Ինչպես է պետությունը դադարում գոյություն ունենալ

Ինչպես է պետությունը դադարում գոյություն ունենալ

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի մաքսային կցորդ Արամ Թանանյանը «Հրապարակին» տված հարցազրույցում ասում է, թե հիմքեր չի տեսնում պնդելու, որ Վրաստանում Ադրբեջանի եւ Թուրքիայի բեռնատարներն ավելի արտոնյալ պայմաններով են անցնում սահմանը, քան հայկականները: Թանանյանը չի տեսնում, բայց հայ վարորդները տեսնում են: Թանանյանը կարող է եւ չտեսնել, քանի որ նա գտնվում է Ռուսաստանում, իսկ հայ վարորդները հերթի մեջ են Վրաստանում:

Գուցե հայ վարորդների դիտարկումները սուբյեկտիվ են, եւ նրանք չունեն վիճակագրական տվյալներ, թե քանի հայկական մեքենա է անցնում Վրաստանից դեպի Ռուսաստան եւ քանի թուրքական ու ադրբեջանական կամ ինչ հարաբերակցությամբ: Բայց փաստ է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքական եւ տնտեսական ազդեցությունը Վրաստանի վրա մեծ է, եւ չի բացառվում, որ այդ երկրները կարող են իրենց բեռնափոխադրողների համար ավելի նպաստավոր պայմաններ ապահովել, ի հաշիվ հայ բեռնափոխադրողների: Բայց դրանից խնդրի էությունը ոչ միայն չի փոխվում, այլեւ ավելի է բարդանում. Հայաստան մտնող եւ Հայաստանից դուրս եկող բեռների գինը գնալով ավելանում է, քանի որ բեռնափոխադրողներն ապրանքի գնի մեջ մտցնում են իրենց կատարած հավելյալ ծախսերը եւ ճանապարհի վրա ունեցած կորուստները: Արդյունքում Հայաստանից Ռուսաստան եւ այլ երկրներ արտահանվող ապրանքը թանկանում է՝ դառնալով նվազ մրցունակ, իսկ Հայաստան ներմուծվող ապրանքների թանկացումից տուժում է Հայաստանի սպառողը՝ գնելով ավելի թանկ ապրանք: Բեռնափոխադրողներն ասում են, որ եթե անցյալ տարի Պյատիգորսկից Երեւան բեռնափոխադրումը մեկ մեքենայի հաշվով արժեր հազար դոլար, հիմա եռապատկվել է: Եթե նախկինում այդ ճանապարհը կարելի էր անցնել մեկ օրում, հիմա 10 օրում էլ կարող ես չանցնել:

Մի քանի օրից Հայաստանում կսկսվի ծիրանի բերքահավաքը, որը հիմնականում արտահանվում է Ռուսաստան: Ծիրանը շուտ փչացող ապրանք է, մի քանի օրում փչանում է, եթե չես հասցնում սպառողին: Բեռնափոխադրողներն ասում են, որ եթե ճանապարհի հարցը չլուծվի, ապա տուժելու են ոչ միայն իրենք, այլ նաեւ հազարավոր հայ գյուղացիներ: Բեռնափոխադրողները միայնակ ոչինչ չեն կարող անել, հարցը լուծելու համար պետք է կառավարության միջամտությունը: Նրանցից շատերն անձնական կապերի ու ծանոթ պաշտոնյաների միջոցով Հայաստանի իշխանություններին հորդորել են զբաղվել այս խնդրով: Այս հարցը կարելի է լուծել, եթե լինեն բավարար քաղաքական կամք եւ ցանկություն:

Լարսի մաքսակետի եւ ճանապարհի թողունակությունը հնարավոր չէ ավելացնել: Բայց Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան եւս երկու այլընտրանքային ճանապարհ կա. մեկը՝ դեպի Դաղստան, մյուսը՝ Չեչնիա: Չեչնիայի կառավարությունը հիմնանորոգել է դեպի Վրաստանի սահման տանող մայրուղին: Նույնիսկ խնդիր են դրել Ռուսաստանի կենտրոնական իշխանությունների առաջ, որ բանակցեն Վրաստանի կառավարության հետ՝ այդ տարածքում եւս սահմանային անցակետ բացելու, մաքսային հսկողություն կազմակերպելու համար: Այս տարի Չեչնիա է այցելել Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, որի առաջ եւս նույն խնդիրն են բարձրացրել: Չեչնիան ուզում է գործարկել այդ ճանապարհը, որը կնպաստի տնտեսական զարգացմանը եւ Չեչնիան Վրաստանի միջոցով կկապի Թուրքիայի հետ:
Ռուսաստանի հետ այլընտրանքային ցամաքային կապ ունենալու հարցում որպես շահագրգիռ կողմ կարող է հանդես գալ նաեւ Հայաստանը՝ բանակցելով Ռուսաստանի եւ Վրաստանի իշխանությունների հետ: Չեչնիայի միջոցով Ռուսաստանի մյուս շրջաններին կապվելն ավելի հուսալի եւ ապահով կարող է լինել թե՛ բնակլիմայական, թե՛ տեխնիկական խոչընդոտների բացակայության պատճառով: Չեչնիան ավելի անվտանգ ու իրական առումով ավելի օրինապաշտ տարածք է, քան Հյուսիսային Օսիան, որի տարածքով անցնելիս հայ վարորդները մշտապես բախվում են դրամաշորթության եւ ամենաթողության հետ: 

Հայաստանի իշխանությունները կարող են տարբեր պատճառաբանություններ բերել, թե ինչու այս կամ որեւէ այլ այլընտրանքային ճանապարհ հնարավոր չէ գործարկել: Դրանից ոչինչ չի փոխվի, որովհետեւ իշխանության եւ պետության գոյության իմաստներից մեկն էլ, եթե ոչ հիմնականը, սեփական երկրի քաղաքացիների տնտեսական շահերի պաշտպանությունն ու առաջմղումն է: Պետության արդյունավետության չափման ամենակարեւոր միավորը հենց այդ շահերի սպասարկման կարողությունն է:

Փաստացի, Ադրբեջանն ու Թուրքիան ոչ միայն չեն հրաժարվել Հայաստանը շրջափակելու եւ տնտեսապես ոչնչացնելու ռազմավարական նպատակից, այլեւ շարունակում են ավելի հետեւողական լինել դրանում՝ փորձելով Հայաստանը զրկել նաեւ Վրաստանով անցնող ճանապարհից: Հայաստանը, կարծես զրկված ինքնապաշտպանության բնազդից, ավելի ու ավելի հեշտությամբ է կուլ գնում իր թշնամիներին՝ չկարողանալով պաշտպանել իր քաղաքացիների, ըստ էության՝ իր, կենսական շահերն ու գոյության իրավունքը:


Ավետիս Բաբաջանյան