Ընտրեք այն կուսակցությանը, որը ծրագիր կներկայացնի, թե ինչ է պետք անել, եթե ռուսները 4-5 տարուց հեռանան Արցախից

Ընտրեք այն կուսակցությանը, որը ծրագիր կներկայացնի, թե ինչ է պետք անել, եթե ռուսները 4-5 տարուց հեռանան Արցախից

Հարցազրույց Քնեսեթի նախկին պատգամավոր, «Հայաստան-Իսրայել» միջազգային ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերի հետ

- Հետեւո՞ւմ եք Հայաստանում առաջիկա ընտրությունների թեմային, ինչպե՞ս եք գնահատում Մոսկվայի դիրքորոշումը։ Մի կողմից, մերձկրեմլյան քաղաքական-հասարակական-լրագրողական շրջանակներն առավոտից իրիկուն քննադատում են Նիկոլ Փաշինյանին ու իր վարած քաղաքականությունը, մյուս կողմից, գնալով ակնհայտ է դառնում, որ Փաշինյանը ՌԴ-ին ձեռնտու է։

- Մենք, իհարկե, գիտենք պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը, որ սա Հայաստանի ներքին գործն է, այսինքն՝ չեզոք դիրքորոշում։ Հասկանալի է, որ կա 1-ին դեմք, որից ամեն ինչ բխում է, բայց քանի որ Կրեմլը մի քանի աշտարակներ ունի, հռետորաբանության մեջ նյուանսները կարող են տարբեր լինել։ Բայց Հայաստանի իրավիճակը լուսաբանող ՌԴ քաղաքական վերլուծաբանների հետ իմ շփումներից մի եզրահանգում կարող եմ անել․ ինձ թվում է, որ այսօր Ռուսաստանին ինչ-որ մի ժամկետով, ես չգիտեմ, թե դա որքան կձգվի, ձեռնտու է Փաշինյանի գլխավորությամբ հայկական իշխանությունը։ Այսինքն՝ նա 100 տոկոսով կկատարի այն ամենը, ինչը ստորագրել է, եւ նրանից հետագայում ոչ մի անակնկալ չեն սպասում, այդ թվում՝ իր ստորագրած պայմանավորվածությունների չկատարման առումով։ Չէ՞ որ դրանք ոչ մի մարմնի, այդ 3 երկրների խորհրդարանների կողմից հաստատված չեն, անձնական ստորագրություններ են։ Ուստի, կա նաեւ դրանք չկատարելու վտանգ։ Օրինակ՝ գալիս է նոր ղեկավարություն, որն ասում է՝ իսկ մենք չգիտենք, թե ով ինչ է ստորագրել։ Այդ իսկ պատճառով, որքանով ես եմ հասկանում, իրենց ձեռնտու է Փաշինյանի՝ որպես ՀՀ վարչապետի ներկայությունը։ Թե դա որքան կշարունակվի, շատ բարդ է հաշվարկելը։

- Այնուամենայնիվ, հունիսի 20-ին ընտրություններ են, եւ այս հարցում պետք է հստակեցում մտնի։

- Դեռ այդ մասին պաշտոնական որեւէ հաստատում չկա։ Դեռ պետք է հասնել հունիսի 20-ին։ Դեռ պետք է խորհրդարանը, այն բանից հետո, երբ վարչապետը հրաժարական է տալիս, 2 անգամ չկարողանա ընտրել վարչապետ, միայն դրանից հետո հնարավոր կլինի հաշվել։ Եվ ես չգիտեմ․․․ Հայաստանում ամեն ինչ կարող է տեղի ունենալ, խորհրդարանը կարող է եւ չցրվել, ընտրությունները կարող են այնքան էլ տեղի չունենալ։ Իսկ ընդդիմությունը կարծես այնքան էլ գոհ չէ, որ ընտրությունները փաստացի անցկացնելու է Փաշինյանը՝ որպես վարչապետի պաշտոնակատար։ Այսինքն՝ այն, ինչին ձգտում էր ընդդիմությունը, չի հասել՝ որ լինի ինչ-որ մի չեզոք մարդ, որը կղեկավարեր երկիրը նախընտրական քարոզարշավի մեկնարկին։ Դրա համար եկեք հաստատ չխոսենք, որ հունիսի 20-ին ընտրություններ են անցկացվելու։ Իսկ եթե, այնուամենայնիվ, ընտրությունները կայանան ամռանը, ինձ թվում է, որ Ռուսաստանն ակտիվ չի ներքաշվի նախընտրական մրցապայքարի մեջ եւ ցույց չի տա, թե որ թեկնածուներին են իրենք պաշտպանում։ Այսպիսի հռետորաբանություն է, որ սա հայ ժողովրդի ընտրությունն է, մենք աշխատելու ենք ժողովրդի քվեն ստացած յուրաքանչյուր իշխանության հետ։ Ինչ վերաբերում է ՌԴ գործող նախագահի եւ ՀՀ նախկին նախագահ Քոչարյանի միջեւ անձնական հարաբերություններին, ապա դրանք կմնան, բայց ոչ ավելին։ 

- Բայց չէ՞ որ ընդդիմության մի մասը՝ նույն Քոչարյանը, Ծառուկյանը, Վանեցյանը, հայտարարել են, որ պատրաստ են մասնակցել ընտրություններին։ Քոչարյանն էլ ասել է, որ «կրելու» է։

- Դա նորմալ է։ Մեզ մոտ՝ Իսրայելում, օրերս ընտրություններ եղան, չորրորդ անգամ՝ վերջին 2 տարիներին, եւ յուրաքանչյուր կուսակցություն, որ անցավ ու ստացավ 6-7 մանդատ, նրանց առաջնորդներն ընտրություններից առաջ, իսկ ոմանք էլ՝ ընտրություններից հետո, ասում են, որ գնում են գործող վարչապետին փոխարինելու։ Թե՛ Ծառուկյանի կողմից, թե՛ Քոչարյանի, թեպետ չգիտեմ, թե նա որ կուսակցությունով է գնալու, նորմալ է ասել, որ գնալու ենք եւ հաղթենք։ Եվ որոշ կուսակցություններ արդեն սկսել են ընտրություններին նախապատրաստվել։ Կարծում եմ՝ Ծառուկյանը մենակ կգնա, ոչ մի բլոկ չի մտնի, ինչը նա միշտ է անում՝ ունենալով կուսակցական որոշակի կորիզ, որն ապահովում է իր ԱԺ մտնելու համար որոշակի քանակի ձայներ։ Ինչ վերաբերում է Քոչարյանին, ըստ իս, նա ավելի շատ խնդիրներ ունի՝ մի կողմից պետք է լուծի դատավարությունների հարցը, մյուս կողմից՝ հասկանա, թե որ կոալիցիայից է մասնակցելու ընտրություններին։ Գիտեմ՝ մի քանի կուսակցություններ նրան արդեն առաջարկել են՝ իրենց ցուցակով հանդես գալ։ Այս ամենը դեռ մշուշոտ է։

- Ադրբեջանի հռետորաբանությունը վերջին շրջանում փոխվել է։ Նախ հաստատեցին Փաշինյանի՝ իսկանդերների մասին ասածը, հայտնելով, որ Շուշիի մասում գտնվել են բեկորներ, այսինքն՝ հերքեցին ՌԴ-ին, ապա խոսում են այն մասին, որ 5 տարի անց ռուս խաղաղապահները պետք է հեռանան Արցախից։ Թուրքիայի արտգործնախարարն էլ հայտարարում է Ղրիմի եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին։ Ո՞րը կլինի ՌԴ-ի արձագանքը։

- Ես ռուսաստանցի քաղաքագետ չեմ, եւ ինձ մի քիչ դժվար է դատել, թե որն է ռուսաստանցիների արձագանքն ադրբեջանցիների այդ հայտարարություններին։ Ես կարծում եմ, որ խաղաղապահները կմնան երկար։ Որպես կանոն, ռուսական զինվորական կոնտինգենտն ինչ-որ տեղ մտնելուց հետո երկար է մնում։ Մյուս կողմից, ես տեսնում եմ, որ Արցախի խորհրդարանն ընդունել է օրենք, որով ռուսաց լեզուն դարձել է երկրորդ պաշտոնական լեզու։ Եվ ես կարծում եմ, որ Արցախը չի կարող ապրիորի  լինել Ադրբեջանի տիրապետության տակ։ Միայն Արցախի ամբողջ բնակչությունը ոչնչացնելու դեպքում Ադրբեջանը կարող է վերցնել այդ տարածքը։ Այն ավելի շուտ կլինի ռուսական ու անգամ՝ հայկական, բայց ոչ ադրբեջանական։ Եվ ես կարծում եմ, որ այս իրողություններից ելնելով՝ ադրբեջանական ղեկավարության մի շարք հայտարարություններ ուղղված են ոչ թե արտաքին, այլ ներքին լսարանին։ Ինչո՞ւ, որովհետեւ, մի կողմից, Ադրբեջանի բնակչությունը տոնում է իր հաղթանակը, ու կա էյֆորիա, բայց, մյուս կողմից, նրանք չէ՞ որ հասկանում են, որ Արցախը կա, այն գոյություն ունի, այն գործառույթներ է իրականացնում, օրենքներ ընդունում։ Ավելին՝ աշխարհում մարդիկ ավելի ու ավելի հաճախ են սկսում մտածել այն մասին, որ Արցախը չի կարող լինել ադրբեջանական, եւ իրենց բնակչությունը երեւի թե սա քննարկում է։ Ուստի ադրբեջանական ղեկավարությունը սկսել է ապագա ինչ-որ բաների մասին խոսել, որ՝ ոչինչ, ստորագրել ենք, բայց հետո ռուս խաղաղապահներին կհեռացնենք ու Արցախի հարցերը կլուծենք։ Ու եթե վերադառնանք ընտրությունների մասին Ձեր նախորդ հարցին, ապա ինձ թվում է, որ իրեն լավ կդրսեւորի այն կուսակցությունը, որ հանդես կգա ոչ թե ինչ-որ կարգախոսներով ու բացահայտումներով, այլ կոնկրետ ծրագրով, թե ինչ պետք է անել, որ եթե ծայրահեղ դեպքում ռուսները 4-5 տարի հետո այնտեղից իրոք հեռանան, Հայաստանն ու Արցախն այդ պահին պատրաստ լինեն։ Պետք է լինի հունիսի 20-ի ընտրություններից հետո իշխող կոալիցիայի ծրագիր։

- Կուսակցություններն այդ մասին դեռ չեն խոսում, խոսում է Փաշինյանը՝ ասելով, որ պետք է պատրաստվել ոչ թե պատերազմի, այլ երկարատեւ խաղաղության։

- Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության հասնելու հայտարարությունն ինքնին շատ լավ ու ճիշտ է հնչում։ Եվ եթե Փաշինյանը հիմա ասեր, որ եկեք խախտենք պայմանավորվածությունները եւ սկսենք պատրաստվել Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ պատերազմի, չեմ կարծում, որ դա խելոք քայլ կլիներ։ Բայց այդ երկրների հետ երկարատեւ խաղաղության մասին խոսելուց առաջ նախ պետք է, որ Թուրքիան ու Ադրբեջանը փոխեն իրենց հռետորաբանությունը, պետք է ճանաչեն հայերի ցեղասպանությունը։ Չանելով այս առաջին քայլը՝ շատ բարդ կլինի հասնել նման խաղաղության։ Տեսեք՝ Գերմանիա եւ Իսրայել։ Երբ Գերմանիան ճանաչեց Հոլոքոստը, այս երկու պետությունների միջեւ բոլոր ուղղություններով ու հագեցվածությամբ նորմալ հարաբերություններ զարգացան։

- Մեկնաբանում են, թե Փաշինյանը, խոսելով երկարատեւ խաղաղության մասին, փորձում է կանխել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։

- Ցավոք, ամեն անգամ ԱՄՆ նախագահները խոստանում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ հետո վերջին վայրկյանին նորից խոսում են Մեծ ողբերգության մասին, բայց այսօր ԱՄՆ նախագահի համար սա շատ ավելի հեշտ է անելը, քանի որ թե՛ ստորին պալատը, թե՛ Սենատն արդեն ընդունել են նման որոշումներ։ Եվ փաստացի, ԱՄՆ նախագահին մնում է միայն ստորագրել Կոնգրեսի 2 պալատների որոշումները։ Սա շատ մեծ քաղաքական քայլ կլիներ։ Ավելին՝ որպես Իսրայելի քաղաքացի՝ ես դրանում անձամբ շահագրգռված եմ, քանի որ, հաշվի առնելով ԱՄՆ-ի ու Իսրայելի միջեւ սերտ կապերը, հատկապես արտաքին քաղաքական, ապա կարծում եմ, որ ԱՄՆ-ի կողմից նման քայլից հետո նույն բանը տեղի կունենա Իսրայելում, ինչին մենք փորձում ենք հասնել վերջին 20 տարիներին։