Հայաստան-Ռուսաստան-Բելառուս կամ լավ մոռացված հինը

Հայաստան-Ռուսաստան-Բելառուս կամ լավ մոռացված հինը

Չէինք բացառել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որին տարբեր ժամանակներում վերագրվել է նպատակ, ցանկություն, երազանք՝ վերականգնելու ԽՍՀՄ-ը, չնայած իր հերքումներին (վերջինը՝ այս տարվա  հուլիսի 31-ին ամենամյա «ուղիղ կապի» ժամանակ ) ու պնդումներին,թե ԽՍՀՄ վերականգնումն անիմաստ զբաղմունք է, որոշել է նախկին խորհդային հանրապետություններից միութենական ինչ-որ մի բան հավաքել։ 

Եվ դրա առաջին արարը միութենական պետության շուրջ ՌԴ-Բելառուս օրերս ավարտված եզրափակիչ բանակցություններն էին, որոնց շրջանակներում համաձայնեցված է 28 նախագիծ կամ ծրագիր, որոնք միտված են խորացնելու ռուս-բելառուսական ինտեգրացիոն գործընթացները, այսինքն՝ միութենական պետությունը տեսականից գործնական դաշտ բերելուն, դրան «միս ու արյուն տալուն»։ Խոսքը վերաբերում է Ռուսաստանի եւ Բելառուսի ազգային օրենսդրությունների ունիֆիկացիային, երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների գործունեության պայմանների հավասարեցմանը, միասնական ֆինանսական, էներգետիկ շուկայի կառուցմանը, միասնական տրանսպորտային տարածքի ստեղծմանը, միասնական արդյունաբերական եւ գյուղատնտեսական քաղաքականության մշակմանն ու վարմանը, ինչպես նաեւ միասնական ռազմաանվտանգային տարածքի ձեւավորմանը։ Հայաստանը, ըստ տարբեր՝ ռուսական փորձագիտական կարծիքների և անգամ՝ տեղեկությունների մակարդակով՝ (հուլիսի 10-ին Նիկոլ Փաշինյան-Պուտին հանդիպման օրը այս մասին հրապարակում էր արել լրագրող Թաթուլ Հակոբյանը) նույնպես լինելու է այս ծիրի մեջ։

Համենայնդեպս, Կրեմլին մերձ ռուսաստանյան վերլուծաբանները այս մասին հարցերին ի պատասխան նշում են, թե դրանում պետք է լինի Հայաստանի շահագրգռությունը։ Եվ այսօր կարդում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Նիժնի Նովգորոդի զորավարժադաշտում անցկացվելիք Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության «Զապադ-2021» համատեղ ռազմավարական զորավարժության ակտիվ փուլի դիտմանը։ Իրականում, նման խոսակցություններ թե՛ ՀՀ ներքաղաքական դաշտում, թե՛ ռուսաստանյան, եղել են միշտ։ Օրինակ՝ եթե հետ գնանք 2001 թվական, ապա այն ժամանակվա խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս կոմունիստների և երբեմնի՝ «Իրավունք և միաբանություն» խորհրդարանական խմբակցության անդամ Աղասի Արշակյանը տևական ժամանակ ոչ միայն հող էին շոշափում, այլև քարոզում գաղափարը, թե Հայաստանի փրկությունը Բելառուս-Ռուսաստան միությանն անդամակցելու մեջ է։ Այդ խորհրդարանականները պնդում էին, թե ունեին անդամության կողմնակիցների 1 միլիոնից ավելի ստորագրություն և իշխանություններից պահանջում էին հանրաքվե։ Նպատակը՝ Հայաստանի սոցիալ-տնտեսական ծանր վիճակ, արտագաղթի կանխում,աշխատատեղերի բացում և Ղարաբաղի խնդրի լուծում։