Ես իմ լույսն եմ կորցրել, որ դու հիմա լույսս կտրե՞ս

Ես իմ լույսն եմ կորցրել, որ դու հիմա լույսս կտրե՞ս

Կառավարության 2022 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ ՊՆ-ին պատկանող 71 միավոր գույք, այդ թվում՝ ՊՆ նախկին վարչական շենքը, զորամասեր, շենք-շինություններ, հողամասեր, զինավաններ, ամրացվել էին Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ օտարելու կամ այլ նպատակով տնօրինելու համար։ Այս որոշումը դեռ նախորդ տարվա գարնանը դժգոհությունների ալիք բարձրացրեց, սակայն մեծ աղմուկ բարձրացավ օրեր առաջ` հունվարի 23-ին: Պաշտպանության նախարարության նախկին շենքում բնակություն հաստատած մի քանի տասնյակ քաղաքացիներ հունվարի 23-ին փակեցին Պռոշյանի ճանապարհը՝ նշելով, որ արդեն հինգ օր է՝ իրենց զրկել են էլեկտրաէներգիայից, այդկերպ փորձելով վտարել տարածքից:

Նրանց շարքերում կան տարբեր սոցիալական կարգավիճակ ունեցող քաղաքացիներ, հաշմանդամ, զոհված զինծառայողի մայր: Չնայած այս ամենին, պաշտպանության նախարարությունը նախորդ տարի պարզաբանում էր տարածել՝ նշելով, որ պետությունը տարիներ շարունակ պատկառելի գումարներ է ծախսում ՊՆ նախկին վարչական համալիրի պահպանության համար, մինչդեռ դրա օտարման դեպքում ոչ միայն հնարավոր կլիներ տնտեսել դրանք, այլեւ տվյալ շենքի վաճառքից գոյացած գումարները կուղղվեին պաշտպանական մի շարք խնդիրների լուծմանը։ Հատկանշական է, որ ՊՆ-ի տարածած այս պարզաբանումից հետո 2022-ի մայիսի 5-ին, կառավարության որոշման համաձայն, ՊՆ-ի նախկին շենքը տրամադրվել է ՊԵԿ-ին: Կառավարությունը ՊԵԿ-ին հանձնարարել է իրականացնել Պռոշյանի Գեւորգ Չաուշի խճուղի 5 հասցեում տեղակայված 19 հա մակերեսով հողամասի եւ 23 617 քմ մակերեսով շենք-շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն եւ գույքի վրա նախատեսված շինարարական աշխատանքներն ավարտել մինչեւ 2027 թվականի ավարտը: 

Ըստ ՊԵԿ-ի՝ ԱՏԳ կենտրոնի կառուցումը բխում է կոմիտեի զարգացման եւ վարչարարության բարելավման ռազմավարությունից, որով նախատեսված է էլեկտրոնային կառավարման համակարգերի եւ թվային լուծումների վրա հիմնված ԱՏԳ մասնակիցների սպասարկման կենտրոնների ստեղծում՝ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ամբողջական կիրառմամբ, ինչը թույլ կտա մեկ պատուհանի միջոցով իրականացնել ամբողջական ձեւակերպում եւ բացթողում:

Չնայած երկրում ծառացած բազում խնդիրներին, կառավարությունը, երկու ոտքը մեկ կոշիկի մեջ դրած, փորձում է առաջ տանել իր այս որոշումը: «Ես իմ լույսին եմ դրել հողի մեջ, հիմա եկել իմ լո՞ւյսն եք կտրում: Ինձ ասացին, որ քաղաքի գրանցում չունեմ, տուն չտվեցին, այսինքն, որ քաղաքի պորճի լակոտները պորճություն են անում, էսօր իրենք լավ ապրելու իրավունք ունեն, սակայն ես չունեմ: Վիրահատված եմ, ոտքեր չունեմ, ոմն ոչնչություն նստած է վերեւում, մեզ Եռաբլուրում քարշ են տալիս ու դատի տալիս՝ պնդելով, թե մենք կարգ ենք խախտել։ Ես հերոսի մամա եմ, կյանքում չեմ շահարկել իմ հերոս որդու սուրբ անունը, սակայն էսօր ինձ տուն չի հասնում, հիմա տուն են տվել ինձ, էսօր ի՞նչ են ուզում ինձնից: Ես իմ լույսն եմ կորցրել, որ դու հիմա լույսս կտրե՞ս: Կինդ իրաններում բերանը բացած կայֆավատ է լինում, էստեղ թաղումներ են»,- լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՊՆ-ի նախկին շենքի բնակիչը, ով իր որդուն կորցրել է արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ: Այսպես վճռական են տրամադրված բոլոր բնակիչները: Նշում են, որ իրենց տնից ոչ մի տեղ չեն գնալու, անկախ բոլոր տեսակի գործողություններից:

Պռոշյան համայնքի ղեկավար Սեւակ Գաբրիելյանը, որի տարածքում է գտնվում ՊԵԿ-ին հանձնված շենքը, «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ այս պահին Հայաստանի սահմաններից դուրս է, սակայն հետաքրքրվել է՝ համայնքում ամեն ինչ երեկվա դրությամբ նորմալ է. «Ոչ մի բանից կոնկրետ տեղյակ չեմ, միայն գիտեմ, որ երեկվա դրությամբ իրավիճակը հանդարտ ա: Ռուսաստանում եմ հիմա, էսօր չգիտեմ ինչ ա կատարվում համայնքում»: Մեր այն հարցին, թե քանի ընտանիք է ապրում ՊՆ-ի նախկին շենքում, Պռոշյանի համայնքապետն ասաց. «Տեղյակ չեմ, թեպետ իմ տարածքում են, բայց ՊԵԿ-ի պատկանելության տակ են, մանրամասներին չեմ տիրապետում»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե ՊՆ-ի շենքում բնակություն հաստատած քաղաքացիներն ինչ ճակատագրի են արժանանալու՝ որտեղ են ապրելու։ Պռոշյանի համայնքապետն ասաց. «Տեղյակ չեմ, դա ՊԵԿ-ի տարածքն ա, էդ ժողովուրդն էլ պռոշյանցիք չեն, տարբեր տեղերից են»,- եզրափակեց համայնքապետը:

Մենք զրուցեցինք նաեւ ՊԵԿ խոսնակ Լուսինե Մկրտչյանի հետ: Նա նշեց, որ կառավարության որոշման մեջ ամեն ինչ հստակ ասված է, ավելացնելու ոչինչ չունեն: Մենք հետաքրքրվեցինք, թե որտեղ են ապրելու ՊՆ նախկին, այժմ ՊԵԿ-ի շենքում ապրող քաղաքացիները։ Խոսնակն ասաց, որ այդ ինֆորմացիային չի տիրապետում։ «ՊԵԿ-ի ամբողջ վարչական ռեսուրսը տեղափոխվելու է այնտեղ, շենքը դառնալու է ադմինիստրատիվ կենտրոն»,- նշեց նա: