Նրանք չեն կարող հաղթել

Նրանք չեն կարող հաղթել

Սերժ Սարգսյանի ռեժիմն անշուշտ ավտորիտար էր: Դա անմարդկային ծնունդով համակարգ էր, որը կործանվեց մարդկային դեմքով և խառնվածքով: Ավտորիտարիզմ մարդկային դեմքով. կարծում եմ հենց սա է սարգսյանական տասնամյակի ամենատիպական բնորոշումը: 

Հետաքրքիր զուգադիպությամբ Նիկոլ Փաշինյանի պարագայում ունենք ամբողջությամբ հակառակ պատկերը: Նա իշխանության եկավ մարդկային դեմքով, բայց հետևողականորեն կորցնում է իր մարդեղությունը` սաղմնավորելով ռեժիմ հակամարդկային էությամբ և վարքագծով: Եթե փորձենք բնորոշել փաշինյանական համակարգի տիպաբանությունը, ապա կանգ կառնենք հետևյալ ձևակերպման վրա. պատրանք ժողովրդավարության: 

Թերևս հենց այս երկուսն են հայկական իրականության ելակետային և ամենաէական հոսանքները, որոնք գոյատևում են մշտական առճակատման և հակադրության պայմաններում: Իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ ոչ մեկը և ոչ էլ մյուսը հաղթելու հնարավորություններ չունեն: Ենթադրում եմ, որ վերջնական հանգուցակետը ժողովրդավարության պատրանքի և մարդկային դեմքով ավտորիտարիզմի միահյուսումն ու սերտաճումն է: 

Ամենևին էլ պետք չի ենթադրել, թե սա անխուսափելի վերադարձ է հնին կամ էլ ծնունդն է նորի: Ոչ, իրականում գործ ունենք արժեքային փոխառության կամ էլ փոխներթափանցման հետ, որի հիմքի վրա ի հայտ է գալու այն, ինչը ոչ հին է և ոչ էլ նոր, այն, ինչը պայմանականորեն կարող ենք անվանել կարգը հավասարակշռության: 

Սա պատճառահետևանքային մի ամբողջ շղթա է, որը դասակարգվում է հետևյալ հաջորդականությամբ. ա/ավտորիտարիզմի մարդկայնացում,  բ/հաղթարշավը անմարդկային պատրանքի, գ/վախճանը հակամարդկայինի, դ/մարդու ժամանակը: Վերջին հանգրվանի արժեքն ու որակը առկախված են ինչպես մարդուց, այնպես էլ ժամանակից: