ՍԱՏՄ աշխատակիցները պարգեւավճար են ստացել, ղեկավարը՝ ոչ

ՍԱՏՄ աշխատակիցները պարգեւավճար են ստացել, ղեկավարը՝ ոչ

Կորոնավիրուսային հիվանդությունը գնալով աճում է Հայաստանում։ Վերջին շրջանում օրական լսում ենք 2000-ից ավելի դեպքի մասին։ Սրան զուգահեռ շարունակում են գործել ռեստորաններն ու սրճարանները, սննդի օբյեկտները։ 

Սննդի անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում այդ վայրերում։ Շարունակվո՞ւմ են ստուգումները, հարցրինք ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանին։

-Շարունակում ենք։

-Խախտումներ շա՞տ են հայտնաբերվում։

-Չէ, շատ չեն, բայց հայտնաբերվում են։

-Պատիժը տուգա՞նք է նախատեսում։

-Առաջին անգամ նախազգուշացում, երկրորդ անգամ՝ տուգանք։ Հանրային սննդի կետերում եւ արտադրություններում են ստուգումներ լինում։

-Քաղաքացիների կողմից առաջնագիծ ուղարկվող սնունդը ստուգվո՞ւմ է։

-Մենք պարտադիր կերպով մարդ ենք ունենում այդ սննդի հավաքման կետերում, եւ կապ ենք պահպանում պետերի հետ։ Ստուգում անցնում է, նոր ուղարկվում է սահման։

-Անորակ սնունդ հայտնաբերվե՞լ է, որը չի ուղարկվել։

-Եղել են դեպքեր, եղել են տնային սարքած պահածոներ, որոնք թույլ չենք տալիս գնա։ Կարող է վերջին օրերի լինի, ժամկետի պիտանելիության խնդիր լինի։

-Ձեր աշխատակիցներից մեկնողներ եղե՞լ են սահման։

-Այո, բայց թիվ չեմ կարող ասել։ Ամեն ինչ նորմալ է իրենց հետ։

-Դուք պատրաստվո՞ւմ եք մեկնել։

-Այս պահին դեռ ոչ։

-Պարոն Ավետիսյան, սեպտեմբեր-հոկտեմբերին պարգեւավճար ստացե՞լ եք։

-Ոչ։

-Աշխատակիցները ստացե՞լ են։

-Աշխատակիցները ստացել են եւ ուղղել են հիմնադրամին, կարծեմ՝ սեպտեմբեր ամսվանը։

-Այն աշխատակիցները, որոնք ռազմաճակատում են, նրանց աշխատավարձը պահպանվելո՞ւ է։

-Այո, պահպանվելու է։