Լոռու 60 բնակիչներ դատի են տվել Ախթալայի կոմբինատին

Լոռու 60 բնակիչներ դատի են տվել Ախթալայի կոմբինատին

Ախթալա խոշորացված համայնքի Մեծ Այրում, Ճոճկան, Փոքր Այրում համայնքների 60 բնակիչներ դատարան են դիմել ընդդեմ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի՝ պահանջելով իրենց առողջությանը պատճառված վնասի փոխհատուցում: Դեռ դատական նիստեր չեն եղել` մեզ հայտնեց «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը: «Հայաստանում շրջակա միջավայրի աղտոտման արդյունքում պատճառված վնասի գնահատման եղանակ չկա, դա արվում է միջազգային փորձի հիման վրա: Սա առաջին անգամ է Հայաստանում, որ մարդիկ, որոնք տուժել են հանքարդյունաբերական գործունեությունից, փոխհատուցման պահանջով դիմել են դատարան»,- ասաց Դուրգարյանը: 

Մոտ մեկուկես տարի առաջ նրա կազմակերպությունը չեխական «Արնիկա» կազմակերպության եւ «Էկոլուրի» հետ լաբորատոր հետազոտություններ էր նախաձեռնել Ախթալայի եւ Ալավերդու բնակիչների շրջանում: Բնակիչների մեզի անալիզը ցույց էր տվել մկնդեղի բարձր պարունակություն՝ մեծերի, բայց հատկապես երեխաների օրգանիզմում: Վերցված փորձանմուշներում ծանր մետաղների քանակը գերազանցել էր միջազգային թույլատրելի նորմը։ 
60 հայցվորները հենց այս հետազոտության մասնակիցներն են:

«Եվրոպական որոշ երկրներում, երբ որ 1 գրամ կրեատինինի մեջ մկնդեղը գերազանցում է 0,05 միլիգրամը, սա համարվում է առողջապահական խնդիր, իսկ մեր ուսումնասիրությունները, որն իրականացրել ենք, ցույց են տվել մինչեւ 0,58 մգ մկնդեղ, եւ մեծամասամբ երեխաների օրգանիզմում էր հայտնաբերվել»,- ասում է Դուլգարյանը: Նա ընտրվել է շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի անդամ եւ համակարգում է թափոնների խնդրով զբաղվող աշխատանքային խումբը: 

Օրերս Ախթալայի բնակիչներից տեսանյութ էինք ստացել, որում երեւում է, թե ինչպես են Ախթալայի պոչամբարից եւ դրան հարակից տարածքից աղտոտված սելավաջրերը հոսում մայրուղով՝ թունավոր գետակի նման, եւ խառնվում Դեբեդ գետին: Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայից հոսող այս դեղնավուն հոսքերի կադրերը տարածվել էին նաեւ համացանցով: 
«Մինչեւ Դեբեդ գետ հասնելը, նրանք պարտադիր անցնում են տնամերձ հողամասերով՝ փչացնելով ծառերն ու բոստանաբանջարային կուլտուրաները: Դա Ախթալայից դեպի Արամյան դղյակ բարձրացող տարածքն է, պայթուցիկների ձորից դեպի պոչամբար ընկած»,- ասում է Օլեգ Դուլգարյանը: 

Ի՞նչ վիճակ է այսօր, թունավոր գետակների հոսքը դադարե՞լ է՝ հարցրինք բնապահպանին: «Այս հոսքը սելավի հետ էր կապված, հիմա չկա, բայց այս պահին աղտոտման մյուս օջախներն են գործում՝ Ախթալա գետակը, որը շարունակաբար միշտ աղտոտվում է, որովհետեւ ձորի հունում թափոններ են կուտակված, եւ պոչամբարի ստորին հատվածից միշտ արտահոսք կա դեպի Դեբեդ գետը: Վիճակը ձորերում, պոչամբարի շրջակայքում, Շամլուղի ձորում, Ախթալայի վանքում շատ լուրջ է, ամբողջը թափոններով լցված է: Ինձ պատասխանել են, որ շրջակա միջավայրի նախարարությունը կազմել է այդ թափոնակույտերի քարտեզը եւ պատրաստվում է առաջիկայում լուծել այդ հարցերը»,- ասում է Դուլգարյանը: Արամյան դղյակի հարակից հատվածում էլ, ձորում  ահռելի շատ հին թափոնակույտ կա, որը 10-15 տարի առաջ է գոյացել: Դրանք ապօրինաբար ձորն են լցրել դեռեւս լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի նախկին տիրոջ՝ Սերոբ Տեր-Պողոսյանի օրոք: Մեխանիզմներ, որոնցով որ հնարավոր կլինի պարտավորեցնել ֆաբրիկային՝ մաքրել թափոնները, գոյություն չունեն: 

«Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ն դիմել էր տարածքային կառավարման նախարարություն՝ առաջարկելով Ախթալայի թափոնների հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծել: Նախարարությունը ոչինչ չի արել: Ախթալայի համայնքն էլ մերժել էր ՀԿ-ի առաջարկը՝ բնապահպանական սուբվենցիաներով ձորերը մաքրել թափոններից: «Բնապահպանական սուբվենցիաները քիչ են, իհարկե, Ախթալայի համար մոտ 3,5 մլն, բայց այդ գումարները հենց նման նպատակների պետք է ծառայեցվեն»,- ասում է Դուլգարյանը: Մեկ տարբերակ էլ կա՝ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատին պարտադրել, որ մաքրի տարածքը: Բայց այդ հարցը որեւէ ձեւով չի լուծվում, փոխարենը Լոռու մարզում պատրաստվում են նոր հանքեր բացել: