«Գազպրոմ Արմենիա»-ն մինչև ապրիլի 14-ը անջատումներ չի անի

«Գազպրոմ Արմենիա»-ն մինչև ապրիլի 14-ը անջատումներ չի անի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ կոմունալները կարող են որոշ ժամանակ չվճարել, անջատումներ չեն լինի։ ՀԷՑ-ը արդեն նման հայտարարությամբ հանդես եկել է։ բայց դա չի նշանակում, որ բաժանորդների պարտքերը ներվում են, պարզապես ստեղծված ֆորս-մաժորային իրավիճակից ելնելով՝ բաժանորդները կարող են այս ամսվա իրենց վարձերը մի քանի օր ուշ վճարել՝ մինչև արտակարգ դրության ավարտը։

Hraparak.am-ը հետաքրքրվեց «Գազպրոմ Արմենիայից», թե իրենք ի՞նչ մոտեցում ունեն այս հարցում, արդյոք անջատումներ կատարվելո՞ւ են այն հասցեներում, որոնք գազի փետրվար ամսվա վարձը չեն վճարել, քանի որ տեղեկացանք՝ տեսուչներն այս օրերին շրջում են տներով և արձանագրում հաշվիչի ցուցմունքները։

«Հիմք ընդունելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարությունը առ այն, որ ստեղծված իրավիճակը խոչընդոտող ֆորս-մաժոր է ճանաչվել մատուցված ծառայությունների դիմաց վճարումներ  կատարելու համար՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մինչև ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված արտակարգ դրության ավարտը՝ ս.թ. ապրիլի 14-ը, ձեռնպահ կմնա բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը դադարեցնելու գործընթացից»,-ասացին մեզ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։