Քանի դեռ ուշ չէ

Մարդկային խելքը, փորձը, գիտելիքը, վերլուծական ունակությունները նրա համար են, որ մարդը կարողանա ոչ միայն կատարված իրադարձությունները պոստֆակտում արձանագրել, այլեւ առաջիկայում տեղի ունենալիքը կանխատեսել, ապագան պլանավորել, գիտակցել սեփական խոսքերի ու քայլերի հավանական հետեւանքները: Եթե քո 6-ամյա գործունեության ընթացքում արված քայլերի, ասված խոսքերի արդյունքում քո կառավարմանը հանձնված երկիրն ու հասարակությունը մեծ, անդառնալի վնասներ են կրել, պետք է ինչ-որ պահի գիտակցած լինեիր, որ նման կերպ շարունակվել չի կարող: Պետք է տարիներ առաջ վերանայած լինեիր քո վարքն ու խոսքը: Ավելին` եթե դու նախորդ «մերժված» իշխանություններից ստացել ես մի քանի անգամ ավելի մեծ ու բարեկեցիկ երկիր եւ հիմա քո հաջորդին ես հանձնելու չափերով փոքրացած, խնդիրները մեծացրած մի պետություն, պետք է գիտակցես քո մեղքի ահռելի բաժինը, որքան էլ դա դժվար լինի: Որքան էլ հրապարակավ փորձես համոզել մեզ ու ինքդ քեզ, որ քո մեղքը փոքր է կամ չկա, որ բոլորը մեղավոր են, բացի քեզնից, հոգուդ խորքում պետք է հասկանայիր, որ այդպես չէ` տվյալ պահի քաղաքական իշխանությունն է կատարվածի մեղավորը:
Եվ այն, որ մեր հասարակությունն այսօր նման նյարդային վիճակում է, հուսահատ է, դժբախտ, չարացած, հայհոյող, կռվարար, նույնպես քո մեղքն է: Եվ այն, որ քո եւ քո ընտանիքի յուրաքանչյուր քայլ, անգամ` ամենադրական ու անմեղ, նման քննադատության է արժանանում եւ մերժվում, որ քո արարքներն ու անգամ արտաքինը ծաղրի են ենթարկվում, հենց այդ ավերածությունների, կորուստների հետեւանքն է: Մարդիկ իրենց ցասումն արտահայտելու ձեւեր են փնտրում: Տարրական խելք, վերլուծելու կարողություն ունեցող ղեկավարը կհասկանար, որ եկել է հեռանալու ժամանակը, քանի դեռ ուշ չէ:
Կարծիքներ