Հրաչյա Սարգսյանը փոփոխություններ է անում․ թիրախում՝ փոխքաղաքապետերն են

Հրաչյա Սարգսյանը փոփոխություններ է անում․ թիրախում՝ փոխքաղաքապետերն են

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կադրային փոփոխություններ է սկսել։
Օրեր առաջ Սարգսյանի որոշմամբ` պաշտոնից ազատվել էր փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը։

Ազատման հիմնավորման մեջ նշված է․ «Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Ս. Հարությունյանի դիմումը՝ Սերգեյ Հարությունյանին 2022 թվականի հունվարի 24-ից ազատել Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից»։

Նշենք, որ փոխքաղաքապետերի պաշտոնը հայեցողական է․ կա՛մ պետք է նրանց նոր քաղաքապետն ազատի աշխատանքից, կա՛մ էլ պետք է նույն պաշտոնում վերանշանակվեն։ Այս պահի դրութամբ դեռեւս միայն Հարությունյանի վերաբերյալ որոշում կա։

Հրաչյա Սարգսյանի մեկ այլ որոշմամբ՝  Գարիկ Բարսեղյան անունով անձը նշանակվել է քաղաքապետի խորհրդականի պաշտոնում։

Որոշման մեջ նշված է․ «Գարիկ Բարսեղյանին 2022 թվականի հունվարի 24-ից նշանակել Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնում։ Աշխատավարձը` ըստ հաստիքացուցակի, կազմում է 629.000 դրամ»։

Հրաչյա Սարգսյանը շարունակում է ազատումները։ Այսօր տեղեկացանք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանն է աշխատանքից ազատվել։  Վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։ Քաղաքապետարանի մեր աղբյուրները փոխանցեցին, որ Կարապետյանն ազատվել է աշխատանքից բարձրագույն ուսումնանական հաստատության համապատասխան դիպլոմ չունենալու պատճառով։ Նա դեռևս ուսանող է, մեր աղբյուրները փոխանցեցին, որ Կարապետյանը դիպլոմը կստանա մի քանի օրից, որից հետո էլ կվերանշանակվի նույն պաշտոնում։ Նա իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվ անդամներից է։

Սարգսյանի հաջորդ ազատումը վերաբերվում է փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ-Մելքոմյանին։ Նա թիմի ներսում համարվում է մարությանական կադր, նրա օրոք էլ ավագանու անդամի լիազորությունները վայր դնելուց հետո նշանակվեց փոխքաղաքապետ։
Մելքոմ Մելքոմյանն է հրաժարականի դիմումը ներկայացրել։

Դրա վերաբերյալ նա նշում է. «Վերջին երեք տարում, նախ որպես ավագանու անդամ, ապա՝ քաղաքապետի տեղակալ, իմ առավելագույն կարողությունները գործադրել եմ՝ արդարացնելու ինձ տրված մանդատն ու վստահությունը, և աշխատանքս կատարել եմ մեծ սիրով ու նվիրումով։ Հաջողությամբ իրականացված ծրագրերում անգնահատելի եմ համարում հատկապես ավագանու լավագույն գործընկերներիս ներդրումը, որոնցից ոմանք, ցավոք, վայր դրեցին մանդատները։
Խորապես ափսոսում եմ թե՛ դրա, թե՛ ինձ վստահված ոլորտներում կիսատ մնացող ծրագրերի ու բարեփոխումների համար։ Բայց իրերի այս դրության պայմաններում, Երևանի քաղաքապետարանում իմ հանրային ծառայության ավարտը համարում եմ տրամաբանական և օրինաչափ։
Շնորհակալ եմ Հայկ Մարությանին և բոլոր գործընկերներիս՝ վստահության ու համատեղ աշխատանքի, ընկերներիս՝ աջակցության և միասին երազելու համար»։

«Հրապարակ»-ի հետ զրույցում նախկին փոխքաղաքապետն ասաց, որ այլեւս ոչ ավագանու անդամ է, ոչ քաղաքապետի տեղակալ։ Նա հեռանում է քաղաքապետարանից։

ՀԳ. Նշենք, որ Հայկ Մարությանի գնալուց հետո մի քանի ավագանու անդամներ վայր դրեցին իրենց մանդատները, քաղաքապետարանի այլ աշխատակիցներ եւս լքեցին իրենց պաշտոնները։