Ադրբեջանից՝ Վանեցյանի հրաժարականի մասին

Ադրբեջանից՝ Վանեցյանի հրաժարականի մասին

Բնական է, որ Ադրբեջանում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը փորձագիտական հանրության ուշադրության կենտրոնում է: Անսպասելին լրատվամիջոցներից մեկի այն մեկնաբանությունն է, թե հրաժարականը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Հայաստանից Ադրբեջանի հասցեին «կրկին սպառնալիքներ են հնչում թիկունքում քաոս ստեղծելու մասին»: 

Հեղինակն առանձնակի  ուշադրություն է դարձնում Հայաստանի եւ Իրանի հատուկ ծառայությունների «սերտ համագործակցության փաստին» եւ դրանից բխեցնում, որ «Արթուր Վանեցյանը, քաջ գիտակցելով, թե ինչ վտանգավոր խաղեր է ծրագրում «հեղափոխական իշխանությունը» պարզապես որոշել է փրկել իրեն, քանի դեռ գործը չի հասել «սեւ ցուցակներին» անհատական պատժամիջոցներին եւ ինչ-որ տեղ երրորդ երկրում ձերբակալվելու վտանգին»՝ ընդհանրացնելով, թե «դա արդեն Հայաստանի ներքին գործը չէ, այլ ահաբեկչական տագնապի ահազանգ նրա բոլոր հարեւանների համար»:

Հակառակորդ երկրում, ինչ խոսք, Հայաստանի ԱԱԾ տնօրենի հրաժարականը կարող է տագնապ առաջացնել: Երեւում է, Ադրբեջանում հասկանում են, որ տարածաշրջանում վերածվել են թիրախի՝ հարեւան երկրների նկատմամբ թշնամական կանխածրագրումների պատճառով եւ սպասում են հակահարվածի: Բայց ի՞նչ կապ ունի այդ իրավիճակի հետ Հայաստանը: Մի՞թե Երեւանից են պարտադրել, որ Բաքուն ԱԹՍ-ներ օգտագործի Իրաքի ազգային ինքնապաշտպանության ուժերի դեմ կամ իսրայելական հատուկ ծառայություններին հակաիրանական գործողություններում օժանդակություն ցուցաբերի: Տպավորություն է, որ խճճվելով արտաքին քաղաքականության մեջ՝ Ալիեւի վարչախումբը պարզապես աղերսանքի ուղերձն է հղում Միացյալ Նահանգներին, որպեսզի վերջինս երաշխավորի նավթագազային ենթակառուցվածքների անվտանգությունը: Հայաստանի ԱԱԾ տնօրենի հրաժարականին աշխարհաքաղաքական ենթատեքստ հաղորդելու ադրբեջանական քարոզչությունը միայն Ալիեւի այդ շփոթվածության վկայությունն է: