Փաշինյանի ընտրազանգվածի «մեծ դարձի» սկիզբը

Փաշինյանի ընտրազանգվածի «մեծ դարձի» սկիզբը

Փաշինյանի ընտրազանգվածը, ավելի ճիշտ՝ այն, ինչ մնացել է նրանից, շվարած է, անելանելիության զգացումով լեցուն, նույնիսկ սկսել է ինքնախարազանմամբ զբաղվել կամ սեփական ընտրության արդարացումներ որոնել։ Տեսնում է սահմանային սրացումներն ու լսում նոր զոհերի մասին, հետո հավանաբար հիշում, որ եթե ամիսներ առաջ թշնամին մեր տարածքում GPS-ով էր սահման գծում, հիմա արդեն կրակում է մեր զինվորների ու գյուղերի վրա։ Հիշում է, որ ընդդիմությանը մեղադրում էր աթոռակռվի համար, հետո թերեւս համոզվում է, որ եթե անգամ այսքանից հետո Փաշինյանը չի հեռանում, ամենամեծ աթոռապաշտը միգուցե հենց նա՞ է։

Դժվարությամբ է ըմբռնում, որ երկրի ղեկավար լինելու համար Փաշինյանը կարծես թե կիսագրագետ է, անկարող եւ անտեղյակ, թեեւ դրանում համոզվելու առիթները բազում են՝ կառավարության եւ ԱԺ նիստերից մինչեւ ֆեյսբուքյան ասուլիսներ։ Հետո հիշում է, որ այդպես էլ օդում կախված մնացին Ալիեւի հետ միջնորդների միջոցով փակ ծրարներով փոխանակվելու, աստղաբաշխական գումար ստանալու, պատերազմում մեր կասկածելի նահանջների, Շուշիի անհեթեթ անկման եւ բազմաթիվ այլ դրվագների հետ կապված լուրերը։ Իսկ երբ կասկածի որդն սկսում է կրծել միտքդ, եթե անվերապահ վստահությունը տեղը զիջում է ողջամիտ կասկածին, նշանակում է՝ գիտակցությունը միացված է, կույր հավատը՝ արմատախիլ արված։

Ամեն դեպքում, իրողությունն այն է, որ 2022-ի Ամանորը եւս շնորհավորեց պարտված առաջնորդը։ Շնորհավորեց մեր երեխաներին՝ թերեւս իրեն Ձմեռ Պապ երեւակայելով, թեեւ առայսօր նա մեր մանուկներից միայն գողացել է։ Խլել է նրանց հայրերի կյանքն ու անհոգ մանկությունը։ Փաշինյանի տոնական ուղերձն ու կառավարության առաջին նիստում նրա ելույթը կարող էին միջինից բարձր զարգացման մակարդակ ունեցող որեւէ երկրի ղեկավարի շուրթերից հնչել, բայց ոչ երբեք նրա։ Փաշինյանի հաշվարկը թերեւս այն է, որ մեզ համար խիստ աննպաստ երեք եռակողմ պայմանագրերի ստորագրումը կա՛մ արդեն իսկ մոռացվել է, կա՛մ էլ հնարավոր կլինի դրանց պատասխանատվությունը լղոզել եւ բարդել նախկինների վրա։

2018-ի օգոստոսին Հանրապետության հրապարակում Փաշինյանը ժողովրդին խոստանում էր առանց նրա իմացության որեւէ փաստաթուղթ չստորագրել Արցախի հարցով։ Եթե նա խոստումը չի պահել, հիմա այդ նույն ժողովուրդն իրավունք ունի՞ որոշելու՝ եղե՞լ է դավաճանություն, թե՞ ոչ։ Կարո՞ղ են տասնյակ հազարավոր մարդիկ, օրինակ, իրենց կազմից այլընտրանքային իրավապահ մարմիններ ձեւավորել եւ քննել պատերազմի կասկածելի դրվագները, առնվազն կարո՞ղ են հասնել քննիչ հանձնաժողովի ստեղծմանը։ Սրանք պարզագույն հարցադրումներ են, որոնց պատասխանը չունի ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ իշխանասերները։ 

Վերջին շրջանում «դարձի եկած» նախկին իշխանասերների հետ աշխատանքը հուշում է, որ նրանց ընդամենը մեկ պարզ հարցադրում կարելի է անել։ Ինչո՞ւ է սեպտեմբերի 30-ից սկսած, երբ իշխանության համար ակնհայտ էր, որ պարտվում էինք, մի կողմից՝ դադարեցվել լրահամալրումը, ուղարկվող կամավորականների մեծ մասն էլ տեղաբաշխվել է ոչ ըստ նպատակային նշանակության, մյուս կողմից՝ Հայաստանը որեւէ ջանք չի գործադրել բանակցային գործընթացը շուտափույթ վերականգնելու եւ հրադադար խնդրելու համար։

Մեծ խելք պետք չէ՝ հասկանալու, որ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ի ժամանակագրությունը մեր դիվանագիտության խայտառակ մեկուսացման ամենաամոթալի օրինակն է, երբ որեւէ երկիր հասցեականորեն չդատապարտեց ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Թուրքիային Հայաստանի եւ Արցախի նկատմամբ ագրեսիայի համար։ Բնականաբար, թշնամիներն էլ լիուլի պիտի օգտվեին միջազգային հանրության լռությունից։ Ո՞վ է դրա մեղավորն ու պատասխանատուն, եթե ոչ օրվա իշխանությունը։

Դավիթ Սարգսյան