«Ժողովուրդ». Գլխավոր դատախազի լիազորությունները սահմանափակում են. նոր նախագիծ

«Ժողովուրդ». Գլխավոր դատախազի լիազորությունները սահմանափակում են. նոր նախագիծ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հատուկ քննչական ծառայությունն ու Արդարադատության նախարարությունը համատեղ հանդես են եկել «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ: Նախագծով, ըստ էության, առաջարկ է արվում սահմանափակել ՀՀ գլխավոր դատախազի լիազորության շրջանակները:

Առաջարկվում է, որպեսզի նախաքննությունը՝ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործությունների հետ կապված, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149, 150, 1541, 1542, 1549, 310.1, 314.2, 314.3 հոդվածներով, իրականացնեն ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչները:

Այսպիսով, հստակ ամրագրվելու է, թե որ գործերով է նախաքննություն իրականացնելու ՀՔԾ-ն: Բանն այն է, որ օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությունը սահմանում է, որ անհրաժեշտության դեպքում գլխավոր դատախազը կարող է քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցնել եւ Հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնել քրեական գործեր:

Եվ, օրինակ, 2015-2018թթ. ընկած ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազի հատուկ հանձնարարությամբ ՀՔԾ է ուղարկվել շուրջ 400 քրեական գործ, որը կազմում է նշված ժամանակահատվածում քննված գործերի շուրջ 20%-ը:

Այսինքն՝ ըստ էության, գլխավոր դատախազի որոշումների հետեւանքով բարդանում էր քննիչների աշխատանքը: Եվ, ահա, այսպես փորձ է արվում թեթեւացնել եւ հստակեցնել ՀՔԾ-ի գործառույթները, իսկ դատախազն էլ միայն սահմանափակ դեպքերում կարող է որոշ գործեր ՀՔԾ վարույթ ուղարկելու որոշումներ կայացնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում