Վիտալի Բալասանյանի կոպիտ սխալը

Վիտալի Բալասանյանի կոպիտ սխալը

Վիտալի Բալասանյանի ասուլիսն ամբողջությամբ չեմ լսել՝ լայվերին հետեւելու ժամանակ չունեմ, բայց մի քանի կտոր ընթերցել եմ կայքերում։ Հասկացա, որ թշնամու առաջ աննկուն կանգնող, առանց աչքը թարթելու կռվի դաշտ մտնող մարդիկ էլ երկաթից չեն։ Նրանք անզեն ու անպաշտպան են, երբ հայտնվում են իրենց հայրենակիցների թիրախում։ Նրանք դառնում են զգայուն ու դյուրաբեկ, երբ սոցցանցերի «գեներալներն» իրենց լեքսիկոնի ողջ ուժով եւ հոգու ամբողջ թույնով հարձակվում են իրենց վրա։ 

Ինձ համար շատ ցավալի էր կարդալ գեներալի խոսքը՝ «Ավելի լավ է ինձ դատեն, նստեցնեն, քան սոցիալական ցանցերում իմ հասցեին հայհոյանքներ հնչեցնեն»։ Ախր, այ գեներալ ջան, էդ «թուլեքն» ո՞վ են, որ դու այդպես ծանր ես տանում դրանց բարբաջանքները։ Նախ՝ ինչո՞ւ ես կարդում ամեն անհայտ ծագման կենդանու գրածը։ Հետո՝ ինչ՞ու ես բանատեղ դնում։ Դու, որ թշնամու դեմ չես երերացել, ինչո՞ւ ես ակնկալում ամեն անհայրենիք մանկուրտի բարյացակամությունը։ Ի՞նչն է քեզ ստիպում, որ կասկածես քո նվիրվածությանը, քո բարոյականությանը, քո ճշմարտացիությանը։ Ուժեղ մարդը մենակ կրակի բերան գնացող մարդը չի, այլ իր արածի, իր գործի ու համոզմունքների նկատմամբ մեծ համոզվածություն ունեցող մարդը, որն ամեն վայրահաչոց չի լսում, առավել եւս դրանից չի ազդվում։ Բա գոնե հայտնի ասացվածքն էլ չես լսե՞լ՝ շունը հաչում է, քարավանը գնում է։ 
Անմիջապես երեւում է, որ էս ֆեյսբուք կոչվող աղբանոցից գլուխ չհանող մարդ ես։ Հակառակ դեպքում կգիտակցեիր, որ քո հասցեին վայրահաչողները մի քանի խմբի են պատկանում։

Առաջին խումբը իշխանության եկած զանգվածն է, որը ոչ միայն մի հրաշքով իր «մոր փորում» է հայտնվել, որտեղ չէր կարող հայտնվել անգամ իր ամենավառ երազում, այլեւ՝ լիքը կորցնելու բան ունի։ Նրանց մի մասն անգամ կարող են իրենց «ազատությունը» կորցնել՝ եթե հանկարծ կրկին իշխանություն փոխվի երկրում, ուստի զարմանալի չի, որ ատամներով պաշտպանում են իրենց ունեցածը եւ բոլոր նրանց, ումից մի պուճուր վտանգ են տեսնում, պատրաստ են ոչնչացնել՝ առանց աչք թարթելու։ Երկրորդ խումբն այն մարդիկ են, ովքեր միշտ իշխանության մսուրքին կպած են։ Ու անգամ կապ չունի՝ կոնկրետ բան շահում են՝ օգտվո՞ւմ են էդ մսուրքից, թե՞ ուղղակի հույս ունեն, որ մի օր օգտվելու են։ Երրորդ խումբն այս առաջին խմբերի ստեղծած ֆեյքերի բանակներն են։ Մի մարդը կարող է 50-100-200 ֆեյք պահել ու եթե մտնեն մեկի գրածի տակ, ասենք, 100 հատ քֆուր գրեն Վիտալի Բալասանյանի հասցեին, միամիտ մարդուն կարող է թվալ, թե՝ ամբողջ ազգը Վիտալի Բալասանյանի դեմ է։ Չորրորդ խումբ էլ կա՝ սրանք այն մարդիկ են, ովքեր կամ զահլա չունեն էս առաջին երեքի հետ վիճելու, կամ՝ վախենում են իրենց դեմ ուղղվի էս ոհմակը, կամ՝ անտարբեր են ու սպասում են, որ սրանք իրենք իրենց մարեն-մաշվեն։

Էս վերջին խումբն իմ կարծիքով ոչնչով չի տարբերվում էն առաջիններից։ Լուռ մասնակցությունը պակաս վատ բան չէ։ Պատմությունից մեզ հայտնի են տենց իրավիճակներ, երբ հասարակությանը թունավորում են, ագրեսիվ տգիտություն հրահրում, թշնամիների վրա քսի տալիս ու կողքից հրճվում, թե ոնց են զանգվածներն անում այն, ինչ իրենք ծրագրել էին։ Ինչը հիմա Նիկոլ Փաշինյանն է անում։ 

Հիմա, գեներալ ջան, պետք է նախ՝ ուժ ունենալ ու դիմանալ էս փուլին, որովհետեւ սա մեկ է՝ անցնելու է։ Հետո պետք է վստահ լինել, որ մենք ենք ճիշտ, այլ ոչ թե վայրահաչողներն ու նրանց կառավարողները։ Իսկ եթե կասկածներ ունես քո արածի-ասածի հետ կապված՝ լսիր ներքին ձայնիդ ու մի քանի հատուկենտ գրագետ, հայրենասեր մարդկանց, այլ ոչ թե սոցիալական ցանցերում աղմուկ անողներին։

Վարդան Մամիկոնյան