Ապացուցե՛ք, որ կոռուպցիա չկա, փող չեք վերցրել

Այսօր՝ ժամը 13։00-ին, Գեւորգ Էմին 8 հասցեի նորակառույց շենքի բնակիչները բողոքի ակցիա են անելու՝ ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի։ Ըստ նրանց՝ քաղաքապետարանը ապօրինի շինթույլտվություն է տվել 10 հարկանի շենքի կառուցման, որը վտանգում է իրենց շենքի սեյսմակայությունը, տներ կան, որ արդեն պատերը ճաք են տվել։ Շենքի բնակիչները հանգիստ չունեն: Մենք ավելի վաղ գրել էինք, որ Անտառային 158 եւ 120 հասցեներում 10 հարկանի շենք է կառուցվում՝ Գեւորգ Էմին 8 հասցեի շենքի անվտանգության հաշվին։ Քարը քարին չի մնա, եթե «կովշը» շարունակ քերի նորակառույց շենքի հիմքը։ Կառուցապատողը «Նուրազյան Քնսթրաքշն» ընկերությունն է։
«Հրապարակ»-ի ձեռքի տակ հայտնված փաստաթղթից երեւում է, որ ընկերությունը շինթույլտվությունը ստացել է Երեւանի գլխավոր հատակագիծը հաստատվելուց առնվազն մեկ ամիս անց։ Կառուցապատողը դեռ շինթույլտվությունը չստացած, դեռ շենքի հիմքը չգցած արդեն բնակարանների վաճառք է իրականացրել՝ վստահ լինելով, որ խնդիր չի ունենա։ Մենք փորձեցինք Երեւանի քաղաքապետարանից պարզաբանումներ ստանալ։
Քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետի ժ/պ Ալիկ Վարդազարյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատում է՝ կառուցապատողը 3-ից 9 հարկ շենքի կառուցման շինթույլտվությունը ստացել է հատակագիծը հաստատվելուց հետո, ասում է՝ տեղյակ չէ, թե քանի հարկանի շենք է կառուցվում, զարմանում է, որ մենք ենք տեղյակ, քանի որ, ըստ պաշտոնիայի՝ շենքի հիմքը դեռ չի փորվել, ուստի ինչպե՞ս կարող են տեղյակ լինել, թե շենքը քանի հարկից է։
-Ինչպե՞ս եք այս հասցեում 10 հարկանի շենքի թույլտվություն տվել, երբ հարակից շենքերը 5, մաքսիմում 7 հարկանի են։ 20 տարի առաջ կառուցված միակ 10 հարկանի շենքի առկայությո՞ւնն է, որ ձեզ հնարավորություն է տվել կառուցապատողին արտոնյալ վիճակով նման շենք կառուցվելու շինթույլտվություն տալ։
-Ոչ միայն այդ։ Այդ տարածքում կա 10 հարկանի շենք, եւ շուտով կկառուցվի եւս մեկը նույն հարկայնությամբ։
-Կառուցապատողը վստահ ասում է, որ 3 հարկ չի սարքում, ոչ էլ 9 հարկ, շենքը լիենելու է 10 հարկ։
-Ինչո՞ւ եք վստահ։
-Կառուցապատողն այդ շենքում տներ է վաճառում, շենքի նկարը հրապարակված է համացանցում։ Հնարավոր չէ՞ր հարակից շենքերի բնակիչների լավագույն շահից ելնելով Երեւանի քաղաքապետարանը ոչ թե 9 հարկանի շենքի թույլտվություն տար, այլ պահեր նորմերը՝ առավելագույնը 5 հարկով։
-Վերջնարդյունքն այն է, ինչ կա։
-Հաստատված գլխավոր հատակագիծը հետագայում նման շինթույլտվություններ տալու սահմանափակումներ չունի՞։
-Ոչ, չի հանդիսացել։
Մենք տեղյակ ենք, որ այդ հողատարածքի վրա երկու հասցե է եղել 158 եւ 160, ընդամենը երկու տուն։ Այս տների փոխարեն կառուցվում է հսկա շենք։ Ըստ պաշտոնյայի՝ որեւէ խոչընդոտ չկա։ Սակայն անզեն աչքով էլ տեսանելի է, որ այդ շենքը կառուցվում է տարածքի մյուս շենքերի սեյսմակայունության, անվտանգության հաշվին, առանց հեռավորության պահպանման։ Ավելին՝ կառուցապատողը շեղվել է նախագծից, հաստատված 9 հարկի փոխարեն կառուցում է 10 հարկ։ Վարդազարյանը տեղյակ չէ, զարմանում է նաեւ, որ մենք ենք տեղյակ, ասես՝ «երկնքից իջած լինի»
«Ես չգիտեմ, օրենքով հնարավո՞ր է, որ կառուցապատողը նախքան շինարարությունը սկսելը տուն վաճառի շենքում, ո՞նց է վաճառում, եթե փաստաթուղթ չունի։ Եթե նույնիսկ նմանատիպ բան է եղել, ես չեմ կարող պատասխանել։ Կարող է նախնական վաճառքի գովազդներ լինեն, պայմանավորվածություններ։ Հորդորում եմ՝ կառուցապատողի կողմից ներկայացված եռաչափ տեսքի վրա չհիմնվեն ապագա բնակիչները, պատկերացում կազմեն, այլ հիմք ընդունեն նախագիծը»,-ասում է նա։
Մենք կտեղադրենք մի նկար, որից երեւում է եւ՛ շենքի հարկայնությունը, եւ՛ վաճառքի վերաբերյալ տեղեկությունները։ Հնարավո՞ր է, որ քաղաքապետարանից գնան եւ ստուգեն, թե ինչից է շեղվել կառուցապատողը, լսի կողքի շենքերի բնակիչների բողոքները։ Վարդազարյանին ասում ենք՝ շատ լավ է, հիասքանչ է, որ քաղաքացիներին կոչ եք անում՝ չհիմնվեն լուսանկարների վրա, բայց քաղաքապետարան չի՞ ուզում գնալ ապօրինության հետեւից, պատկան մարմիններին իրազեկի, որ խարդախություն է տեղի ունենում Երեւանում։
«Ես կասկածում եմ, որ նման բան քաղաքապետարանը պետք է անի, կամ պարտավոր է անի»,-ասում է Վարդազարյանը։
Իսկ ո՞վ պետք է անի, Երեւանում ապօրինություն է տեղի ունենում, ո՞վ է դրա շահառուն, եթե ոչ քաղաքապետարանը։ «Ապօրինություն տեղի կունենա, եթե կառուցապատողը նախագծից շեղվի։ Մենք կտեղեկացնենք, անպայման կմոտենան, կստուգեն»,-ասաց նա։
Փաստերն առկա են՝ կառուցապատողը թույլտվություն է ստացել 3-ից 9 հարկ շենք սարքելու, սակայն 10 հարկի շինարարություն է սկսել։
Երեւանի քաղաքապետարանը, եթե մաքուր է, չկա կոռուպցիայի մեջ, գումար չի վերցրել այս շենքի շինթույլտվությունը տալու համար, առնվազն պետք է իրավապահներին տեղեկացնի, թե ինչ խարդախություն է անում կառուցապատողը։
Կարծիքներ