Ես երբեք ինձ այսքան անպաշտպան չեմ զգացել

Ես երբեք ինձ այսքան անպաշտպան չեմ զգացել

Շուրջ մեկուկես տարի է՝ Հաղարծինի դպրոցում լարված իրավիճակ է՝ կա՛մ ոստիկաններն են դպրոցում, կա՛մ ուսուցիչները՝ ոստիկանությունում։ Պատճառը տեխնոլոգիայի ուսուցչուհի Լուսինե Մանուկյանի՝ ոստիկանություն ներկայացրած բողոքն է, ըստ որի՝ տնօրեն Գոհար Թամամյանն «ուտում է» երեխաների հացը, աշխատակազմին թուղթ ու գրիչ չի տրամադրում, չարաշահում է պաշտոնեական դիրքը  եւ այլն։

«Ուսուցչուհին իր անձնական բողոքն է ներկայացրել»,- ասաց Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանը։ Դիլիջանի ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել, իսկ մեկ տարուց ավելի ձգվող հարցաքննություններն ու ոստիկանների այցերը խաթարել են դպրոցի բնականոն կյանքը։ Կրթության վարչության պատասխանատուի ասելով՝ դասերն իրենց հունով ընթանում են, եւ դպրոցի անդորրը չի խախտվել։

Մեզ դիմած ուսուցիչներն ասում էին, որ ամեն ինչ սկսվեց հեղափոխությունից հետո, երբ տնօրենի աթոռի վրա աչք ունեցողները սկսեցին պատվերով բողոք գրել Գոհար Թամամյանի դեմ։ Ըստ նրանց՝ պատվիրատուն Հաղարծինի վարչական ղեկավար Գեւորգ Թամրազյանն է, ով ամեն ինչ անում է կնոջը՝ Դիլիջանի 2-րդ դպրոցի դասվար Հերմինե Հովհաննիսյանին Հաղարծինի դպրոցի տնօրեն դարձնելու համար։

ԿՄՍ վարչության պատասխանատուն այդ մասին չխոսեց, ընդամենն ասաց, որ գործն իրավական դաշտում է, քննություն է ընթանում, ամեն ինչ կպարզվի քննությունից հետո։ 
«Մեկուկես տարի է՝ ստուգումներ են անում, ոստիկանները գալիս-գնում են, բայց ոչ մի չարաշահում չեն հայտնաբերել։ Ինչի այդքան դժվա՞ր է թալանը հայտնաբերելը, թե՞ այլ պատվերների են սպասում։ Մթնոլորտն այնքան լարված է, որ աշակերտներին է փոխանցվել, տնօրենը մի շարք հիվանդություններ է ձեռք բերել։ Չե՞ն հասկանում, որ մարդու կյանքի հետ են խաղում»,- ասաց մեզ դիմած ուսուցիչներից մեկը։

Մեկ այլ ուսուցչի կարծիքով էլ՝ գործի անհարկի ձգձգումն ինքնանպատակ չէ։ «Այնպես են անում, որ տնօրենը զզվի՝ ինքնակամ հեռանա։ Մի պահ եղավ, որ Թամամյանը թուլացավ, ուզում էր գնալ, մենք չթողեցինք։ Որեւէ փաստ չունեմ, որ փաստերով խոսեմ, բայց կարծում եմ՝ բողոք գրողները, որոնցից մեկը մեր դպրոցի տեխնոլոգիայի ուսուցչուհին է, մյուսը՝ երեւանաբնակ մի կին, շահադիտորեն են այդ քայլին գնում»։

«Ես երբեք մեր երկրում ինձ այսքան անպաշտպան չեմ զգացել․ ո՛չ վաստակ են հաշվի առնում, ո՛չ նվիրում, ո՛չ էլ սեռ ու տարիք»,- ասաց ուսուցիչը։ «Ես ոստիկաններին էլ եմ ասել․ ամեն դուրսպրծուկ կարող է բողոք գրի, դուք էլ գաք, մարդկանց սթրեսի ենթարկեք»։