Ո՞վ է կազմակերպել Գորիսի փոխքաղաքապետի խոշտանգումը

Ո՞վ է կազմակերպել Գորիսի փոխքաղաքապետի խոշտանգումը

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի պաշտպանը հանցագործության մասին օրեր առաջ հաղորդում էր ներկայացրել՝ իր պաշտպանյալին խոշտանգման ենթարկելու դեպքի առթիվ։

Ըստ փաստաբանի` իր պաշտպանյալին Գորիսից բերել էին Երևան, Երեւանի փոխոստիկանապետի աշխատասենյակ, որտեղ նրան նվաստացրել էին, այդ ամենը տեսանկարահանել և տեսանյութը տարածել:

Իրավապահ համակարգի մեր աղբյուրները հայտնեցին, որ փոխքաղաքապետի նկատմամբ խոշտանգումը կազմակերպել է ՀՀ ԿԱ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ (օպերատիվ գծով) Արթուր Զաքարյանը:

Նույն աղբյուրները փոխանցում են, որ թեպետ Զաքարյանը նվաստացնողների շարքերում չի եղել, սակայն նա հրահանգավորել է խոշտանգողներին և տեսանկարահանել է ընթացքը։

Ողջ օրը մենք փորձեցինք կապ հաստատել Զաքարյանի հետ, սակայն նա անջատում էր հեռախոսը, կապի չկարողացանք դուրս գալ նաեւ Մենուա Հովսեփյանի հետ, նրա հեռախոսն էլ անջատված էր։ Գորիսի քաղաքապետ Առուշանյանը նրանից տեղեկություն չուներ։
Երեկոյան զրուցեցինք փոխքաղաքապետի պաշտպան Դավիթ Կարապետյանի հետ։

Նա, անդրադառնալով Արթուր Զաքարյանի վերաբերյալ մեր լուրին, ասաց. «Մենք այս պահին նման տվյալ չունենք, մենք բոլոր դեպքերում պարզելու էինք, հետաքրքիր ինֆորմացիա է...Մենք գնացել ենք Հատուկ քննչական ծառայություն բացատրություն տալու, ինքը բացարձակ չգիտի, բայց կոնկրետ նկարագրում է կաբինետը, բայց այս պահին չեմ կարող ասել, սակայն շատ հստակ ասաց....Նկարագրեց անձի դիմագծերը, բայց անուն-ազգանուն չգիտի»։

Նա փաստեց` խոշտանգումը նկարահանվել է, ավելին` մի քանի հոգու կողմից է նկարահանվել. «Անհասկանալի է մարդուն քննիչի մոտից տանել, հետո բերման ենթարկել, նվաստացումից հետո բերել էլի նույն քննիչի մոտ ու քննիչը հանգիստ, նորմալ...»:

Այն որ Սյունիքի դեպքերին հաջորդած բերման ենթարկվածները արժանացել են ամենադաժան վերաբերմունքի կասկածի տեղիք չի տալիս, այն որ Գորիսից Երևան բերելու ոչ մի հիմք ու առիթ չկար, քանի որ տեղում կան քննչական մարմիններ` ևս, բայց որ կարելի է մարդուն անհիմն բերել ու քննչականի պետի տեղակալի սենյակում ծեծ ու ջարդ իրականացնել՝ ուղղակի ապշեցնում է: Թե ում համար են նկարվել այդ սարսափելի տեսարանները, այդպես էլ գաղտիք է մնում: Հուսանք, որ տեսանյութը ի վերջո կհայտնվի իրական իրավապահների ձեռքում:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 20-ին և 21-ին Սյունիք կատարած այցի ընթացքում մարզի մի շարք համայնքներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնց առթիվ հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանության հոդվածներով։