Երեխային ու իր ծնողին ի՞նչ պատասխան տանք

Երեխային ու իր ծնողին ի՞նչ պատասխան տանք

Արդեն մեկ տարի է հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի մեծ մասը վարվում է էլեկտրոնային եղանակով: Թեպետ նոր կարգի նպատակն էր դյուրացնել հանրակրթական ուսումնական հաստատություններում պարտադիր գործածության փաստաթղթերի գործածումը եւ փաստաթղթաշրջանառությունը, բայց պակաս խնդիրներ չեն առաջացրել հանրակրթական հաստատություններում էլեկտրոնային ձեւաչափի անցնելու հետեւանքով։ Էլ․ տարբերակով գործածվող հանրակրթական ուսումնական հաստատություններում փաստաթղթերի ցանկում ներառված են նաեւ Էլեկտրոնային դասամատյանները, որոնք աշխատանքային խնդիրներ են առաջացրել դրանք գործածող մանկավարժների համար։
 
Մեզ դիմած մանկավարժներից մեկը նշեց, որ նախարարությունն իրենց ուղարկել է էլեկտրոնային մատյանների վարման նախագիծ, որի ծրագրային թերությունները բարդել են դպրոցների վրա․ «Իբր բազմաթիվ սխալներ են հայտնաբերել Էլեկտրոնային մատյաններում, բայց սխալ կոչվածը որն է՝ երեխան բացակայում է, չի գալիս դասի, չի գրում գրավորը, ուսուցիչը մատյանում՝ «բ» է դնում, հետո երբ գալիս է ու այդ գրավորը գրում է՝ այդ «բ»-ի տեղը, գնահատականն է դրվում, բայց այդ նիշը մեկ է հաշվում ծրագիրը եւ չի հաշվարկում որպես միավոր, արդյունքում գերազանցիկ երեխայի կիսամյակները փակվում են 4, 5, 6։ Այդ ծրագրային խնդիրը որպես անճշտություն բարդեցին դպրոցների վրա, այդ «բ»-երի պատճառով եկել են միավորային խախտումներ,- ասում է զրուցակիցս ու նշում, որ այդ հարցով դիմել են նախարարություն, խնդրել, որ թույլ տան գոնե ուղղումներ անել, բայց թույլ չեն տվել, արդյունքում երեխաների գնատականները բավականին ցածր են փակվել։  

«Նախարարության մտահոգությունն այն է, որ կոռուպցիոն ռիսկեր կան, դրանով իբր դպրոցները փող են աշխատում, բայց ամեն ինչ երեխայի շահի համար է, հետո եթե սխալը ձեզանից է եւ չեք թողնում, որ ուղղենք, այդ երեխային ու իր ծնողին ի՞նչ պատասխան տանք, որ դու գերազանցիկ էիր, բայց այս համակարգի պատճառով այլեւս չե՞ս»,- դժգոհում է մանկավարժ զրուցակիցս։