ՀՀՇ-ի ժամանակ Հայաստանը վերից վար ՀՀՇ էր, ՀՀԿ-ի ժամանակ` ԺԷԿ-ի պետերից սկսած ՀՀԿ-ական էին, ի՞նչ եղավ

ՀՀՇ-ի ժամանակ Հայաստանը վերից վար ՀՀՇ էր, ՀՀԿ-ի ժամանակ` ԺԷԿ-ի պետերից սկսած ՀՀԿ-ական էին, ի՞նչ եղավ

«Հրապարակի» զրուցակիցը «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ, գյումրեցի Վահան Թումասյանն է:

- Դուք այսօր գրառում էիք արել. «Եթե Գյումրու իշխանական ու կառավարման ճգնաժամը լուծել եք ուզում, ապա զանգեք ու ասեք՝ ղալաթ ենք արել, հետ եկեք»: Այս իշխանությունների պարտադրանքով «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները հարկադրաբար մանդատները վայր դրեցին, պաշտոնյաները հրաժարականներ տվեցին և Գյումրին այսօր նոր ընտրությունների է պատրաստվում: Ի՞նչ ճգնաժամի մասին էիք գրել, այժմ ի՞նչ է կատարվում Գյումրիում: Այսօր առավոտյան տեղեկացանք, որ Գյումրու սանիտարական աշխատակիցներն են բոյկոտ հայտարարել` աշխատավարձ չստանալու պատճառով և Գյումրին աղբի մեջ թաղված է:

- Քաոս ասելով ավելի շատ հոգեբանական պահը նկատի ունեմ, ի դեպ, դա ավելի վտանգավոր է, քան բուն քաոսը: Մաքրությունից խոսեցիք, Գյումրին ամենամաքուր քաղաքն է համարվում, տուրիստները զարմացած են մնում: Եթե հաշվի առնենք աղքատությունը, շատ քիչ քանակությամբ աղբ է կուտակվում օրվա մեջ, մարդիկ շատ բան առնելու և թափելու հնարավորություն չունեն: Այն, ինչ Երևանի աղբանոցներում է կատարվում, Գյումրիում լինել չի կարող: Գյումրին մաքուր քաղաք է: Այնուամենայնիվ ակնհայտ է, որ Գյումրին քաոսի մեջ է: Երբ հետ ենք գնում Խորհրդային տարիներ, բոլոր քաղկոմի, քաղսովետի նախագահները մշտապես Գյումրուց Երևան են տեղափոխվել` աշխատելու նպատակով` Ղարիբջանյանից սկսած: Հետո նաև կառավարություն են գնացել աշխատելու: Գյումրին ոչ միայն սպորտային ու մշակութային քաղաք է եղել, այլև այստեղ կադրերի ռեզերվ էր: Այն ժամանակ ամենահզոր քաղաքն էր, թե մտավորականների և թե ամեն տեսանկյունից: Ու պատահական չէր, որ անգամ պետության կադրային քաղաքականությունն էր սնուցում: Ցավոք, վերջին 30 տարիներին ամեն ինչ փոխվեց: Եկան իշխանության մարդիկ, ովքեր Հայաստանի հետ ոչ մի կապ չունեն: Վերջին 30 տարվա ընթացքում իշխանության եկած մարդիկ ոչ մի կապ չունեն մեր արժեքների հետ: Մեկը մեկից «чужое похмелье» են: Ամեն ինչ խառնեցին իրար, մեր ավադույթները համարեցին սովետական ավանդույթներ ու ամեն ինչ քանդեցին: Երկրաշարժն էլ իր հերթին Գյումրին դարձրեց ամենասարսափելի վիճակում գտնվող քաղաքը: Ստանդարտ խոսքեր չեմ ուզում ասել, բայց սարսափելի վիճակ է, անտեսված է ամեն ինչ, հատկապես գյուղերում: Ամեն օր ես գյուղերում եմ, տեսնում եմ ինչ է կատարվում: Երբ առհասարակ անպատրաստ, պատահական մարդկանց իշխանություն ես տալիս, ամեն ինչ քանդվում է: Մարդկանց մոտ նաև հոգեբանական խնդիր է առաջանում, ցանկանում են գնալ Գյումրուց, որովհետև զարգացում չկա.... Հիմա կառավարական ճգնաժամ է ստեղծվել, չեն հասկանում` ում են ուզում քաղաքապետ դարձնել, անշուշտ Գյումրիում կան նաև աշխատող մարդիկ, բայց նրանց անունները չի պտտվում: Այդ դեպքում ստացվում է, որ շատ սխալ արեցին, որ «Բալասանյան» դաշինքին դուրս հանեցին: Եթե համարժեք փոխարինող չկա, ինչու նման բան արեցին, այ սա է խնդիրը:

- ՔՊ-ն Կարեն Սարուխանյանով է ցանկանում փոխարինել Վարդգես Սամսոնյանին:

- Վայ, լավ էլի, անուններ չեմ ուզում, Թումասյան Վահանը խոսի ու անուններ տա՞, ո՞ւմ անունները, ես կենսագրություն ունեմ, բան ունեմ, ինձ հիմա թույլ տամ խոսել ինչ-որ մարդկանց մասի՞ն: Ես ինձ հարգում եմ, այս քաղաքում ավանդ ունեմ, հարգանք ունեմ:

- ՔՊ-ի թեկնածուն նա է: Իսկ ընդդիմությունը դեռևս չի կողմնորոշվում:

- Չգիտեմ ում կբերեն, եթե նույնիսկ այդ անուններն էլ մոռանանք, մենք տեղական կառավարման փորձառու մասնագետ չունենք: Ի՞նչ ունեին նախորդի դեմ, ի՞նչ վատ բան են արել, կոռուպցիա արե՞լ են` չեն արել, տեղական ինքնակառավարման մակադրակով նույնիսկ տեղեկանք վերցնելու համար գումար չէին պահանջում, հայ մարդը չի սիրում լավ բանը ասել, բայց ինչո՞ւ: Ինչի՞ համար են ճգնաժամ ստեղծում, ո՞ւմ է դա պետք: Ի՞նչ են անելու:

- Հայաստանի այն բոլոր քաղաքներում, որտեղ ՔՊ-ն պարտվել է, ամեն գնով իշխանազավթում է անում. Գյումրի, Ալավերդի, Վանաձոր, Փարաքար.... Ըստ Ձեզ` ի՞նչն է պատճառը:

- Բայց դա ի՞նչ է տալու իշխանությանը:

- 2026-ի ամռանը խորհրդարանական ընտրություններ են լինելու, գուցե` ավելի շուտ:

- ՀՀՇ-ի ժամանակ ամբողջ Հայաստանը վերևից ներքև ՀՀՇ էր, բայց մի գիշերվա մեջ տապալվեց: ՀՀԿ-ի ժամանակ էլ ԺԷԿ-ի պետերից սկսած ՀՀԿ-ական էին, բայց ի՞նչ եղավ, տապալվեց ՀՀԿ-ն: Ինչ եմ ուզում ասել, եթե ՔՊ-ն պետք է տապալվի, տապալվելու է, ՏԻՄ-երում իշխանություն ունենալը ոչ մեկին չի փրկել տապալումից: Առավել ևս «Բալասանյան» դաշինքը, հայ գիտի մի եսիմ ինչ էլ չէր անում` ոչ ընդդիմադիր հայացքներ ուներ, ոչ էլ պայքարում էր ինչ-որ մեկի դեմ, ուղղակի ծառայում էր քաղաքի համար:

- Այդ դեպքում` ի՞նչն է պատճառը, որ նրանց ձեռքից իշխանությունը վերցրին:

- Մարդիկ ոչ մի բանին չէին հակաճառում: Հետո կտեսնենք, հիմա չգիտեմ, թե խի էսպես արեցին:

- Չկա՞ որևէ անուն, որը ցանկալի լինի Ձեզ համար: Ի՞նչ անուններ են շրջանառվում:

- Ես իմ ընկերների հետ, երբ մի անգամ քննարկում էի, թե ով պետք է լինի քաղաքին արժանի, արմատական, ավանդույթներ հարգող ղեկավարը, կես կատակ կես լուրջ ասացի, որ ես պետք է գնամ այդ գործին:

- Այսինքն` որպես քաղաքապետ Ձեզ եք տեսնում:

- Ես միայն այդ պատասխանն ունեմ:

- Կառաջադրե՞ք Ձեր թեկնածությունը:

- Ոչ, ես չեմ ուզում, ունեմ չէ՞ իրավունք չուզելու: Ինչի՞ս է պետք: Գյուղերում եմ ամբողջ օրը: Ինձ լավ մարդիկ եկել առաջարկել են` ընդդիմադիր մարդիկ, ես ասել եմ` ոչ, չկամ պրոցեսների մեջ:

- Ովքե՞ր են առաջարկել:

- Ոչ իշխանականներ, չեմ ասի անուններ: