝ «կգամ քո հետեւից», ինչպես նաեւ՝ շարժումներով սպառնում էր, թե սեռական ինչ գործողություններ են անելու` հայհոյանքին համարժեք: Ալեն Սիմոնյանն էլ թքեց քաղաքացու երեսին, իրենց կուսակիցները, կուսակիցների բարեկամները ժամանակին մի սպայի ծեծեցին այնքան, որ անկողնում էր գամվել եւ կոմայի մեջ էր, վերջերս մահացավ: Նրանցից ոչ մեկը պատասխանատվության չենթարկվեց, դատարանի առաջ պատասխան չտվեց իր արարքների համար, անգամ նյութեր չնախապատրաստվեցին: Այս իշխանությունները եւս ամբողջական ծավալով օգտագործում են այն լծակները, որոնք ունեն, ինչպես առաջ էր: Ես ակնկալում եմ ավելի լուրջ ու խորքային քրեական հետապնդումներ, ովքեր համաձայն չեն այս իշխանությունների հետ: Ընտրական օրենսգրքի փոփոխությունից սկսած, այլ, այսպես կոչված, կարգավորումներով վերջացրած, ես ակնկալում եմ, որ մենք ունենալու ենք ոչ թե ժողովրդավարության բաստիոնի տնազ, այլ՝ դիկտատուրայի հերթական դրսեւորումը, դասական ու ամենաայլանդակ ձեւով:

- Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին ասացիք: Այդ փոփոխությունների մասին ի՞նչ կարծիք ունեք:

- Օրինակ, Նիկոլ Փաշինյանին եթե ընտրությունների արդյունքները չգոհացնեն, նա կարող է ռազմական դրություն հայտարարել եւ դրա հիման վրա՝ արտակարգ դրություն եւ անել այն, ինչ ուզում է….  տոտալ դիկտատուրա կարող է լինել: Եթե Նիկոլ Փաշինյանը հաղթանակ չտանի, նա կօգտագործի դասական դիկտատուրական գործիքակազմ, որն անգամ նախկինում չի օգտագործվել: Նույնիսկ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն իրենց թույլ չեն տվել՝ ունենալ նման գործիքակազմ` օրենքի հասնող: Իրական հանցավոր ռեժիմներն օրենսդրական դաշտն ամբողջությամբ հարմարեցնում են իրենց, որպեսզի իրենց «թագավորությունը» չընդհատվի: