Արսեն Թորոսյանը մեկի «գլուխն էլ կերավ»

Արսեն Թորոսյանը մեկի «գլուխն էլ կերավ»

Այսօր տեղեկացանք, որ առողջապահության նախարարի հետ հանդիպումից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը, որի դեմ առնվազն մի քանի ամիս է արշավ էր սկսվել։ Լուրեր էին շրջանառվում, որ Արսեն Թորոսյանը որոշել է աշխատանքից ազատել Դավիդյանցին՝ նա չի տեղավորվում իր յուրայինների շրջանակում։

Հիշեցնենք, որ նա Թորոսյանի առաջին «զոհը» չէ՝ նրանից առաջ նախարարը հերթով ազատում էր մյուս պետական առողջապահական կազմակերպությունների ղեկավարներին եւ նրանց փոխարեն նշանակում իր մտերիմներին ու մերձավորներին, որոնք, որպես կանոն, պարզվում էր, որ վատ կառավարիչներ են։ Նրանցից ոմանք այս ընթացքում ազատվեցին աշխատանքից, մի մասը շարունակում են պաշտոնավարել, բայց այդ հիմնարկներում խառնաշփոթ է ու դժգոհություններ։ Նորանշանակների մեջ գրեթե չկա հաջողված նշանակում, բայց դա թերեւս քիչ է հետաքրքրում նախարարին։

Իսկ «Նորք» ԻԿՀ տնօրեն Մհեր Դավիդյանցի՝ պրոֆեսոր Վլադիմիր Դավիդյանցի դեմ արշավը սկսվեց հավանաբար այն հայտնի բրիֆինգից հետո՝ երբ Նիկոլ Փաշինյանի հետ, պարետատան աշխատանքների մասին տեղեկատվություն տալու ժամանակ Մհեր Դավիդյանցը բերանից թռցրեց, թե՝ կովիդի դեմ պայքարը մենք սկսել ենք փետրվարից։ Ու քանի որ իշխանությունը շաբաթներ շարունակ սահմանադրական հանրաքվեի քարոզարշավ էր անում՝ ձեւացնելով, թե չկա կորոնավիրուս եւ միայն մարտի կեսերին խոստովանեց դա, ուստի պետք էր թաքցնել այդ փաստը։ Մինչդեռ Դավիդյանցը միամտաբար ասաց այն, ինչ չէր կարելի եւ ինչը բացահայտում էր իշխանությունների սուտն ու երեսպաշտությունը։ Եւ ինչի համար վարձահատույց եղավ իր պաշտոնով։