Գործով անցնող անձինք են հերքել այդ մեղադրանքը

Գործով անցնող անձինք են հերքել այդ մեղադրանքը

Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու եւ վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերեւույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, Ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ինչպես նաեւ շորթում կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասի նախաքննությունը: Դրա վերաբերյալ քննչականը մի երկարաշունչ հաղորդագրություն է տարածել, որում մանրամասն նկարագրում են ենթադրյալ հանցագործության մանրամասները։ Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյաններին առաջադրված մեղադրանքները նույնական են․

«Քանի որ Քննչական կոմիտեն «խնդիր չունի» նախաքննական տվյալներ հաղորդելու․․․ ինչո՞ւ եմ ասում նախաքննական, որովհետև այդ տվյալները նաև վերաբերում են պարոն Ռուբեն Հայրապետյանին, և ես հաստատում եմ, որ այո, Ռաֆիկ և Ռուբեն Հայրապետյանին առաջադրված մեղադրանքները, ըստ էության, նույնական են»։ 

Ըստ պաշտպանի՝ Հայրապետյանները այդ գործով պետք է տուժող ճանաչվեին, սակայն քննիչը հրաժարվել է Հայկ Շահնազարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել․

«Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյանների անունները հրապարակել են, որովհետև ակնհայտ է, որ այս քրեական գործի պատվերը տրվել է Ռուբեն Հայրապետյանի դեմ։ Հիմա, կարծես թե, փորձում են ցույց տալ, թե տեսեք՝ ի՜նչ աշխատանք է կատարվել, բայց  այս քրեական գործը ի սկզբանե եղել է ուղղորդված, պատվիրված, միակողմանի քննված, և մինչև վերջ այդպես էլ ավարտված, որովհետև քրեական գործում բազմաթիվ են ապացույցները, որ հակառակը՝ Ռուբեն Հայրապետյանը և ընդհանրապես Հայրապետյանների ընտանիքը  այս գործով պետք է ճանաչվեն տուժող, որովհետև ընկերության տնօրենը առանձնապես խոշոր չափերի խարդախություն է կատարել Հայրապետյանների նկատմամաբ։ Փաստերի ճնշման ներքո քրեական գործ հարուցվեց, բայց ես կանխատեսել էի այդ քրեական գործի այսպես ասած վախճանը, և այդ քրեական գործը միացվեց այս քրեական գործին, հետագայում՝ դեկտեմբերի 14-ին, քննիչը հրաժարվեց Հայկ Շահնազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց։ Ես այդ որոշումը բողոքարկել եմ դատախազին, դատախազը, իհարկե, մերժել է, բողոքարկել եմ նաև դատարան, դատական ստուգման դեռևս չի ենթարկվել»,- ասաց Մակինյանը։

Պաշտպանին հարցրինք՝ հաղորդագրության մեջ նկարագրված մանրամասները Հայրապետյանը ամբողջովին հերքո՞ւմ է․

«Բացի նրանից, որ հերքվում են գործով անցնող անձանց ցուցմունքներով․․․, այս գործի նախաքննության ընթացքում Ռաֆիկ Հայրապետյանին՝ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը հիմնավոր կասկածի մակարդակում անգամ 2 դատարանների կողմից ստուգվել է, և թե՛ Առաջին ատյանի դատարանը, թե՛ Վերաքննիչ դատարանը արձանագրել են, որ Ռաֆիկ Հայրապետյանի գործողություններում, ըստ այդ նաև կարող ենք զուգահեռներ տանել, որ Ռուբեն Հայրապետյանի գործողություններում  և այլ անձանց գործողություններում ընդհանրապես բացակայում է ապօրինի ազատությունից զրկելու և հոգեկան ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հատկանիշները։ Այսինքն՝ դատարաններն էլ են այդ գնահատականները տվել»,- պատասխանեց Մակինյանը։

Այսինքն՝ այդ դրվագները, ըստ որոնց Հայրապետյանի որդին ապօրինի ազատազրկել է, հեռախոսն առգրավել, ապտակել և այլն, իրականությանը չե՞ն համապատասխանում, Հայրապետյանի պաշտպանն ասաց․ 

«Դատարանի կողմից այդ արարքների վերաբերյալ գնահատականները տրվել են, իհարկե, նաև գործով անցնող անձինք են հերքել այդ մեղադրանքը իրենց ցուցմունքներում, բայց քանի որ պատվերն այդպիսին է եղել, որ ոնց հնարավոր է՝ կատարվի, կատարվել է այն, ինչ հիմա ցույց է տալիս քննչական կոմիտեն իր հաղորդագրությամբ»։

Հիշեցնենք, որ Ռաֆիկ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով, 133-րդ հոդվածի (Ազատությունից ապօրինի զրկելը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով, 182-րդ հոդվածի (Շորթումը) 3-րդ մասի 2-րդ կետով եւ 322-րդ հոդվածի (Ինքնիրավչությունը) 2-րդ մասով: Նրա երկու ընկերներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով եւ 322-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Որոշում է կայացվել Ռուբեն Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 322-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա որդու եւս երկու ընկերներին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով եւ 322-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել է հետախուզում: