Ինչի համար են հեռախոսները գաղտնալսող ծրագրերը

Ինչի համար են հեռախոսները գաղտնալսող ծրագրերը

Միացյալ Նահանգներում կիբերանվտանգության մասնագետներն ապացուցել են, որ կա հատուկ ծրագիր, որով գաղտնալսում են հեռախոսներն ու մյուս գաջեթները՝ հետագայում այդ գաղտնալսված տեղեկատվության հիման վրա անհատականացված գովազդ օգտատերերին ներկայացնելու համար։ Իրականացված հետաքննությունը հրապարակել է «404 Media» պարբերականը։ Համաձայն հրապարակման, ծրագիրը մշակվել է ամերիկյան Cox Media Group (CMG) ընկերության կողմից։ Այն նախատեսված է գովազդային արշավների կարգավորումներն ապահովելու համար։ Պարզվել է, որ ընկերության հաճախորդների թվում են՝ Amazon, Google, Meta եւ այլ գերխոշոր տեխնոլոգիական ընկերություններ։ Ծրագրի մասին առաջին անգամ հայտնի է դարձել անցյալ տարվա վերջին, իսկ այս տարվա ամռանն արդեն հետաքննությունը պարզել է դրա էությունը։

Ծրագիրը կոչվում է «Ակտիվ գաղտնալսում» (Active Listening): Այն կարող է գաղտնալսել հեռախոսներ եւ այլ գաջեթներ՝ տվյալները արձանագրելով իրական ժամանակում։ Հավաքված տեղեկությունները ծրագիրը համախմբում է վարքագծային տվյալների հետ՝ գովազդային արշավների ավելի թիրախային կարգավորումներ իրականացնելու համար։ Միաժամանակ նաեւ, արհեստական բանականության օգնությամբ ծրագիրը կարող է վերլուծել օգտատիրոջ համացանցային վարքագծային հետքը։ Այլ մանրամասներ հետաքննության մեջ չի հրապարակված, սակայն նշված է, որ օրական 100 դոլար վճարի դեպքում ծրագիրը կարող է տվյալներ հավաքել 15 կմ շառավղով գտնվող օգտատերերի մասին, 200 դոլարի դիմաց շառավիղը ընդլայնվում է մինչեւ 35 կմ։