Մայք Պոմպեոյի «հույսը»

Մայք Պոմպեոյի «հույսը»

Քաղաքականությունից, քաղաքական գիտությունից դժվար է գլուխ հանել։ Ես վաղուց անփարատ կասկածներ ունեմ, թե  դա նույնիսկ գիտություն է կամ գիտության ինքնուրույն բնագավառ։ Իմ կասկածները խորացան հատկապես 2018 թվականի ապրիլին տեղի ունեցածից հետո, երբ մի քանի օրվա ընթացքում հիմնավորապես քարուքանդ եղավ գոնե հայկական քաղաքագիտությունը, որովհետև պարզվեց, որ ոչ մի հայ քաղաքագետ, քաղաքական մեկնաբան կամ վերլուծաբան ապրիլյան իրադարձություններից նույնիսկ երկու օրվա «հեռավորության» վրա չէր կանխատեսել այն, ինչ տեղի պիտի ունենար։ Ամենայն հարգանքով բոլոր հայ քաղաքագետների և քաղաքական գործիչների հանդեպ՝ պիտի խոստովանեմ իմ այդ օրերի մեծագույն հիասթափությունը հայ քաղաքագիտական մտքից։ Եվ ոչ միայն հիասթափությունը, այլև կասկածը՝ արդյո՞ք կա այդպիսի գիտություն, եթե կա, ո՞րն է նրա գոյության իմաստը, նրա առաքելությունը․ մի՞թե այդ առաքելությունը կանխատեսումների հնարավորին չափով ռեալացման մեջ չէ, քան թե իրադարձությունները «իմաստուն» տեսքով քննելու ինքնագոհ կեցվածքի մեջ, երբ իրադարձություններն արդեն տեղի են ունեցել։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հոկտեմբերի 15-ի անդրադարձը Արցախյան հիմնախնդրին և ընդհանրապես հայ-ադրբեջանաթրքական ռազմական գործողություններին ինձ՝ իբրև քաղաքագիտական վերլուծությունների շարքային սպառողի, զարմացնում են ոչ այնքան ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերի անմեկնելի ցինիզմով, որքան արդեն հնչող պաշտոնական արձագանքներով։ Ես  այդ մարդու խոսքում ամենևին չեմ տեսնում հույսի այն նշույլը, որ տեսել է, օրինակ, Արցախի Հանրապետության արտգործնախարարը․ «Կիսում ենք պետքարտուղար Պոմպեոյի հույսն առ այն, որ հայերը կկարողանան պաշտպանվել այն ամենից, ինչ անում է Ադրբեջանը»: Եղբայր, այդ մարդը մեծահոգաբար մեր երկիրն ու ժողովրդին մենակ է թողել իր ռազմական դաշնակցի (Թուրքիայի) և վերջինիս հովանավորյալ Ադրբեջանի հրոսակախմբերի դեմ, դու սոսկ «կիսում» ես Պոմպեոյի հույսն առ այն, թե հայ ժողովուրդը կկարողանա պաշտպանվել նրանցից։

Եթե բանը հասել է հույսին, մենք ավելին ունենք, քան Պոմպեոն․ մենք հավատ ունենք, որ իսկապես կկարողանանք պաշտպանել մեզ ու մեր երկիրը, բայց որպեսզի մեր հավատն ամրանա, մեզ անհրաժեշտ են աշխարհի գերտերությունների գոնե արդարացի վերաբերմունքն ու համարժեք սատարող քայլերը մարդկությանը պատուհասած այս նոր աղետի դեմն առնելու համար, ոչ թե սոսկ քաղաքավարի քաջալերանքը։ Քաջալերանք, որ ընդամենը հնչել է պատահականորեն, որովհետև դրա ձևաչափը ոչ թե պաշտոնական ինչ-որ տեքստ է՝ հղված ԱՄՆ պետքարտուղարությունից, այլ լրագրողի հարցին տրված պատասխանը։ Իսկ այդ հարցը կարող էր նաև չտրվել, հետևաբար պատասխանն էլ կարող էր չհնչել, ուրեմն պատասխանն էլ պատահականության ոլորտից է՝ ընդամենը։

Ահա ինչո՛ւ դժվար է բան հասկանալ քաղաքականությունից և քաղաքական գիտությունից, որտեղ ավելի շատ պատահականություններն են «աշխատում», քան օրինաչափությունները։

ՀԳ․։ Քաղաքական գործիչների և, ընդհանրապես, քաղաքագետների մասին բարձր կարծիք չուներ, որքան էլ տարօրինակ է, աշխարհի մեծագույն քաղաքական գործիչներից մեկը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ու․ Չերչիլը։ Երբ նրան հարցրել են՝ ո՞վ է իսկական քաղաքական գործիչը, պատասխանել է՝ նա, ով կարողանում է կանխագուշակել, թե ինչ տեղի կունենա մեկ օր, մեկ ամիս անց։ Ապա ավելացրել է՝ ․․․ իսկ հետո մեկնաբանել, թե ինչո՛ւ դրանք, այնուամենայնիվ, տեղի չունեցան։ 

Սպասենք և հավատանք, որ Պոմպեոյի «հույսը»․․․ տեղի կունենա։