ԱՄՆ-ի դժվարին ընտրությունը. Թրամփ vs Բայդեն

ԱՄՆ-ի դժվարին ընտրությունը. Թրամփ vs Բայդեն

Հայաստանում, կարծում եմ, շատերը կհասկանան, թե ինչ դժվարին ընտրության առջեւ է կանգնած միջին վիճակագրական ԱՄՆ քաղաքացին նոյեմբերի 3-ի նախագահական ընտրությունում, քանի որ համարյա նույնպիսի դժվարին ընտրության առջեւ կանգնած են եղել մտածելու ունակ բոլոր հայաստանցիները 2018-ի ՀՀ խորհրդարանական ընտրություններում: 

Բոլոր մտածող, հանգիստ, կայացած հայաստանցիները գիտակցում էին, որ ՀՀԿ-ականները ու տարբեր ժամանակներում ՀՀԿ-ի հետ կոալիցիաներում գտնվածներն այնպես են զզվեցրել ամենքին իրենց մակաբույծ էությամբ, տասնամյակներ շարունակ ընտրություններ կեղծելով, իրենք իրենց վերարտադրելով, հանրային կյանքը ճահճի վերածելով, որ ոչ ոք չէր ցանկանա նրանց դեմքերն անգամ նորից տեսնել: Մյուս կողմից էլ՝ իշխանության էր հավակնում 2018-ի մայիսին Փաշինյանի պարագլխությամբ իշխանություն զավթած փողոցային ամբոխը` որեւէ ամբոխից անօտարելի մոլագարությամբ, վրեժի ծարավով, անհատակ տգիտությամբ, կատարյալ անպատասխանատվությամբ, անհաղթահարելի բարդույթներով, ինչը երկիրն առաջնորդելու էր եւ առաջնորդեց դեպի այսօրվա պատերազմը, ավերածությունները, մահերը, համավարակի անվերահսկելիությունը, տնտեսականանկումը: 

Մեծ հաշվով, այսօր Հայաստանին վիճակվող հարվածները նախապատրաստել էին բոլոր նրանք, ովքեր 2018-ի խորհրդարանական ընտրություններում ձայն էին տվել կամ հետագայում կանգնել էին Փաշինյանի կողքին: 18-ի մայիսին Փաշինյանին ծափահարողները դեռ կարող էին ՀՀԿ-ի իշխանությունից ազատագրվելու աֆեկտի ներքո լինել, բայց աֆեկտի հոգեվիճակը չէր կարող ամիսներ տեւել: Հուսադրողը միայն այն է, որ հայաստանցիների, ինչպեսեւ ավելի վաղ` Երեւանի ավագանու ընտրություններում, երեւանցիների շուրջ 60%-ը չմասնակցեց ընտրություններին: Մարդիկ ուղղակի հրաժարվեցին ընտրել «ընդդեմ» սկզբունքով կամ «վատի ու վատթարի միջեւ»: 

Իհարկե, ամերիկացիներն առաջիկա նախագահական ընտրություններում շատ ավելի ընդունելի եւ արժանավոր թեկնածուների հետ գործ ունեն, քան հայաստանցիները 2018-ի դեկտեմբերին, բայց նրանց ընտրությունն էլ վերջնահաշվում «ընդդեմ» սկզբունքով է եւ որոշ առումով վատի ու վատթարի միջեւ է: 

Այսօր ամերիկյան որ հարցախույզն էլ նայես, համարյա բոլոր տատանվող (swing) նահանգներում, բացառությամբ 1-ի, փոխնախագահ Ջո Բայդենը վարկանիշով առաջ է Դոնալդ Թրամփից, իսկ երկրի մասշտաբով երկնիշ 11%-ի առավելություն ունի` Թրամփ 42% vs Բայդեն 53%: Ամերիկացի պատմաբաններն ու սոցիոլոգները նույնիսկ ամռանը մի պահ ասում էին, որ Ջոն Քենեդիից ի վեր չի պատահել այդքան բարձր վարկանիշով դեմոկրատ թեկնածու: Իհարկե, ոչ ոք չի կարծում, թե Ջո Բայդենն այնքան հմայիչ է, որքան ժամանակին Ջոն Քենեդին է եղել: Ոչ էլ Բայդենը նոր անձ է ամերիկյան քաղաքականությունում, որ ծանոթ գործիչներից հոգնած ու ձանձրացած մարդիկ շրջվեն դեպի նա:  Ոչ էլ Բայդենը քառասունքանի տարեկան է եւ իր հետ նոր սերունդ, հայացք, լուծումներ է բերում: Այդուհանդերձ, Բայդենը գոնե հարցախույզներում հաղթում է տարեսկզբից ի վեր: 
Ինչո՞ւմ է Բայդենի հաջողության գաղտնիքը: Անկասկած, Դոնալդ Թրամփի նախագահությունում: Եվ ոչ միայն այն ակներեւ հանգամանքին ի տես, որ Թրամփի ամենօրյա ռեժիմով ստերից, խեղկատակի արարքներից, բոլորի հետ առճակատումներից, ապագան անվերջ անցյալում տեսնելուց՝ դեմոկրատներից բացի, նաեւ անկուսակցական ընտրողներն են հիմնավորապես հոգնել: Եթե խնդիրը միայն Թրամփի հակոտնյա ընկալվելը լիներ, այլ դեմոկրատ թեկնածուներ էլ կարող էին այդ դերին հրաշալի համապատասխանել: 

Իրականում Դոնալդ Թրամփի նախագահությունը Բայդենին օգնեց ավելի խորը ու բարդ խնդիր լուծել, այն է` չեզոքացնել ու հաղթել ամեն կարգի հոսանքներին, աղանդներին, դրանց առաջնորդներին Դեմոկրատական կուսակցությունում` սոցիալիստներ, պրոգրեսիվներ, LGBT իրավունքի պաշտպաններ, լիբերտարիաններ եւ այլն: Բոլոր այդ հոսանքների ագրեսիվ առաջամարտիկները Թրամփի 2016-ի հաղթանակից հետո գիտակցեցին, որ իրենց հայացքները կարող են հետեւորդներ գեներացնել, բայց չեն կարող հասարակության մասշտաբով դրվածքներ, համոզմունքներ եւ նախընտրություններ փոխել: Իրենք փոքրամասնություններ են եւ այդպիսին էլ մնալու են: 

Ի վերջո, եթե չլիներ ամերիկյան հասարակության գրեթե վախը Դեմոկրատական կուսակցության ազատական խելահեղությունից, որի տարբեր հոսանքներն անհատի կամքը վեր են դասում արժեքներից էլ, ավանդույթներից էլ, հասարակությունից էլ, աստվածաշնչյան պատվիրաններից էլ, բազմաթիվ մարդիկ Թրամփի ընտրությունը չէին դիտի որպես Դեմոկրատների խելահեղությունը կանգնեցնելու ճանապարհ: 

Հասկանալի է, քաղաքական էսթաբլիշմենթի դեմ ըմբոստացած զանգվածը Թրամփին ընտրելու էր ամեն դեպքում, եւ հենց նրանք էլ Թրամփի համար ապահովեցին հաղթանակը: Բայց բազմաթիվ այլ, մտածելու ունակ մարդիկ էլ անտարբերությամբ կամ անգործությամբ չէին նպաստի Թրամփի հաղթանակին` անկարող լինելով կողմնորոշվել, թե երկու չարիքից որն է մեծ կամ փոքր` դեմոկրատների շարքերում վխտացող սոցիալիստներին, պրոգրեսիվներին, լիբերտարիաններին եւ այլոց Դեմոկրատական կուսակցության հաղթանակով քաջալերե՞լը, թե՞ նրանց սողացող ընթացքը դեպի իշխանություն թեկուզ Թրամփի ընտրությամբ կասեցնելը: 

2016-ի Թրամփի հաղթանակից չորս տարի անց դեմոկրատներն ակնհայտորեն գիտակցեցին, որ քաղաքական աղանդներով ու հոսանքներով` սոցիալիստ Սանդերսից ու պրոգրեսիվ Ուորենից մինչեւ միասեռական Փիթ Բուդըջիջ իրենք չեն կարող հասարակություն կոնսոլիդացնել: Հասարակությունը նախընտրում է ավելի հաստատուն, վստահելի եւ պահպանողական մեկին, ինչպիսին Ջո Բայդենն է, եւ ճանապարհ բացեցին նրա ներկուսակցական հաղթանակների համար:

Արդյունքում՝ Թրամփին ինչ թյուրիմացություն, տորիչելյան դատարկություն, պաթոլոգիկ ստախոս ու այլն համարենք, չենք կարող չընդունել, որ նրա 2016-ի հաղթանակն արգելակեց դեմոկրատների ընթացքը դեպի ազատական խելահեղություն: Ամերիկացիների գոնե մի սերնդի համար ծանոթ կյանքը, արժեքները, հաստատունությունն ապահովվեց` գերագույն դատարանից մինչեւ քաղաքական fan-club-ներ: Հենց այդ հասարակական կոնսենսուսը Դեմոկրատական կուսակցության առաջնագիծ բերեց չափավորական Բայդենին` ծայրահեղական ֆավորիտների փոխարեն: Այժմ էլ, մեծ հաշվով, ամերիկացիները փորձում են Բայդենին ընտրելով՝ Թրամփի դեստրուկտիվ դարձած ընթացքը կասեցնել:

Մնում է տեսնել՝ արդյոք այդ հաշվարկը Բայդենին կհասցնի՞ նաեւ Սպիտակ տուն, ինչպես հարցախույզներն են խոստանում: