Քաղտեխնոլոգիական սադրանք

Քաղտեխնոլոգիական սադրանք

Արցախի նախագահի ընտրություններից մեկ օր անց թեկնածուներից Մասիս Մայիլյանին բացահայտ աջակցող լրատվամիջոցը վերլուծական է հրապարակել, որտեղ Հայաստանի իշխանությունների նկատմամբ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի «լոյալ վերաբերմունքը» գնահատված է որպես «քաղաքական մարտավարություն»: Հեղինակն այնուհետեւ «անմեղ» հարցադրում է անում՝ «բայց դա նախկին համակարգի՞ մարտավարություն է, թե՞ ոչ» եւ բխեցնում. որ եթե դա նախկին համակարգի մարտավարությունն է, ապա կստացվի, որ երկրորդ փուլում այն ամբողջությամբ «կմոբիլիզացվի Հարությունյանի հաղթանակն ապահովելու համար»: Քվեարկությունից կարճ ժամանակ անց նման բազմաշերտ մեկնաբանություն հրապարակել՝ նշանակում է նախօրոք ունենալ նման մշակում: Այսինքն, Մասիս Մայիլյանի քարոզչությունն սպասարկող «ուղեղային կենտրոնը» նման պահեստային տարբերակ ունեցել է ի սկզբանե եւ գործի է դնում ընտրությունների երկրորդ փուլի մասին Արցախի ԿԸՀ պաշտոնական հայտարարությունից անմիջապես հետո: «Խաղի» իմաստը պարզ է՝ Արայիկ Հարությունյանին ներկայացնել որպես «նախկին համակարգի» ներկայացուցչի, իսկ նրա հաղթանակը՝ «տոտալ մոբիլիզացիայի» արդյունք: Սա քաղտեխնոլոգիական սադրանք է ոչ այնքան նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի, որքան՝ Արցախի դեմ առհասարակ: Ո՞վ է սադրանքի պատվիրատուն: Ու՞մ է ձեռնտու, որ այս ճգնաժամային իրավիճակում մենք հավելյալ, ընդ որում՝ բացարձակապես իրականության հետ աղերս չունեցող, խնդիրներ ունենանք Հայաստան-Արցախ հարաբերություններում: Մի՞թե ակնհայտ չէ, որ Արցախում այսպես կոչված «մոբիլիզացիոն ռեսուրսները» չեն աշխատում: Հակառակ դեպքում կունենայինք քվեարկության արդյունքների բոլորովին այլ պատկեր: Արայիկ Հարությունյանի ստացած քվեները նրա զուտ ձեռքբերումն է, որեւէ արտաքին գործոն այստեղ ներդրում չունի: Եւ երկրորդ փուլում նրա հաղթանակի գրավականն էլ ոչ թե նախկին համակարգի, այլ ներքին ռեսուրսների արդյունավետ համախմբումը կարող է լինել: Ինչ-որ մեկի քաղտեխնոլոգիական նախագիծը՝ կապված Մասիս Մայիլյանի հետ, ակնհայտորեն ձախողվել է: Դա մանրազնին վերլուծության թեմա է, որով պետք է զբաղվեն նրա թիմի «բազմագիտակները»: Եթե Մայիլյանը որոշել է մնալ քաղաքականության մեջ, ապագայում այդ վերլուծությունը նրան օգտակար կլինի: Ցավոք, ընտրվել է քվեարկության առաջին փուլում ամենաբարձր արդյունք արձանագրած մրցակցին անվանարկելու, նրա դեմ խարդավանքներ սադրելու ճանապարհը: Հայտնի խոսք է՝ ով պարտությունից դասեր չի քաղում, նա երբեք չի հաղթում: