ԵՊՀ-ն կվերածվի իրավազուրկ կառույցի կամ էլ ընդհանրապես կվերացվի 

ԵՊՀ-ն կվերածվի իրավազուրկ կառույցի կամ էլ ընդհանրապես կվերացվի 

Տարբեր հարթակներում անդրադարձել եմ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգյան Գեղամի՝ միաժամանակ «Էվոկաբանկ» ՓԲԸ-ում պաշտոն զբաղեցնելու հանգամանքին: Հիշեցնեմ, որ վերջինս «Էվոկաբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահի տեղակալն է եւ պաշտոնների նմանօրինակ համատեղումը հանգեցնում է շահերի աներկբա բախման: Ավելին, կարծում եմ, որ շահերի բախումն անխուսափելիորեն հանգեցնում է կոռուպցիայի: Սակայն շատերը միամտաբար կարծում են, այդ թվում՝ նաեւ ես, որ հիշատակված իրավիճակը քննարկելի է միայն բարոյական հարթությունում, քանզի այն նկարագրում է նախապատրաստվող, այլ ոչ իրագործված հանցագործություն: Պարզվում է, որ ճիշտ չենք: Հայրենի օրենսդրությունն ունի պետական պաշտոնյայի պաշտոնավարման՝ մեկ այլ աշխատանքի հետ համատեղման հետ կապված, հստակ իրավական կարգավորում:

Ուրեմն, երբ 2019թ․ մայիսի 30-ին Գեւորգյանն ընտրվել էր ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում, զբաղեցնում էր «Էվոկաբանկ» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնը: Ինչպես հայտնի է, ԵՊՀ-ն ունի հիմնադրամի կարգավիճակ, հետեւաբար, գործում է «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքով: Ըստ այդ օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասի՝ «կառավարիչն այլ կազմակերպություններում կարող է վճարովի պաշտոն զբաղեցնել  միայն հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ»: Ուսումնասիրելով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի բոլոր փաստաթղթերը, արձանագրությունները եւ նիստերի տեսագրությունները, հնարավոր չէ գտնել Գեւորգյան Գեղամի՝ այլ կազմակերպությունում վճարովի պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ որեւէ նշում, մինչդեռ Գեւորգյան Գեղամը 2017-2019թթ․ սեպտեմբեր ամիսը զբաղեցրել է «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի խորհրդի անդամի, իսկ 2019թ․ սեպտեմբերից առայսօր՝ նույն բանկի խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը: 

Անցնենք առաջ: Համաձայն «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքում հրապարակված նույն բանկի կանոնադրության 7.24 կետի՝ խորհրդի անդամները վճարվում են ամսական կտրվածքով: Ավելին՝ «Էվոկաբանկ» ՓԲԸ պաշտոնական ինտերնետային կայքում առկա է հայտարարություն առ այն, որ 2020թ. մայիսի 29-ին հրավիրվել է բանկի բաժնետերերի ընդհանուր ժողով, որով, ի թիվս այլ հարցերի, քննարկման է դրված բանկի խորհրդի անդամների պարգեւատրման չափը սահմանելու հարցը։ Սա ապացուցում է, որ Գեւորգյան Գեղամի զբաղեցրած պաշտոնը վճարովի է, քանի որ ե՛ւ բանկի կանոնադրությունն է սահմանում բանկի խորհրդի անդամների վճարովի լինելը, ե՛ւ նրա պարգեւատրման առկայությունը, որը համարվում է լրացուցիչ աշխատավարձ։ Սակայն սրանով եւս չեմ սահմանափակվել: Ուսումնասիրելով ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ․ թիվ 145-Ն որոշումը (1 հավելված 21-րդ ենթահավելվածի 5-րդ գլխի 1-ին կետ), պարզվում է, որ բանկի խորհրդի անդամը պետք է վարձատրվի: Եվ սա իմպերատիվ պահանջ է: Նույն իրավական ակտի մեկ այլ դրույթում (1-ին գլխի 2-րդ կետ) հստակ սահմանվում է, որ յուրաքանչյուր բանկի խորհրդի անդամի պաշտոնի համատեղումն այլ գործունեության հետ կարող է բացասաբար անդրադառնալ վերջինիս պարտականությունների պատշաճ կատարմանը, ինչպես նաեւ տվյալ բանկի ընդհանուր կառավարման վրա:

Ուրեմն, ի՞նչ ունենք: Մի կողմից՝ Գեւորգյան Գեղամը 2019թ․ մայիսի 30-ին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից ընտրվեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, մյուս կողմից ստացվում է, որ այդ ընտրությունն անօրինական էր, քանզի հակասում է մի շարք իրավական ակտերի: Ստացվում է, որ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը զբաղեցնում է մի անձ, ով ի սկզբանե իրավունք չուներ մասնակցելու ընտրությանը եւ, հետեւաբար՝ ընտրվել: Բացի այդ, ապօրինի են նաեւ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ Գեւորգյան Գեղամի ընտրվելու եւ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը ստանձնելու վերաբերյալ գոյություն ունեցող բոլոր իրավական ակտերը: Ավելին, նույն հիմնավորմամբ, իրավաչափ չեն եւ, հետեւաբար, չեն կարող կատարվել Գեւորգյան Գեղամի՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվելուց հետո կայացրած, առանց բացառության, բոլոր հրամաններն ու որոշումները: Ստացվում է, որ շուրջ մեկ տարի ԵՊՀ-ն ղեկավարում է մի անձ, ում լիազորությունները լեգիտիմ չեն:

Հակիրճ փորձեցի ապացուցել, որ պաշտոնավարման համատեղման արդյունքում առաջացող շահերի բախումը, բացի հնարավոր կոռուպցիոն եւ անբարո դրսեւորումներից, նաեւ իրավաչափ չէ: Գտնում եմ, որ դատարան ներկայացված հայցի շրջանակներում կկարողանամ հիմնավորել ասածս: Կարծում եմ նաեւ, որ նման արարքը որոշ իմաստով կարող է պարունակել քրեական տարրեր:
Այսօրվա դրությամբ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի լիազորությունները, ժամկետը լրանալու հետեւանքով, դադարեցված են: Նույն հիմքով 2020թ․ մայիսի 20-ին դադարեցվելու են նաեւ ԵՊՀ գիտխորհրդի լիազորությունները: Հիմնավորեցի նաեւ, որ Գեւորգյան Գեղամի՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում պաշտոնավարումը լեգիտիմ չէ: Ստացվում է, որ ԵՊՀ-ն 2020թ․ մայիսին փաստացի զրկվում է իրավական կարգավիճակից: Իհարկե, կան իրավական մեխանիզմներ, որոնց միջոցով հնարավոր է կարգավորել առկա իրավական ճգնաժամը, սակայն, ամենայն հավանականությամբ, դրանք իշխանություններին չեն հետաքրքրում: Մի խոսքով, մեծ է հավանականությունը, որ ԵՊՀ-ն վերածվի իրավազուրկ, օրենքից դուրս գործող կառույցի:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ