Լոռու մարզում ինքնադատաստանները շարունակվում են

Լոռու մարզում ինքնադատաստանները շարունակվում են

Վերջին շրջանում հանցավորությունը Լոռու մարզում կրկին գլուխ է բարձրացնում։ Ինքնադատաստանը լայն տարածում ունի այստեղ։  Մարդիկ ոստիկանություն դիմելու փոխարեն նախընտրում են սեփական ուժերով պատժել իրենց նեղացնողներին։ Սակայն մասամբ պատճառը նաեւ այն է, որ ոստիկանությունը ոչինչ չի անում։ Հանցավոր վարք դրսեւորող մարդիկ անպատիժ ման են գալիս՝ տեռորի ու սարսափի մեջ պահելով մարզի բնակիչներին։ Ոմանք անգամ զուգահեռներ են անցկացնում Ճաճոյի Էդոյի ժամանակների հետ եւ նույնիսկ ասում են, որ Ճաճոյի Էդոն «ավելի զուսպ էր իրեն պահում», քան նորօրյա որոշ պսեւդոգողականներ։

Հոկտեմբերի 4-ին Միչուրինի 20 հասցեում տեղի ունեցած սպանությունների գործով եւս մեկ կալանավորված անձ կա։ Պարզվում է, որ սպանության մեջ մեղադրվողը՝ 46-ամյա Հակոբ Գրիգորյանը, որը նույն օրը ինքնախոստովանական ցուցմունքներ էր տվել, միայնակ չի գործել, այլ եղել է քրոջ որդու հետ՝ 39-ամյա Տիգրան Բարոյանի: Նա Ջիլիզայի անտառտնտեսության աշխատակից է։ Բարոյանը խոստովանել է, որ ինքնաձիգով կրակել է 2 անձանց ուղղությամբ ու դիմել փախուստի: Նրան հայտնաբերել են Լոռու ոստիկանները եւ բերման ենթարկել Բագրատաշենի անցակետից։ Իսկ Քննչական կոմիտեն երեկ հայտնեց․ «Հոկտեմբերի 11-ին հայտնաբերվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից եւս մեկը՝ Վանաձոր քաղաքի բնակիչ, ծնված 1980թ.: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն)»։

Հիշեցնենք․ Վանաձորում հոկտեմբերի 4-ին սպանվածները եղբայրներ Անդրանիկ եւ Դավիթ Օհանյաններն են եղել, 6 հոգու կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ են հասցված եղել, որոնցից մեկը՝ 30-ամյա Գոռ Գրիգորյանը, մահացել է հիվանդանոցում։
Իրավապահները դեպքի վայրից ոչ հեռու հայտնաբերել էին «Մակարով» ատրճանակ, պարկուճներ ու գնդակներ, դանակներ, թմրանյութ։

Սեփական աղբյուրից մեզ հայտնի դարձավ, որ արյունալի դեպքերը ոչ պակաս զարհուրելի նախապատմություն են ունեցել։ Սպանվածներն ու դանակահարվածները հանցավոր խմբի անդամներ էին, որոնք տեւական ժամանակ՝ գրեթե մեկ տարուց ավելի, Վանաձորում աչքի են ընկել տարբեր խուլիգանական արարքներով։ Անդրանիկ Օհանյանը՝ «Անդրուշիկ» անունով, նախկինում կրկնակի դատապարտված է եղել։ Մինչեւ ողբերգական հանգուցալուծումը, նրանք «Մերսեդես» մակնիշի մեքենա են փախցրել։ Մեքենայի վարորդին՝ 18-ամյա վանաձորցի ուսանող Գոռ Սամվելյանին, ծեծել են եւ ահաբեկել, խլել մեքենան։ Նա գլխի բազմաթիվ արյունահոսող վերքերով տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկաններին, սակայն, ասել է, որ բարձր տեղից է ընկել։ «Մերսեդեսը»՝ թալանված, համարները հանված, հայտնաբերվել է Բազում գյուղում։

Ամենաարտառոցը, սակայն, Միչուրինի փողոցի կիսանկուղում հնչած կրակոցների  դրդապատճառն է, որը, սակայն, կապ չունի այս դեպքերի հետ։ Փորձելով թմրանյութեր հայթայթել՝ Օհանյան եղբայրներն ու նրանց ընկերները դիմել են Վանաձոր քաղաքի բնակիչ Հակոբ Գրիգորյանին։

Հակոբ Գրիգորյանն առողջական խնդիրներ ունի եւ պարբերաբար թմրամիջոց է ստանում բուժհաստատությունից։ Քննությանը մոտ աղբյուրը տեղեկացնում է, որ Անդրուշիկը տղաների հետ թմրամիջոցներ է պահանջել Գրիգորյանից, որը հրաժարվել է կատարել տղաների պահանջը։ Նրան ահաբեկել են՝ ասելով, թե հակառակ դեպքում կբռնաբարեն քրոջը։ Ժամանակ անց Հակոբ Գրիգորյանը տուն է գնացել եւ քրոջը տեսել վատ վիճակում։ Մեր աղբյուրներն ասում են, որ քրոջը չեն բռնաբարել, սակայն վիրավորել են եւ նսեմացրել։ Տեղեկանալով այս մասին՝ Հակոբ Գրիգորյանը վերցրել է քրոջ որդուն եւ գնացել Միչուրինի փողոցի կիսանկուղը՝ Անդրուշիկին տեսնելու։ Ծագել է վիճաբանություն։ Հակոբ Գրիգորյանը ատրճանակն է գործի դրել, իսկ Տիգրան Բարոյանը գործել է դանակով։ Հակոբ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով՝ երկու կամ ավելի անձանց սպանություն եւ  ապօրինի կերպով հրազեն  ձեռք բերել-կրելը (ՀՀ քրօր․ 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով)։

Անցյալում հանցագործությունների «պրոֆիլակտիկա»՝ կանխարգելում, հասկացություն կար։ Հիմա անգամ կոնկրետ հանցագործությունները չեն պատժվում, մինչեւ արյուն չի հոսում, զոհեր չեն արձանագրվում։ Լոռվա ոստիկանությունը կոնկրետ մեղք ունի, որ բանը հասել է արյունահեղության, եւ մեղավորները պետք է պատասխան տան։