Բարեբախտաբար, «Ֆեյսբուքի ստրատեգների» կարծիքները չեն կարող հաշվի առնվել

Բարեբախտաբար, «Ֆեյսբուքի ստրատեգների» կարծիքները չեն կարող հաշվի առնվել

Նիկոլ Փաշինյանի՝ հոկտեմբերի 27-ի տեսաուղերձն ակնհայտորեն նախորդ օրվա անհաջող հայտարարությունները սքողելու փորձ էր՝ ֆեյսբուքյան լսարանի ճնշման ներքո։ Պատերազմի 32 օրերը, առհասարակ, ի դերև հանեցին «Ֆեյսբուքի ստրատեգների» մի հսկա բանակ, որն ամեն օր մեր քաղաքացիական օբյեկտների, հիվանդանոցների վրա ադրբեջանական հարվածներից հետո Արծրուն Հովհաննիսյանի, Շուշան Ստեփանյանի ու Նիկոլ Փաշինյանի էջերում խորհուրդ է տալիս գնալ շատ ավելի ռադիկալ քայլերի․ կիրառել «Իսկանդեր», հասնել Քուռ-Արաքս, խփել Բաքու-Ջեյհան նավթամուղը, Մինգեչաուրի ամբարտակին` բարեհաջող մոռանալով այն մասին, որ գոյություն ունեն նաև հայկական թիրախներ, որոնք Հայաստանի համար պակաս ողբերգական չեն կարող լինել։ Ռազմական մի փորձագետ այս միտքը շատ լակոնիկ բացատրեց՝ ասելով, որ, օրինակ, Մինգեչաուրի ամբարտակին կարելի կլիներ հարվածել միայն այն պարագայում (որովհետև այս դեպքում խոսքը կարող է գնալ հարյուր հազարավոր ադրբեջանական զոհերի մասին), եթե, Աստված մի արասցե․ թուրքերը լինեին Երևանի մատույցներում:

Քաղաքական եւ տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախկին  տնօրեն, ռազմական փորձագետ Բենիամին Պողոսյանից «Հրապարակը» հետաքրքրվեց՝ արդյոք վտանգավոր չե՞ն նման գրառումները` Նիկոլ Փաշինյանին ապակողմնորոշելու առումով, որը, ինչպես վկայեց իր վերջին եթերը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը համարում է երկրի լավագույն բարոմետրը։ Փորձագետը գրեթե բացառում է, որ այս խորհուրդները ռազմական գործողությունների պլանավորման վրա կարող են ազդել։

«Ռազմական գործողությունների ընդունման մասին որոշումներն ընդունվում են գլխավոր շտաբում, և գրեթե բացառում եմ, որ որևէ գաղափար կարող է ներազդել այս կամ այն ռազմական գործողության պլանավորման վրա։ Ես, համենայնդեպս, շատ կզարմանայի, եթե նման բան լիներ»,-ասաց նա։ Կոնկրետ դիրքորոշման հետ կապված, որ իրենք, միևնույն է, հարվածում են, երեկ, օրինակ, խփել էին Ստեփանակերտի ծննդատանը, և համացանցը նորից պահանջում էր պատասխան հարվածներ տեղալ նրանց շատ ցավոտ թիրախներին։ Փորձագետը մեկնաբանում է․

«Միջազգային հումանիտար իրավունքի տեսանկյունից, հասկանալի է, որ միայն ռազմական թիրախներ։ Գոնե Ադրբեջանի մասով մենք գիտենք, որ ռազմական թիրախներ կան նաև քաղաքների ներսում, և եթե չունես գերճշգրիտ զենքեր, ապա շատ հնարավոր է, որ քո հարվածներից մի քանիսն էլ թիրախներից շեղվեն և կպնեն քաղաքացիականներին։ Սա` ընդհանուր։ Բնականաբար, պետք է պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը։ Ադրբեջանը, իհարկե, այս սկզբունքը չի պաշտպանում։ Ինչ վերաբերում է ռազմական թիրախներին, ապա, բնականաբար, ցանկացած թիրախ էլ կարելի է խոցել, բայց դրանից առաջ պետք է հասկանալ․ եթե դու գիտես, որ x թիրախի խոցելու դեպքում շատ մեծ է հավանականությունը, որ քո y թիրախին կհասցվի հարված, որը մինչ այժմ չի հասցվել, ապա վերադառնում ենք ստանդարտ պլյուսի ու մինուսի սկզբունքին։ Այսինքն՝ եթե գիտես, որ իր x կետին հարվածելով կստանաս ավելի շատ օգուտ, քան այն վնասն է, որը կունենաս, եթե նա ի պատասխան հարվածի քո y կետին, բնականաբար, պետք է հարվածել»։

Տեսական մակարդակում խոսք գնաց նաև ադրբեջանական ոչ քաղաքացիական թիրախների մասին, որոնց խոցումն է առավել էֆեկտիվ, ու դրանք ինչ նպատակներ կարող են հետապնդել։ Օրինակ՝ Ադրբեջանի տնտեսությանը հասցված երկարաժամկետ վնաս։ Այս տեսանկյունից, ըստ Բենիամին Պողոսյանի, ադրբեջանական նավթամուղերն ու գազամուղները պակաս էֆեկտիվ են։  Բենիամին Պողոսյանը բացատրում է. «Որովհետև եթե անգամ 1 կիլոմետր վնասելու դեպքում մեկ ամսվա ընթացքում սա հնարավոր է վերականգնել, իսկ եթե ուզում ենք իրենց տնտեսությանը երկարաժամկետ վնաս հասցնել,  այսինքն՝ տարիներ շարունակ դադարեցնել նավթի ու գազի արտահանումը, ապա դրա առավել էֆեկտիվ ձևը հարվածելն է իրենց գազանավթային տերմինալներին, որոնք գտնվում են Բաքվի մերձակայքում՝ Կասպից ծովի մեջ»։