«Հրապարակ». Շիրակի մարզի դատախազը կռիվների մեջ էր ընդդիմադիրների հետ

«Հրապարակ». Շիրակի մարզի դատախազը կռիվների մեջ էր ընդդիմադիրների հետ

Երեկ կեսօրից հետո հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պաշտոնից ազատել է Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանին։ Նշվում է, որ պաշտոնից ազատման հիմքը Գրիգորյանի դիմումն է, սակայն Գյումրիում ոչ ոք չի հավատում, որ Գուգոն իր ցանկությամբ է հեռացել։ Բանն այն է, որ նա բավականին լարված հարաբերություններ ուներ Գյումրու ընդդիմադիր գործիչների հետ, բազմաթիվ քրեական գործեր էր հարուցել նրանց դեմ, իսկ վերջիններս էլ պարբերաբար դիմում-բողոքներ էին գրում նրա դեմ եւ այժմ վստահ են, որ հենց իրենց բողոքներն են դարձել Գրիգորյանի պաշտոնանկության պատճառը։ 

Դատախազ-ընդդիմադիր գործիչներ հակամարտությունը թեժ էր եւ երբեմն հասնում էր զավեշտի։ Երեկ, օրինակ, որպես վկա՝ հարցաքննության էին կանչել Գյումրու բնակիչ, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գրասենյակի ղեկավար Լիլիթ Աղեկյանին։ Լիլիթի ծանուցագիրը տարել են երեք ոստիկան, որ նա տարբերակ չունենա չծանուցվելու։ Երբ «վկան» զանգել է քննիչին՝ հարցնելով, թե որ գործով պետք է վկայություն տա, նրան պատասխանել են․ «Մարզի դատախազի մասին կարծիք կամ հավանության նշան դնելու համար՝ ֆեյսբուքյան գրառումներում, Դուք վկայի կարգավիճակով հրավիրվում եք հարցաքննության»։ «Ասի՝ չհասկացա, էս 37 թի՞վն է, արդեն լայքի, դիսլայքի, կարծիքի համար պիտի գամ հարցաքննությա՞ն, էհ, կգամ, ի՞նչ է եղել»,-  պատմում է Լիլիթը, որն իր հարցաքննությունը կապում է Գրիգորյանի պաշտոնանկության հետ։ 
Նա գնացել է ոստիկանություն եւ պարզել, որ իրեն կանչել են «էշ Գուգո» բառակապակցությանն արձագանքելու համար։ «Ընկերներիցս մեկը գրել էր նրա մասին «էշ Գուգո», ես էլ հարց էի տվել, թե ինչի՞ էշ»։ 

Քննչականում, ըստ Աղեկյանի, իր եւ քննիչի միջեւ հետաքրքիր երկխոսություն է տեղի ունեցել։  

Քննիչ - Դուք մարզի դատախազին ասել եք էշ։

Լիլիթ - Չեմ ասել, մեկը գրել էր՝ էշ Գուգո, ես հարց եմ տվել՝ ինչի՞ էշ։ 

Քննիչ - Դուք դիտավորությամբ եք իրեն էշ ասել։

Լիլիթ - Ոչ, ելնելով իմ ու իր մեջ երկու տարվա դիմում-բողոքական էպիստոլյար առնչություններից՝ ես տրամաբանական կապ եմ տեսել իր մականվան եւ պատասխանների մեջ։ Ինքը պրետենզիա ունի իր մականվան հետ կապված՝ թող գնա իր համագյուղացիների հետ պարզի։ Հայաստանում ամեն մեկը մականուն ունի, մեկին էշ Մանուկ են ասում, մյուսին՝ էշ Գուգո, բա չիմանա՞նք՝ ինչի համար։ Մեկ է, այդ անունն անջնջելի է։ 

«Քննիչն այստեղ բլավ»,- մեզ պատմում է Լիլիթը։ Իսկ մարզի դատախազին իր գրառման մեջ «էշ Գուգո» անվանողն ընդդիմադիր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն է եղել։ «Ինքն ասել է, որ իրեն էշ անվանելով, ես իր վրա հոգեբանական բռնություն եմ իրականացնում։ Ինքն ասել էր՝ ես չեմ կարողանում աշխատել, որովհետեւ ինքն ինձ էշ է ասում։ Ու այդպես սկսել են մարդկանց հրավիրել հարցաքննությունների, ովքեր որ գրառման տակ հավանության նշան էին դրել։ Այդ ամենը խայտառակություն է, 37 թիվ»,- մեզ պատմում է Կարապետ Պողոսյանը։ 

Նրա դեմ մի քանի վարույթ կա հարուցված։ Կարոն համարում է, որ ինքն արդեն 4 տարուց ավելի է՝ Գյումրու ամենաակտիվ ընդդիմադիրն է, եւ մարտ ամսից տարբեր քրեական գործեր իր դեմ հարուցելով՝ Գուրգեն Գրիգորյանն իր նկատմամբ պատժիչ գործողություններ է իրականացրել։ Է՛լ բռնությամբ ոստիկանություն տանել, է՛լ փռել ասֆալտին, է՛լ թեւը կոտրել՝ ինչեր ասես չի տեսել Կարոն Շիրակի մարզի իրավապահներից։ 

«Նա փորձել է նաեւ ինձ վրա քաղաքացիական անձանց միջոցով ճնշում գործադրել, որ ես իրեն հանկարծ չկպնեմ, ես էլ դիմեցի ԱԱԾ»,- ասում է Կարապետ Պողոսյանը եւ վստահեցնում՝ վաղուց գիտեր Գրիգորյանի մոտալուտ պաշտոնանկության մասին, որովհետեւ իր բողոքի հիման վրա ծառայողական քննություն էին նշանակել։