Ի՞նչ կլինի դպրոցների վիճակը, եթե 35 հոգանոց դասարանը բաժանվի 3 մասի

Ի՞նչ կլինի դպրոցների վիճակը, եթե 35 հոգանոց դասարանը բաժանվի 3 մասի

«Ի՞նչ պետք է լինի դպրոցների վիճակը, եթե դիցուք 35 հոգանոց դասարանը բաժանվի 3 մասի՝ 10-10 հոգանոց խմբերի։ Ըստ այդմ, այստեղ 2-3 հերթանոց դասեր պետք է լինեն եւ ուսուցիչն էլ 3 անգամ ավել ծանրաբեռնվի մեկ դասարանում, եւ արդյոք վճարվելո՞ւ է դրա դիմաց, թե՞ ոչ։ Բացի այդ կա նաեւ դասարանային խնդիր, օրինակ 300 ու ավել աշակերտ ունեցող դպրոցներում ի՞նչ խնդիրներ կլինեն։ Ինչպե՞ս պետք է այդ դպրոցներում կազմակերպվի կրթությունը։ Ունե՞նք արդյոք ուսուցիչների այդքան բազա։ Եթե մենք բաժանում ենք անգամ հերթերի, դասարանների քանակը ավելի մեծանում է եւ արդյունքում դուրս է գալիս, որ ուսուցիչը կամ 24 ժամյա ծանրաբեռնվածություն պետք է ունենա, կամ մենք պետք է հավելյալ ուսուցիչներ ներգրավվենք, որպեսզի կարողանանք գոնե 2-3 հերթով այս դպրոցներում կազակերպել կրթությունը։ Սա, միանշանակ հաշվի առնված չէ»,-այսպիսի տեսակետ այսօր արտահայտեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ «Հոդված 3» ակումբի կազմակերպած «Դասերը՝ օֆլայն. սովորողները կհաճախեն դպրոց» թեմայով տեսաքննարկման ժամանակ:  

Պատգամավորն ասում է՝ ինչքան էլ իրեն համոզեն, որ հարցը ուսումնասիրվել է եւ ըստ դրա է պարետատունը որոշում կայացրել, ինքը կարծում է, որ հարցը ուսումնասիրված չէ եւ մեր երկրի կրթական խնդիրները հաշվի առնված չեն նման որոշում կայացնելուց առաջ, իսկ այդ խնդիրները բազմաբնույթ եւ բազմազան են։ 

Հովսեփյանը կողմ է, որ մինչեւ 200 հոգանոց դպրոցները բացվեն, բայց․ «Գրեթե բոլոր դպրոցները տարիների անուշադրության պատճառով ծանր ֆիզիկական պայմաններ ունեն եւ այս դպրոցները չունեն նաեւ ֆինանսներ, որպեսզի կարողանան ապահովել ախտահանումը եւ մնացած պայմանները։ Այս առումով էլ այդ դպրոցներն են ռիսկային դառնում եւ եթե պետությունը իր վրա չի վերցնելու այս ամբողջական բեռը, ապա դպրոցը չի ունենալու այդ ֆինանսավորումը։ Եվ այդ փոքր դպրոցները՝ կամ ուսուցչի, կամ ծնողի, կամ տնօրենի գրպանի հաշվին պետք է այդ հարցը լուծեն։ Այս խնդիրները քննարկված չեն։ Հետո որքա՞ն է վճարվելու ուսուցիչը, եթե նույն դասարանում 3 անգամ պարապի, ի՞նչ գումարների հաշվին պետք է վճարվի, դպրո՞ցը պետք է վճարի, որ չունի այդ գումարը, թե՞ պետք է պետությունը հավելյալ հատկացումներ անի, սրանք հարցեր են, որոնք ի սկզբանե մինչեւ որոշումը պետք է ունենայինք՝ հետո նոր որոշում կայացվեր։ Արագ- արագ, իմիջայլոց կրթություն ենք կազմակերպելու, որը ավելի վատ հետեւանք ունենա, քան կարող էինք հեռավարի հնարավորությունները մի նոր որակական մակարդակի վրա բերել»,-ընդգծում է Ս․ Հովսեփյանը։